ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Oրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեում որքան անձ կարող է հաշվառվել

Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 քաղաքացիներից 14 հազար 653–ը ՀՀ քաղաքացիներ չեն։ Նրանց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, բայց կան նաև այլ պետությունների՝ օրինակ Հնդկաստանի քաղաքացիներ։ ՏԻՄ ընտրություններին նրանց մասնակցությունը նախընտրական շրջանում քննարկվող հիմնական հարցերից էր, իսկ վերջին օրերին քննարկումների առարկա էին նաև նույն հասցեում մի քանի տասնյակ անձանց, հիմնականում օտարերկրացիների հաշվառման մասին փաստերը։ Ոստիկանության ու ԿԸՀ–ի ներկայացուցիչներն այսօր պարզաբանումներ են ներկայացրել։

Մալաթիա –Սեբաստիա համայքնում գտնվող 7/5 ընտատեղամասի ցուցակները համացանցային քննարկումների առարկա դարձան այն պատճառով, որ դրանցում ընդգրկված հասցեներից միայն մեկում հաշվառված էր 87 անձ, մեծ մասը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

ԿԸՀ–ն նաև ահազանգ էր ստացել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից։ Նրանք նշել էին, որ թեև ընտրելու իրավունք ունեն, բայց քանի որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, չեն կարողանում լիարժեք մասնակցել քվեարկությանը: Այցելելով այս ընտրատեղամաս՝ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք  օտարերկրացիներ քվեարկել են և արդյոք ծագել են խնդիրներ։

ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և քվեաթերթիկն ընտրելիս առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ: 

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակին և դրանցում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թվին, ապա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նախ տեղեկացնում է՝ ցուցակները հրապարակվել են երկու անգամ։ Ըստ դրանց վերջնական՝ սեպտեմբերի 9 –ի տարբերակի, Երևանում  ընտողների թիվը 824 250 է։ Ընտրացուցակներում 381անճշտություն է հայտնաբերել՝ ասում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը,  229–ի դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։

«Նմանատիպ դեպքեր կարող ենք ունենալ հետևյալ դեպքում, եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխությունից հետո անհրաժեշտ է, որ հարազատներն այստեղ մահվան վկայական ստանան։ Այդ վկայականը ստանալու դեպքում անճշտություններ չեն լինում, սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորությունն իրականացնում, բայց մահվան վկայականը ձեռք չեն բերում»,— նշում է Ղազարյանը։

824 250-ից Հայաստանի քաղաքացի չեն 14 653-ը: Նրանցից 11 890-ը Ռուսաստանի Դաշնության, իսկ 89-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են։ Կան այլ երկրների քաղաքացիներ ևս։ Անդրադառնալով շատ քննարկվող  հարցին՝ Արմեն Ղազարյանը մանրամասնում է՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներին ընտրելու իրավունք տվող օրենսդրական նորմն Ընտրական օրենսգրքում ներառվել է 2007թվականին՝ 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո։ Ղազարյանի խոսքով՝  Երևանի ավագանու նախորդ ընտրություններին՝ 2018 թվականին, 840 հազար 602 ընտրողներից ՀՀ քաղաքացիներ չեն եղել 7741–ը։

Արմեն Ղազարյանը հստակեցնում է նաև որևէ հասցեում հաշվառման իրավական կարգավորումները։ Անհրաժեշտ պայմանները երկուսն են՝ սեփականատիրոջ համաձայնությունը, իսկ փաստացի հաշվառման պարագայում՝ ոստիկանության կողմից տրված տեղեկանքը։ Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե այս կամ այն հասցեում քանի անձ կարող է հաշվառված լինել՝ ասում է Ղազարյանը։

«Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնություն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել», – ասում է Ղազարյանը։

Back to top button