
Շվեյցարական Դավոս առողջարանային քաղաքում հունվարի 16-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում են մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, գործարարներ ու տնտեսագետներ: Դավոսի համաժողովը քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչների ամենամյա հանդիպում է, որն անցկացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Սա 2020 թվականից ի վեր, քովիդի համաճարակից հետո առաջին համաժողովն է, որ անցկացվում է նախկին մասշտաբով։ Ֆորումին այս անգամ չեն մասնակցում Ռուսաստանը, Չինաստանը։ Ներկա չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։
Հունվարի 16-ին մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 10 տարի առաջ: Այս տարի շվեյցարական Ալպերում գտնվող գեղատեսիլ այդ քաղաքում ընթացող հանդիպմանը մասնակցում է աշխարհի 130 երկրի պատվիրակություն: Հնդկաստանն, օրինակ՝ ներկայացնում են 13 միլիարդատերեր, այդ թվում՝ ածուխի մագնատ Գաուտամ Ադանին։ Նրա կարողությունը 2022 թվականին աճել է 44 միլիարդ դոլարով: Միլիարդատերերի ամենամեծ խումբը Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում է՝ 33 գործարար։
Չնայած համաժողովի տնտեսական ու քաղաքական նշանակությանը, ֆորումին, որը կանցկացվի մինչև հունվարի 20-ը, ներկայացված չեն այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։
Հայաստանը նույնպես այս տարի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին չի մասնակցում։ Առանց պատճառները նշելու, Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոս չի մեկնելու։
Քաղաքագետ, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը չի բացառվում, որ վարչապետի Դավոս չմեկնելը դեմարշ է Արևմուտքին։
«Ուրիշ բան չեմ տեսնում։ Մանավանդ, որ պարզ չէ նաև՝ եթե նույնիսկ գնար, ինչ հանդիպումներ էր ունենալու և ինչ ընդունելության էր արժանանալու, որովհետև Դավոս գնալը ինքնանպատակ չէ։ Այնտեղ պետք է կազմակերպվեն համապատասխան հանդիպումներ, լինի ընդունելություն։ Կարող են լինել նույնիսկ ելույթներ։ Հիմա, եթե այդ ամբողջ սպեկտրը ապահովված չէր լինելու, իրոք իմաստ չէր լինելու գնալ կամ, եթե ապահովված էր լինելու, բայց Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված դամարշ անելու անհրաժեշտություն կար։ Դա չի բացառվում, որովհետև ամեն դեպքում, այն ակնկալիքները, որը ունի թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ Հայաստանի իշխանությունները բոլոր կողմերից, այդ թվում նաև Արևմուտքից՝ Լաչինի միջանցքի մասով ճնշումը ուժգնացնելու հետ կապված, դեռ չեն արդարանում։ Համենայնդեպս՝ այնպիսի ճնշում, որ Ադրբեջանը հրաժարվի իր, ըստ էության, ցեղասպան քաղաքականությունից, դեռ չկա և դա, իրոք, մտորումների տեղիք է տալիս»։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մինչդեռ, չի կարծում, որ Դավոսի տնտեսական ֆորումն այն հարթակն է, որտեղ կամ որի միջոցով պետք է դեմարշներ արվեն։ Նրա խոսքով՝ դրա համար կան ավելի կարևոր և մշտական գործող հարթակներ, որտեղ նույնպես մեր երկիրը ներկայացված է։
«Ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ պետք էր այնտեղ ներկա գտնվել և մատուցել ճշմարտությունը պետություններին։ Փոխարենը, երբ ներկա է թշնամի պետության կամ պետությունների ղեկավարներ, ես կարծում եմ, որ դա լուրջ բացթողում է՝ ստրատեգիական տեսանկյունից։ Բաց է թողնվում պրոակտիվ գործողությունների ևս մեկ հնարավորություն»։
Ի դեպ՝ Ադրբեջանն այս տարի Դավոսի համաժողովին ներկայանում է երկրի նախագահի մակարդակով։ Նախատեսված է նաև Ալիևի ելույթը ։
Թաթուլ Մանասերյանը նկատում է, որ Դավոսի տնտեսական համաժողովի ձևաչափը պարտադիր չէ երկրների համար, իսկ պաշտոնական հրավերներ, որպես կանոն, շատ քիչ են լինում։ Եթե Ռուսաստանն ու Չինաստանը չեն մասնակցում՝ քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներով, ունեն հստակ պատճառներ ու կարող են առանձնապես մեծ շահեր չհետապնդել այնտեղ։
«Հայաստանի դեպքում, ես կարծում եմ, որ մենք նախ մշտապես սովորելու բան ունենք այլ պետություններից, այն միտումներից, որոնք այսօր առկա են աշխարհում։ Իսկ մյուս կողմից՝ Արցախում հումանիտար աղետի, ճգնաժամի առումով, կարծում եմ, որ ներկայությունը և հստակ մշակված ծրագիրը չէր խանգարի, որ մենք լինեինք ավելի հետևողական»։
Նիկոլ Փաշինյանը միայն 2019 թ.-ին է մասնակցել ամենամյա այս հեղինակավոր տնտեսական համաժողովին։ 2020-ին էլ Դավուսում Հայաստանը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000 թ-ին։ Հայկական պատվիրակությունն այն ժամանակ ղեկավարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Երրորդ նախագահը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի և այլ երկրների ղեկավարների ու խոշոր կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018-ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ԴՏՀ-ից աշխարհի սպասումներին, ապա միջազգային փորձագետները 2023 թվականը համարում են «ճգնաժամի տարի», երբ մարդկության առջև ծառացած բոլոր խնդիրները դարձել են ավելի միահյուսված, փոխադարձաբար ավելի վնասակար, քան երբևէ և, ի վերջո, ավելի դժվար լուծելի: Կարճաժամկետ հեռանկարում այդ խնդիրները ամփոփվում են մեկ առանցքային մարտահրավերի մեջ՝ կյանքի ծախսերի ճգնաժամ:
Համաշխարհային տնտեսագետների համայնքի մեծամասնությունն այս տարի ակնկալում է համաշխարհային ռեցեսիա՝ ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական և տնտեսական հետևանքների պատճառով, որը զուգորդվում է աղմկոտ գնաճի հետ: Ռեցեսիան աստիճանական հետընթացն է, անկումը։ Դրա սահմանումները տարբեր են ամբողջ աշխարհում, բայց սովորաբար ներառում են տնտեսության նվազման հեռանկարը, բարձր գնաճը:
ՀՏՖ-ի գործադիր տնօրեն Սաադիա Զահիդին է մանրամասնել.
«Ներկայիս բարձր գնաճը, աճի ցածր տեմպերը, բարձր պարտքը և մասնատման բարձր մակարդակը նվազեցնում են ներդրումների խթանները, որոնք անհրաժեշտ են աճը վերսկսելու և աշխարհի ամենախոցելի մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար»։
Պատերազմն Ուկրաինայում շարունակվում է, և աշխարհի հիմնական տնտեսական շարժիչները դադարում են աշխատել՝ ընդգծում են փորձագետները։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատում է, որ այդ ամենը սկսվել էր դեռևս 2019 թվականի վերջից՝ քիվիդ-19-ի հետ կապված լոքդաուններով ու, որպես տրամաբանական շարունակություն՝ տնտեսական ծանր հետևանքներով, որոնք չէին էլ կարող համաշխարհային տնտեսությունն այլ տեղ հասցնել։ Սրան գումարվեց նաև ռուս–ուկրաինական պատերազմը՝ համաշխարհային տնտեսության վրա իր բացասական հետևանքներով։ Մանասերյանն ընդգծում է, որ դեռ անցած տարի նշաններ կային որ 2023-ը, պարենային ճգնաժամի ու գների հետագա բարձրացման տարի է լինելու ամբողջ աշխարհում․
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀ-ն, ինչպես 2022 թվականին, այնպես էլ 2023 թ.-ին կարող է ունենալ լավ հիմքեր առաջընթացի համար, եթե օգտագործի այն տնտեսական «դոպինգը», որը պայմանավորված է ռելոկանտների մեծ ներհոսքով։ Եթե անգամ նրանց 5-10 տոկոսին հնարավոր լինի պահել, որոնք ՀՀ-ում արդեն բիզնես են սկսել, դա ոչ միայն բարձր տեխնոլոգիաների՝ ՏՏ ոլորտներն են, այլ նաև սրճարաններ, զվարճանքի վայրեր և այլն։ Եթե սա մեր կառավարությունը կարողանա գրավիչ պայմաններով, գոնե մասնակի, պահել Հայաստանում, ես կարծում եմ, որ հնարավոր կլինի մեղմել այն հետևանքները, որոնք սպասվում են»։
Նշենք նաև, որ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հարցված մասնավոր և պետական հատվածի գլխավոր տնտեսագետների երկու երրորդը համաշխարհային անկում է կանխատեսում այս տարի։ Ընդ որում՝ հարցվածների մոտ 18 %-ը դա համարում է «չափազանց հավանական»։ Դա երկու անգամ ավելի է, քան 2022 թվականի սեպտեմբերի հարցումների տվյալներն են:




