Դիմավորող-մարդը․ նա, ով օգնում է, որ հրաշքը ծնվի
Մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը 15 տարի մարդկանց օգնում է ծնվել։ Այդ ընթացքում 6 անգամ դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ոչ թե տանը Ամանորը, այլ ծննդատանը ուրիշի տան երեխային է դիմավորել։
«Ես վայելում եմ դա։ Հունվարի մեկին ծնված երեխաները քեզ ամանորյա հրաշքի մասնակից են դարձնում։ Դու դրա հենց կիզակետում ես, քո ձեռքով է դա հնարավոր լինում և անհնար է դրանից լավ չզգալ։ Չկա մի բժիշկ, որը դժվարությամբ է աշխատում այդ օրերին»,- պատմում է Նորայր Ղուկասյանը։
Ընտանիքի անդամների ավելացմանը զուգահեռ ամանորյա հերթապահությունները փոքր-ինչ բարդանում են։ Երեխաներն ուզում են հայրիկին տանը տեսնել։ Բայց բոլորը գիտեն՝ եթե հիվանդանոցից կանչ կա, ուրեմն Նորայր Ղուկասյանը պետք է գնա նոր կյանք դիմավորելու։
«Այս տարի ես հունվարի 1-ին էի հերթապահ։ 12-ը խբեց, ամանորյա սեղանի շուրջ ընտանիքով նստած էինք ու ես զանգ ստացա։ 12։35 արդեն հիվանդանոցում էի․ 22 տարվա անպտղությունից հետո երեխա էր ծնվում։ Բավական բարդ դեպք էր, ու ես չէի կարող թողնել այն հղիին, որը 9 ամիս ինձ վրա հույս է դրել։ Չէի կարող դա անել ոչ որպես մասնագետ, ոչ որպես սոցիալական անձ»։
Նոր տարվա գիշերը նոր մարդը ծնվեց, բժիշկը վերադարձավ տուն, միացավ ընտանեկան հավաքույթին։ Իսկ հետո․ «Առավոտյան 09։30 սկսվեց իմ հերթապահությունը, որն ավարտվեց 19 «հաղթանակով»․ հունվարի 1-ին ես ու իմ թիմն ընդունեցինք 19 ծնունդ, ունեցանք բազմաթիվ այցելուներ»։
Ասում են՝ ինչպես սկսում ես տարին, այնպես էլ այն շարունակվում է։ Բժիշկը 2022-ի ընթացքում ռեկորդային շատ ծնունդներ է ընդունել։
Տոն-մարդը․ նա, ով ստեղծում է հեքիաթ
Կեսգիշերին հնչում են ժամացույցի զանգերը, շամպայնի բաժակները զնգում են, մարդիկ մի քիչ արբում են խմիչքից, մանդարինի ու բլինչիկի բույրից, նորի սպասումից․․․ սա դասական սցենարն է։
Նույն իրականության հակառակ կողմում՝ հենց դռան հետևում, Սևակ Հարությունյանը լսում է ժամացույցի զանգերը, բաժակների չխկոցը, բացում դուռն ու․․․ սկսում աշխատել։
«Կեսգիշերին հեռախոսը ձեռքին դռան առաջ վայրկյաններին ենք նայում, որ ճի՛շտ 12-ին՝ հենց զանգերը հնչեն, դուռը թակենք ու ներս մտնենք։ Դա երեխայի համար ուրիշ երջանկություն է․ երբ ծնողները գոռում-գոչում են՝ շնորհավո՜ր, շրխկում են բաժակները, ու ներս է գալիս Ձմեռ պապը։ Այ դա հեքիաթ է»։
Սևակ Հարությունյանը Ձմեռ պապ է։ 10 տարի ամենաընտանեկան տոնն ուրիշի ընտանիքում է դիմավորում։ «Դժվար չէ՞» հարցից զարմանում է, ասում՝ ես տոն եմ տանում մարդկանց տուն, ինչպե՞ս կարող եմ դժվարության մասին մտածել․
«Իմ ընտանիքը միայն իմ 4 պատի մեջ ապրող, ինձ հարազատ, արյունակից մարդիկ չեն։ Իմ ընտանիքը ՀՀ բնակչությունն է ու անկախ նրանից՝ ես ում տանը կդիմավորեմ Ամանորը, ես դիմավորում եմ իմ ընտանիքում։ Եթե այդ կարևոր պահին մարդիկ համաձայնել են, որ ես լինեմ իրենց հետ, ապա ես շնորհակալ եմ ու շնորհակալությունս հայտնում եմ հենց իրենց հետ լինելով։ Իմ հարազատները սկզբում բացասական էին արձագանքում։ Հետո հասկացան իմ ապրումները»։
Ծանր ժամանակներ են։ Սևակը գիտի՝ տոնի սիրտ չկա։ Բայց, ասում է, բոլոր երեխաները հեքիաթի կարիք ունեն։ Ինքը փորձում է դա ապահովել հնարավորինս շատ երեխաների համար։ Նրանց «տոն-մարդը» լինելը հեշտ բան չէ․
«Ձմեռ պապ լինելու համար առաջին հերթին գունեղ ներաշխարհ է պետք, հետո՝ դա աչքերով փոխանցելու կարողություն։ Փոքրիկը գալիս է, «զեյթուն աչքերով» նայում քեզ ու սպասում, թե իրեն ինչ ես ասելու։ Սկզբում շփոթվում ես, որովհետև էդ աչքերի մեջ էնքան քաղցրություն ու երջանկություն կա՝ «Վա՜յ, պապիկը եկե՜լ է»։ Ու դու պիտի կարողանաս այնպես անել, որ դա իր մոտ մնա «Պապի՛կը եկել էր», ոչ թե՝ «Ինչ-որ մարդ էր եկել՝ պապիկի շորերով»։
Հայրիկը Ձմեռ պապ չի լինում․ ինչպե՞ս պաշպանել երեխայի հեքիաթը
Մինչ Սևակն ուրիշի երեխաներին է շնորհավորում, իր երեխան Ամանորը դիմավորում է տանը՝ առանց հայրիկի։ Կյանքի առաջին 3 տարիներին հայրիկը Ձմեռ պապ էր, բայց Սևակը վստահ է՝ դրանից հետո այդպես վարվել չէր կարելի․
«Իմ երեխային համոզելը դժվար կլիներ։ Ինքն արդեն 4 տարեկան էր՝ 4 տարի ճանաչում էր հայրիկին։ Ուստի Ձմեռ պապն ուրիշ աչքեր պիտի ունենար, որ կարողանար երեխայի համար հեռու բևեռից եկած մեկը լինել»։
Տասնամյա աշխատանքային փորձով Ձմեռ պապը բոլորին հորդորում է՝ եթե անգամ փոքր հավանականություն կա, որ երեխան կարող է ձեզ ճանաչել, ապա կարմիր հագուստ ու սպիտակ մորուս կրելու մտքից պետք է հրաժարվել․
«Շատ հաճախ տեսնում ենք, որ ծնողները, քեռի-հորեղբայրները, հարևանները հագնում են Ձմեռ պապի հագուստ ու մոտենում են երեխային՝ նվեր հանձնելու։ Լավ բան է․․․ բայց դուք փշրում եք երեխայի հեքիաթը։ Երեխան, ամեն դեպքում, ծանոթ ելևէջներ է զգում, հետո դա իր պրիզմայով է անցկացնում, մարսում ու հասկանում, որ հարազատներից մեկն էր»։
Թող գետնին ընկնի Ձմեռ պապը, բայց ոչ երբեք նրա մորուսը
Սա լուրջ ու գերպատասխանատու աշխատանք է՝ ասում է Սևակը։ Երեխայի աշխարհը բոլոր մեծերի խելքի բանը չէ։ Այստեղ մարդկային որակների, մասնագիտական հմտությունների ու աշխատանքային խիստ կանոնների կարիք կա։ Սևակը մասնագիտությամբ դերասան է, բայց այս գործում առաջնայինը ոչ թե դերասանական, այլ մանկական հոգեբանությունը ճանաչելու հմտություն է։ Երբ կարողացել ես համոզել նրան, որ ոչ թե սովորական մարդ, այլ ամանորյա հրաշք ես, արդեն կարելի է անցնել գործի ավելի հողեղեն, օրինակ՝ դաստիարակչական բաղադրիչին։
«Երբ երեխան քեզ փաթաթվում է ու ասում՝ «Պապիկ, մյուս տարի էլ կգաս», արդեն կարելի է ասել՝ «Իհարկե, անպայման կգամ, ու անպայման կբերեմ քո նվերները, բայց․․․», ու այստեղ շատ կարևոր պահ է՝ «Դու պետք է քեզ խելոք պահես, դպրոցում պետք է լավ սովորես, մանկապարտեզում դաստիարակին չպետք է բարկացնես, ճաշիկը պետք է ուտես՝ անպայման սոխով ու կանաչիով»։ Ծնողի այն ասածները, որոնց երեխան վերապահումով է մոտենում, Ձմեռ պապի շուրթերից հնչում է որպես օրենք»։
Եթե գնալ երեխայի մոտ, ապա պատշաճ համազգեստով՝ առանց ջինսե տաբատի ու սպորտային կոշիկների։ Եթե ստեղծել հեքիաթ, ապա մոգությունը պահելով՝ առանց հաց ուտելու կամ օղի խմելու։ Սրանք պարզ կանոններ են, որոնք, Սևակի խոսքով, հաճախ չեն պահվում։ Ձմեռ պապերի «ոլորտը» ևս հեղինակազրկվում է որոշ «մասնագետների» ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով։
Իրավիճակի արտակարգությունը սանձողը
Սովորաբար Ամանորին մարդիկ զանգում են հարազատներին՝ շնորհավորելու։ Որոշ մարդիկ այդ պահին հավաքում են 911 հեռախոսահամարը։ Հեռախոսի մյուս կողմում ահազանգման կենտրոնի աշխատակիցները ոչ թե նոր տարուն, այլ քաղաքացիների զանգերին են սպասում։ Փրկարար ծառայության ավագ ենթասպա, 911 օպերատոր Մոնիկա Անտաշյանը շամպայնի փոխարեն աշխատանքային հեռախոսը ձեռքին նոր տարին դիմավորել է 2 անգամ։
«Ի տարբերություն սովորական օրերի՝ Ամանորի գիշերը զանգերն ավելի շատ են։ Գործընկերներով կեսգիշերին սկզբում շնորհավորում ենք իրար, հետո քաղաքացիներն են զանգում՝ մեզ շնորհավորելու, հետո միայն կարողանում ենք ընտանիքի անդամներին զանգել, շնորհավորել։ Բայց երբեմն այնքան հագեցած է լինում, որ այդ ընթացքում իրար շնորհավորել էլ չենք հասցնում»։
Նույնիսկ խնդրի դեպքում քաղաքացիները նախ շնորհավորում են, հետո նկարագրում իրավիճակի արտակարգությունը՝ ասում է Մոնիկան։ Ահազանգման կենտրոնում դա գնահատում են․ ժամանակի կորուստ գրեթե չի լինում, իսկ տրամադրությունը միանգամից փոխվում է։
«Ամանորյա պատրաստություններով պայմանավորված ահազանգերը հիմնականում կարճ միացումների, սննդային թունավորումների վերաբերյալ են լինում։ Բայց արտառոց դեպքեր ևս կան։ Օրինակ՝ մի անգամ ահազանգ ստացանք մի տատիկից։ Նշեց, որ պատրաստվում է ամանորին, ցանկանում է բնակարանը մաքրել ու սննունդ պատրաստել։ Ուզում էր, որ փրկարարները այդ հարցում օգնության հասնեն։ Քանի որ մեր գործառույթների մեջ նման ծառայություն մտնելը չի մտնում՝ տատիկին ուղղորդնեցինք դիմել սոցիալական ծառայության»։
Մեկ այլ քաղաքացի էլ կեսգիշերին զանգել է, փրկարարներին խնդրել փրկել սեփական շնից։ Պարզվում է՝ ընտանիքը հրավառություն է արել, ինչը շանը առանձնապես դուր չի եկել։ Հրավառության ավարտին արդեն կատաղած շունը թույլ չի տվել ընտանիքին մտնել սեփական բնակարան։
Այս մարդիկ աշխատում են, երբ ամանորը գալիս է։ Նոր տարվա մեկնարկին նրանց առաջին գործողությունն ուրիշին օգնելն է։ Հեքիաթը պիտի հերոս ունենա․ ամանորյա հեքիաթինը նրանք են ու բոլորը, ովքեր իրենց վրա են վերցնում օրը տոն դարձնելու, տոնը վտանգից պաշտպանելու գործը։









