ԿարևորՔաղաքական

Վարչապետը և Ռուանդայի ԱԳՄՀ նախարարն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում և վերահաստատել գործընկերությունը խորացելու պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ Վինսենտ Բիրուտան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա արդյունավետ է գնահատել ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ քննարկումները և նշել, որ Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ շրջանակում փոխգործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Այս առումով հետաքրքրական է համարվել զբոսաշրջության ոլորտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին:

Back to top button