ԿարևորՀասարակություն

«Եվրոռեմոնտ» Երևանում․ խոստումներն ու դրանք կատարողները․ 6-րդ քվեաթերթիկ

Երևանի ավագանու ընտրություններին Տիգրան Խզմալյանի ղեկավարած թիմը՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» Երևանում ամեն բան եվրոպական դարձնելու խոստումով է ներկայանում։ Ասում են՝ քաղաքում «եվրանորոգում» է արվելու, որը բոլոր խնդիրներին ոչ թե կոսմետիկ, այլ հիմնային լուծում է տալու։

«Ռադիոլուրի»՝ ընտրարշավի մասնակիցների հերթական անդրադարձը 6-րդ քվեաթերթիկին է։

«Չեք հավատա, բայց հենց հիմա մենք նորոգում ենք անում, և երկու բանվորները, որոնք Մարալիկից են եկել այստեղ, ակամա ներկա են լինում մեր աշխատանքին, երեկ չէ, առաջին օրը մոտեցան, ասացին՝ սուրճ խմենք միասին, բան ունենք ասելու»։

Վերանորոգում իրականացնող վարպետներից «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը սպասում էր լսել ցանկացած բան, բայց ոչ սա․

«Պարզվեց՝ իրենք որոշեցին անդամակցել կուսակցությանը։ Իրենց դուր եկավ, իրենք ընդամենը աշխատանք էին կատարում և լսում էին՝ ինչպես ենք մենք աշխատում, ինչ ենք ասում, ինչպես ենք վիճում և այլն։ Եվ հիմա մենք ունենք կուսակցության ևս 2 անդամ։ Ահա ձեզ օրինակ՝ ինչպես են մարդիկ դառնում մեր կուսակցության անդամ»։

Այս պատմությամբ է սկսվում քաղաքապետի թեկնածու, «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք Հայաստանի և Երևանի եվրառեմոնտ» կարգախոսով ներկայացող Տիգրան Խզմալյանի հետ զրույցը, որին «Ռադիոլուրը» խնդրել էր ներկայացնել՝ ովքեր են ավագանու անդամի իրենց թեկնածուները․

«Մեր թիմը քաղաքական թիմ է, այնտեղ կան ճարտարագետներ, ինժեներներ և ճարտարապետներ, կան դերասաններ և պրոդյուսերներ, բժիշկներ և բուժքույրեր, պարզապես կաֆել դնող բանվոր և տպարանի աշխատող, ուսուցիչներ և լրագրողներ, գրեթե բոլոր սոցիալական շերտերից մարդիկ կան, տան տնտեսուհիներ և գիտական կոչում ունեցող մարդիկ, պատմաբաններ, ֆիզիկոսներ և բանասերներ։ Կարևորը՝ տեսնել, որ հասարակությունը ներկայացված է մեր թիմում»։

Սակայն ավագանու ընտրություններին ամենափոքր թիմերից մեկով ներկայացող կուսակցության ցուցակում պատկերն այսքան խոսուն չէ․առաջադրված 24 թեկնածուներից 13-ը գործազուրկ է։ Թեև Տիգրան Խզմալյանը ներկայացված է որպես կուսակցության նախագահ, ասում է, իր անվան կողքը ևս կարող էր լինել «չի աշխատում» գրությունը․

«Սկսեմ ինձնից․ ես չգիտեմ՝ ինչ գրեմ, որովհետև կուսակցության նախագահը մասնագիտություն չէ։ Ես չեմ աշխատում, ցավոք սրտի, դա ինձնից անկախ է, որովհետև ինձ հեռացրել են սկզբից կիոնստուդիայի տնօրենի պաշտոնից, որտեղ ես 8.5 տարի աշխատում էի՝ գլխավորելով հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, դրանից հետո ես վերադարձա իմ նախորդ մասնագիտությանը, ես բանասեր եմ, լեզվաբան, աշխատում էի համալսարանում, դասավանդում էի, ինձ այնտեղից էլ հեռացրին։ Անցա Սլավոնական համալսարանում ռեժիսուրա դասավանդելուն, իմ երրորդ մասնագիտությանը, այնտեղից էլ ինձ հեռացրին»։

Այսպիսով, ասում է, կարևորը ոչ թե այս պահի զբաղվածությունն է, այլ գաղափարը, որով առաջնորդվում են։ Կուսակցությունը վստահ է՝ Հայաստանն ու բնականաբար նաև Երևանը կանգնած են համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխության շեմին․ իրենք մտադիր են նախապատրաստել քաղաքն ու երկիրը եվրաինտեգրմանը․

«Որքան էլ տարօրինակ է՝ քաղաքային ընտրությունները, հատկապես հիմա, կրում են խիստ քաղաքական բնույթ։ Աշխարհաքաղաքական և, հատկապես, քաղաքակրթական, բարոյական հարցերը մարդկանց շատ ավելի են հուզում, քան աղբահանությունը, թեև մենք բացարձակապես չենք պատրաստվում բացերը, խնդիրները կոծկել, սվաղել ամպագոռգոռ բաներով։ Դրանք տարբեր գործառույթներ են»։

Թիմի ծրագրային բոլոր լուծումները, եթե նույնիսկ վերաբերում են աղբահանությանը, կանաչապատմանը, բակային տարածքների բարեկարգմանը և այլ՝ քաղաքային ընտրությունների «սովորական» խնդիրներին, «եվրոպական» շեշտադրում ունեն։ Խզմալյանն ասում է՝ «եվրառեմոնտը», որ խոստանում են իրենք, չի կարող վերաբերել ասենք միայն տանիքին կամ հատակին, այն ավելի խորն է, համակարգային․

«Ամենակարևոր ու սուր հարցն է կադրային հարցը, և մենք պատկերացում ունենք կադրային խորագույն փոփոխություններ անելու համար։ Անհրաժեշտ է մենեջերների թիմ՝ ղեկավարելու համար այն քաղաքը, որ երկրի կեսից ավելին է կլանել իր մեջ բնակչության, տնտեսական զարգացման առումով, մեր դեպքում՝ ճգնաժամային մենեջերների։ Պետք է հրավիրենք արտասահմանից հայորդիներին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ստացել են փայլուն կրթություն ամենատարբեր ոլորտներում՝ կանաչապատում, քաղաքաշինություն, դատական համակարգ, բոլոր բյուրոկրատական հարցերի լուծում, տրանսպորտի կարգավորում»։

Ծրագրային քայլերից երկրորդը «Հայաստանի եվրոպական կուսակցության» համար տնտեսության գույքագրումն է և միջազգային աուդիտի կազմակերպումը։ Երրորդ քայլով կուսակցությունը պլանավորում է գաղտնազերծել և հանրայնացնել Երևանի գլխավոր հատակագիծը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ամենաէժան ու արդյունավետ լուծում։ Առաջնահերթություններից մեկն էլ Երևանի քաոտիկ կառուցապատմանը վերջ տալն է․

«Երևանը պետք է փակել։ Այն դարձել է ոչ թե մայրաքաղաք, այլ խորթ մայր, որը կլանում է իր մեջ մեր հայրենիքի և հատկապես մեր արբանյակ քաղաքների ամբողջ բանվորական ուժը, էներգիան, գումարները, մինչդեռ մայրաքաղաքը պետք է բաշխի, բաժանի, օգնի։ Երևանը պետք է փակվի կապիտալ շինարարության համար»։

Կառուցել գործարան, աղբի մի մասը՝ վերամշակել, մյուս մասն այրել այնպես, որ էներգիան միանա Երևանի էներգետիկ համակարգին, յուրաքանչյուր թաղամասում ունենալ քաղաքը քաղաք դարձնող երեք գլխավոր ինստիտուտները՝ դպրոց, բուժհիմնարկ, թատրոն, հեղափոխական փոփոխություն անել տրանսպորտի ոլորտում՝ կառուցելով վերգետնյա մետրո։ Խզմալյանը պատմում է, թե ինչ գումարներով է պատրաստվում սա անել կուսակցությունը ընտրվելու դեպքում․

«Մետրոյի այդ հեղափոխական նախագծի իրականացման համար մենք առաջարկելու ենք Եվրոպայում նախադեպ ստացած մի հսկայական ծրագիր, որը կոչվում է «Լամանշի թունել»։ Լամանշի նեղուցի տակով Բրիտանիան մայրցամաքային Եվրոպայի հետ կապող թունելը կառուցվել էր ոչ թե պետական գումարներով, այլ ստեղծվել է բաց բաժնետիրական ընկերություն՝ հատուկ բանկ, և մարդկանց առաջարկվել էր իրենց ավանդները ոչ թե բանկերում պահել, այլ տալ այդ նախագծին, որովհետև դրա եկամտաբերությունը ակնհայտ էր և շրջանառությունը շատ արագ էր»։

Եվրոպական կուսակցությունը, սակայն, խոստանում է՝ ընտրվելու դեպքում առանցքային ոչ մի որոշում չի կայացնի առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու։ Երևանցիները պարբերաբար կմասնակցեն հանրաքվեների՝ քաղաքի ճակատագիրը որոշելու համար։

Back to top button