ԿարևորՀասարակություն

Որոշ վարչական շրջաններում աղբահանությունը խնդիր է․ բնակիչներն ահազանգում են

Շրջում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բնակիչները դժգոհում էին, որ բերնեբերան լցված աղբամաններն օրեր շարունակ չեն դատարկվում։ Մեր շրջայցի պահին դրանցից մի քանիսն արդեն մաքրվում էին։ Սակայն կային փողոցներ, որտեղ աղբարկղերը դեռ լիքն էին։ Բնակիչները տարակուսում էին՝ ուր են անհետացվել աղբատար մեքենաները։ Ասում են՝ նման խնդիր իրենց համայնքում երբեք չի եղել։

«Միշտ մաքրել են, միշտ։ Օրական երեք անգամ են մաքրել։ Ամսվա մեջ երկու անգամ էլ լվացել են տարածքը։ Մի 10 օր է, որ այսպիսի վիճակ է։ Իրենք շատ լավ էին աշխատում, շատ, զարմանալի է։ Ինչ-որ բան է եղել, որ չեն տանում»։

Երևանում խախտվել է աղբահանություն ժամանակացույցը, աղբամանները գերբեռնված են, կան կուտակումներ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասում է՝ մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները, որ խնդիրը չխորանա։ Ըստ նրա՝ հիմնական պատճառը տեխնիկան է։

«Անձամբ եմ եղել ԵԱՍՄ հիմնարկի պարկում։ Այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման թեմա է։ Պետք է պահանջել տնօրինությունից, բոլորիս ջանքերից, որ ժամանակացույց սահմանվի՝ փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ։ Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի շահագործման նկատմամաբ հսկողությունը»։

Այսուհետ յուրաքանչյուր աղբատար մեքենայի անսարքությունը վերացնելու ժամկետը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում հիմնարկը պետք է ներկայացնի քաղաքապետարան, որ հնարավոր լինի լիարժեք շարժակազմով սպասարկել քաղաքը՝ ասում է Կամո Արեյանը։

«Ամեն ինչ պետք է անենք, որ հանկարծ պրոցեսը չխորանա։ Եվ ամեն ինչ պիտի անենք, որ ժամ առաջ այս երևությի դեմն առնենք»։

10 տարվա երաշխիք ունեցող տեխնիկայի վիճակը մտահոգիչ է։ Սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հնարավոր չէ հեռու գնալ՝ ասում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Այս փչանալու ցուցանիշը մտահոգությունների առիթ է տալիս։ Երկրորդը, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ, այս մասով պետք է քննարկում ունենանք։ Եվ թե ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները։ Հրատապ գնումներ պետք է իրականացնենք այն տեխնիկայի համար, որոնց շարժիչներն ունեն վերանորոգման կարիք»։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ չորս նոր աղբատար մեքենաներն արդեն ճանապարհին են և մայրաքաղաք հասնելուն պես դուրս կգան փողոցներ։

Կարդացեք նաև

Back to top button