ԿարևորՀասարակություն

Հայերը պահանջատեր են․ Վրաստանում դեպի Թուրքիայի դեսպանատուն երթը կկայանա՝ չնայած հայ ակտիվիսի դեմ հարձակմանը

Թբիլիսիում հարձակվել են Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։ Դիմակավորված երեք մարդ նրան վնասվածքներ են հասցրել, կոտրել հեռախոսը։ Միջադեպը նկարահանվել է հարձակում գործած խմբի կողմից։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արթուր Միրզոյանն իր վրա հարձակումը կապել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։ Նա պատմել է, որ Հայոց ցեղասպանության ու Արցախում մշակութային հուշարձանների մասին պատմող ցուցահանդեսի անցկացման դեմ բազմաթիվ խաչընդոտներ են հարուցվել։ Վրաստանի իրավապահները նախ զգուշացրել, հետո նաև արգելել են Թբիլիսիի կենտրոնում  նման ցուցադրությունների կազմակերպումը։ Գրասենյակը բազմիցս զգուշացումներ է ստացել։ Արթուր Միրզոյանը նշում է, որ Վրաստանում շատ են «Գորշ գայլեր»-ի ներկայացուցիչները, և դիմակավորված հարձակումը կարող է կարզակերպված լինել հենց այդ շրջանակներրի կողմից։

Չնայած հարձակմանը՝ Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպությունը նախատեսում է ապրիլի 23-ին, ժամը 11-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում անցկացնել ևս մեկ  ցուցահանդես` «Հայոց ցեղասպանություն 1915-2023թթ» թեմայով։  Նույն օրը 19:30-ին  կայանալու է ավանդական ջահերով երթ՝ Իսանիի մետրոյի հարակից տարածքից դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ին ժամը 13:00-ին էլ պահանջատիրական երթ կանցկացվի դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ ցույց տալու համար, որ հայերը պահանջատեր են, և որ ոչինչ չի մոռացվել ու չի մոռացվելու։

Նա կոչ է անում բոլոր հայերին միասնական լինել, մի կողմ թողնել անձնական գործերը և մասնակցել միջոցառումներին։

Կարդացեք նաև

Back to top button