ԿարևորՀասարակություն

5 տարին բավարար չէր․ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կներկայացվի տարեվերջին  

ՀՀ Սահմանադրության անցած ճանապարհը փաստում է, որ երկրի գլխավոր փաստաթուղթը գրվել և մշտապես շտկվել է պահի ազդեցության տակ։ Գրեթե բոլոր նախագահների պաշտոնավարման ժամանակ ՀՀ Սահմանադրությունը փոխվել է այս կամ այն պատճառաբանությամբ, բայց՝ հստակ նպատակով։ Գործող Սահմանադրությունը կրկին փոփոխությունների փուլում է։ Թե ինչպիսին է դառնալու Մայր օրենքն այդ փոփոխությունների արդյունքում և ուր է տանելու երկիրը, դեռ հանրությանը հայեցակարգի տեսքով չի ներկայացվել։

ՀՀ Սահմանադրության մեջ հերթական փոփոխությունները կատարելու ժամկետը պարբերաբար փոխվում է։ Նախատեսվում էր, որ բարեփոխումների հայեցակարգը պատրաստ կլինի, դեռ 2022–-ի տարեվերջին։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը օրերս նոր ժամկետ է հրապարակել։

«Պլանավորում ենք այս տարվա վերջին հայեցակարգն ունենալ, քանի որ ապահովում ենք միասնականություն, այսինքն՝ ի տարբերություն նախորդ նման պրոցեսների, գործադիրը չի որոշում հաճախակի օրակարգը, այլ դրանք որոշվում են հասարակական կազմակերպությունների, քաղաքական թիմերի հետ քննարկումներով։ Դրա համար, բոլորի կարծիքը հաշվի առնելով, տեմպն էլ թելադրվում է գործընթացներով»։  

Եթե սկզբնական շրջանում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ու մասնագիտական խումբը հրապարակային էին աշխատում, ապա վերջին շրջանում այդ աշխատանքների հրապարակայնությունն ու  հաճախակի նվազել են։ Ինչ նպատակով են մշակում փոփոխությունները դեռևս հայտնի չէ, բայց պաշտոնյաներն իրենց շնորհավորական ուղերձներում ձևակերպել են, թե ինչպիսի Սահմանադրություն են ցանկանում ունենալ և ինչ երկիր են ցանկանում տեսնել։

Ինչի՞ մասին է հուլիսի 5–ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր մոտեցումը ձևակերպել է  դեռ 2022–-ին, երբ կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։ Համոզված է՝ 2021–-ի իրադարձություններն ապացուցեցին, որ այդ համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

Իսկ այս տարի արդեն իր ուղերձում հորդորում է ժողովրդին ընթերցել ՀՀ Սահմանադրությունը։ Ասում է՝ «այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը, սակայն, փաստում է՝ սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, եւ իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մաղթում է, որ Սահմանադրությունն իրապես կարեւորվի քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասանելի է միայն հատուկ մասնագետներին: «Այս դեպքում, թերեւս, ժողովրդավարությունն ավելի կմոտեցնենք մեզ՝ ստեղծելով քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ հասարակություն»,– նշել է Սիմոնյանը։  

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշում է․ «Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է»։  

Նախագա՞հ, թե՞ վարչապետվերադարձ հնին չի ենթադրվում

Թեև գործող Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնվել էին հեղափոխությունից հետո, բայց մինչ այսօր շարունակվող աշխատանքներից ամենահստակը թերևս այն է, որ կառավարման համակարգ չի փոխվի, մինչդեռ փոփոխությունների սկզբում այդ ակնկալիքը կար։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը աշխատանքների մեկնարկին  նշում էր․

 «Կառավարման ձևն ամենառանցքային կետերից մեկն է, միգուցե, կամ սահմանադրական բարեփոխումների ամենահետաքրքիր կետերից մեկն այն  է, թե կառավարման ինչ ձև կընտրենք, թե ինչ ուղղությամբ կգնա երկիրը․ դա ամենաֆունդամենտալ խնդիրն է։ Բնականաբար, այս հարցն էլ քննարկման կարիք ունի։ Կա մոտեցում, որ կառավարման ձևը հաճախ փոխելն արդյունավետ չէ, որովհետև երկիրն անընդհատ տանում ես նոր սթրեսի, բայց կա նաև մոտեցում, որ պետք է ամեն դեպքում ամեն ինչ քննարկել՝ ունես որոշակի տարիների փորձ, որով կարող ես վերլուծել որոշ բացթողումներ, որոշ սխալներ, որոշ պրոբլեմներ»։ 

Հանրության ընդդիմադիր հատվածն ավելի կոշտ ձևակերպումների կողմնակից է։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտրարում է՝ մեղք է հայտարարել, որ այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Համարում է, որ այսօր ամեն քայլափոխի երկրի գլխավոր օրենքը խախտվում է։ Ասածը հիմնավորելու համար խախտման 12 օրինակ է բերել և առաջին կետով նշել․ «Երբ թուրքական նախապայմանները կատարելու համար կասկածի տակ են դնում Արարատն ու ՀՀ զինանշանը, ՀՀ օրհներգը, ՀՀ Սահմանադրությունը, Անկախության Հռչակագիրը…»

ՀՀ նախագահների «ստվերները» ՀՀ Սահմանադրությունում

ՀՀ Սահմանադրության անցած ճանապարհը փաստում է, որ երկրի գլխավոր փաստաթուղթը գրվել և մշտապես շտկվել է պահի ազդեցության տակ։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, իրավաբան Տիգրան Եգորյանը մի քանի դեպք է հիշում, երբ Հայաստանի Սահմանադրությունը «հարմարեցվել» է որոշ գործիչներին։  

Հիշում է, թե ինչպես էր ստեղծվում ՀՀ առաջին Սահմանադրությունը։ Աշխատում էին առնվազն երկու հոգի, որոնցից մեկը՝ իրավաբան, մյուսը՝ ոչ, ընդ որում` 1995–ի տրված լուծումներին դեմ էր իրավաբանը, բայց հաղթեց ոչ իրավաբանը՝ ասում է։

«Հստակ և համարձակ կարող եմ ասել, այն ժամանակ իմ հայրն էլ է դրա մասին խոսել։ Օրինակ, ասենք՝ նախագահի առնվազն 10 տարվա ՀՀ–ում բնակվելու ցենզը գրվել է Լևոն Տեր Պետրոսյանի համար, որովհետև եթե այդպես չգրվեր, գրվեր ինչպես իմ հայրն էր ուզում՝ ծնված և մեծացած լինի ՀՀ–ում նախագահը, բայց այդ դեպքում Լևոն տեր Պետրոսյանը չէր կարող նախագահ ընտրվել սահմանադրության ընդունումից ընդամենը մեկ տարի հետո։ Էլի լուծումներ կան, որ գրվել է այդ շրջանի համար»։

2005-ի Սահմանադրական փոփոխություններն արդեն, ըստ Եգորյանի, հիմնականում միտված էին նախագահի իշխանության ամրապնդմանը։ Այն ժամանակվա հիմնավորումները անկեղծ չի համարում։

«2005 թվականի Սահմանադրության հիմնական փոփոխությունը նախագահի իշխանության ամրապնդումն էր՝ ի հեճուկս նրա, որ պատմում էին, թե դարձանք կիսանախագահական։ Այսպիսի բան չկա։ Ուրեմն՝ 1995 թվականի Սահմանադրության 74–րդ հոդվածով հակակշիռների մեխանիզմը քանդվեց 2005 թվականին և առաջնային մանդատով ընտրված ԱԺ–ն ստորադասվեց կառավարության վստահության քվեին։ Այսինքն՝ Կառավարությանը վստահություն չհայտնելու արդյունքում ցրվում էր Աժ–ն։ Սրանով Ռոբերտ Քոչարյանը ուժեղացրեց իր նախագահի իշխանությունը, որպեսզի կարողանա հաղթահարել Աժ–ին, որը վտանգ էր ներկայացնում իրենից։ Հիշում եք, 1999 թվականի ընտրություններից հետո էր, թեև վերացված էին հիմնական գորող անձինք, սակայն, նրանց թիմերը դեռ մեծ ուժ էին ներկայացնում ԱԺ–ում։ Այս ուժի հետագա զարգացման հաղթահարման նպատակով նախագահի ինստիտուտը ուժեղացվեց»։

Վերջին փոփոխություններն արդեն բոլորն են հիշում, երբ երկիրն անցավ խորհրդարանական կառավարման։ Այն ժամանակ արդեն Սահմանադրությունը համեմատում էին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարվող կոստյումի հետ, որը մինչ այս պահը դեռ չի փոխվել և կարծես, Սահմանադրության 4–րդ փոփոխություններով վերանայելու միտում չունի։

Կարդացեք նաև

Back to top button