ԿարևորՀասարակություն

Իրավական հաջողությունները պետք է քաղաքական դաշտում օգտագործվեն․ միջազգային իրավունքի մասնագետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Հունվարի 30-31-ին էլ Լաչինի միջանցքի շրջափակման  հարցը լսվելու է ՄԱԿ–ի Միջազգային դատարանում։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ իրավական հարթակներում հաջողությունները պետք է քաղաքական դաշտում օգտագործվեն։

Կիսադատական, կիսաքաղաքական գործընթաց․միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն այսպես է բնութագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին հրատապ ծանուցում  ուղարկելու փաստը։ Իսկ ծանուցման նպատակը  Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելն է․

«Այն փաստը, որ եվրոպական դատարանը որոշեց հաղորդակցել Նախաարարների  կոմիտեին այն, որ  Ադրբեջանը չի կատարում իր որոշումը, նշանակում է, որ եվրոպական դատարանը չի վստահել Ադրբեջանի ներկայացրած փաստարկներին։ Հաջորդը կլինի Նախարարների կոմիտեից արդեն սեփական վարույթ նախաձեռնելը, դա կավարտվի  նրանով, որ միջանկյալ բանաձև կընդունվի՝ իհարկե ոչ մոտ ապագայում։ Թեև գուցե՝ ամիսների ընթացքում։ Այն միջանկյալ բանաձև է՝ քաղաքական փաստաթուղթ, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ–ի որոշումը, կհրավիրի Ադրբեջանին ներկայացնել իր բացատրությունները։   Եթե դրանք էլ չբավարարեց, արդեն վերջնական փաստաթուղթ կընդունի՝ բանաձև, որ Ադրբեջանը տվյալ գործով չի կատարում եվրոպական դատարնի վճիռը»։

 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ  Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու  բովանդակային առումով ճիշտ էր բնորոշել՝ նշելով, որ օբյեկտիվ իրականությունն արտացոլող որոշում է․

«Եվ սրա վրա պետք է աշխատենք նաև քաղաքական առումով, պետք է փորձենք այն օգտագործել, որովհետև այս և նմանատիպ որոշումների ազդեցությունը կախված է նաև մեր հետագա դիվանագիտական, քաղաքական աշխատանքից»։ 

Ադրբեջանը, սակայն, որևէ որոշում չի կատարում։ Արա Ղազարյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը չկատարի վճիռները, ապա  հարցն արդեն ԵԽԽՎ է մտնելու։ Այստեղ օրակարգում գուցե հարց բարձրացվի՝ արդյոք Ադրբեջանը կատարու՞մ է իր պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև

«Իհարկե չի լինի այն, ինչ եղավ ՌԴ–ի հետ, երբ նրան ուղղակի դուրս վռնդեցին, քանի որ նա ագրեսիվ պատերազմ է սկսել։ Այստեղ Ադրբեջանը կփորձի ներկայացնել, որ հարցը վիճելի է։ Դա իր հին ձեռագիրն է՝ եթե կա որևէ խնդիր, ապա պետք է ստեղծել դրա հակապատկերը, խնդիրը դարձնել վիճելի հարց ու որոշակի ժամանակ շահել։ Դա Ադրբեջանի մարտավարություն է։ Մնացածն արդեն հայկական կողմի և դիվանագաիտական ու քաղաքական շրջանակներինն է, որ ճնշումը մեծացնեն։ Եթե մենք ռազմական ճանապարհով դժվարանում ենք հակազդել, մնում է քաղաքական, իրավական, կիսաիրավական ճանապարհը»։

Հայաստանը շեշտը պետք է դնի նաև այն բանի վրա, որ Ադրբեջանը հուսալի չէ։ Այս երկիրը բլոկադան օգտագործում է  որպես մարդկանց սովամահության  մատնելու մեթոդ։

Լաչինի միջանցքում 120 հազար հայի շրջափակման հետ ակպված հարցերը լսվելու է միաժամանակ և ՄԻԵԴ-ում, ևՄԱԿ-ի միջազգային դատարանում։

Միջազգային իրավունքի մասնագետը վստահ է՝ և ՄԻԵԴ-ի, և Հաագաի դատավորների մոտ ձևավորված է ներքին  համոզմունք, որ այն, ինչ Ադրբեջանը ասում է միջազգային հանրությանը, չի համապատասխանում իրականությանը, ուստի հայկական կողմն ավելի հեշտությամբ կարող է փաստարկներն անցկացնել։ Մասնագետը կարծում է, որ ՄԻԵԴ-ում  Հայաստանին   հաջողվել է որոշակի կապիտալ կուտակել։ Այս դատարանում Հայաստանը 4 միջպետական գանգատ  ունի՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հաջորդն արդեն ՄԱԿ-ի միջազգային՝ Հաագաի դատարանն է, որտեղ հունվարի վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացվեն՝ ապահովման միջոցների վերաբերյալ։  Այստեղ արդեն հարցն այլ հարթությունում է՝  Ադրբեջանի  վերջնական նպատակը էթնիկ զտումն է։ Մինչդեռ Ադրբեջանն այլ փաստարկներ է բերում․

«Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը  իբր ականներ է տեղափոխում։ Առաջին անգամ հայցը՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ մերժվեց՝ Հաագաի դատարանում։ Դա նույնպես բարենպաստ որոշում էր։ Հայաստանի՝  հրատապ միջոց կիրառելու բոլոր փաստարկները անցան, Ադրբեջանի համար ամենակարևորը՝ մերժվեց։ Հաագաի դատարանը որոշեց, որ նույնիսկ եթե կա ականապատում, դա արվում է  ռազմական նպատակով, որը թույլատրվում է, այլ ոչ թե էթնիկ զտման նպատակով»։

Իրավական հարթակներում հաջողությունները պետք է քաղաքական դաշտում օգտագործվեն՝ ամփոփում է միջազգային իրավունքի մասնագետը։

Կարդացեք նաև

Back to top button