ԿարևորՔաղաքական

«Ղազիր» գորգը եւ թուրքական ժխտողականությունը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Որոնք են այն դրդապատճառներն ու գործոնները, որոնց քողարկված առկայության ներքո Սպիտակ տունը հրաժարվում է տրամադրել «Ղազիր» գորգը ցուցադրության համար։ Հայկական գորգագործության միության փոխնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայ մշակութային հիմնարկության տնօրեն Արա Ղազարյանցը Սպիտակ տան կողմից ուղարկված անպատճառ մերժման նամակում քաղաքական դրդապատճառներ և գաղտնի ուժերի մասնակցություն են տեսնում: 

Սեպտեմբերին ԶԼՄ- ներն սկսեցին ակտիվորեն քննարկել «Ղազիր» գորգի ստեղծման պատմությունն ու անդրադառնալ վերջինիս ճակատագրին: 1915 թվականին ցեղասպանությունից մազապուրծ հայ որբ աղջնակները, որոնք ապաստանել էին լիբանանյան «Գազիր» որբատանը, դեսպան Հենրի Մորգենթաուի առաջարկով ԱՄՆ կառավարության հօգածության տակ են վերցվում, մասնագիտական ուսում են ստանում՝ սովորելով ավանդական հայկական գորգագործություն:

1923-29 թվականների ընթացքում մանկատան սաները գործում են շուրջ 2340 գորգ, որոնց թվում նաև 11.7 մ բարձրությամբ և 18.5 մ լայնությամբ «Որբերի` Ղազիր գորգը», որն ի նշան երախտագիտության, 1925 թվականի դեկտեմբերի 4-ին նվիրաբերվում է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին, ով օգնել էր նրանց ապաստանի հարցում, և մինչև ԱՄՆ այս նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը ցուցադրվում է Սպիտակ տանը: Այնուհետև,  վերջինս հանդիսանալով Քուլիջի ընտանիքի սեփականությունը, մինչ 1982 թվականը ԱՄՆ նախկին նախագահի հավաքածուի մասն է կազմում, սակայն Քուլիջիի որդին այն որոշում է նվիրել Սպիտակ տանը՝ հայտարարելով, որ գորգի տեղը Սպիտակ տունն է:

ԱՄՆ  հայ համայնքը որոշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի աջակցությամբ խնդրել Սպիտակ տանը թույլատրել այն ցուցադրել թագարաններ և հետազոտական կենտրոններ միավորող Սմիթսոնյան ինստիտուտի` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառմանը: Ցուցադրության նախապատրաստական փուլը տեղի է ունենում հարթ, սակայն օրեր առաջ Սպիտակ տունը հրաժարվում է տրամադրել գորգը:

Հայ մշակութային հիմնարկության տնօրեն Արա Ղազարյանցն անհիմն մերժման մեջ քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Իր հերթին Հայկական գորգերի միության փոխնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մշակութային ցուցադրության մեջ չցանկանալով թուրքական գործոնի և ազդեցոթյան երանգներ տեսնել, ցավով նկատեց, որ չէր ցանկանա, որ քաղաքական ինչ-որ դրդապատճառներ փակեն մարդասիրական կողմը։

Բանախոսները Սպիտակ տան մերժման հիմքում կապ են տեսնում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական իշխանությունների մերժողական գործելաոճի հետ: Իսկ որոնք են լինելու հաջորդ քայլերը «Ղազիր գորգի» ցուցադրությունը կազմակերպելու համար։ Արա Ղազարյանցը տեղեկացրեց, որ Հայ դատի հանձնախումբը ակտիվ գործունեություն է ծավալում, դիմել է տարբեր կոնգրեսականների, որպեսզի Սպիտակ տունը թույլատրի այս գորգի ցուցադրությունը: Ավելին՝ կազմակերպվել է էլեկտրոնային ստորագրահավաք, որը կտևի մինչև նոյեմբերի 24-ը: Ըստ ամերիկյան կանոնանկարգ պահանջի՝ պետք է հավաքվի շուրջ 100 հազար ստորագրություն՝ գործին ընթացք տալու համար:  Ի դեպ՝ հավաքվել է ընդամենը 758 ստորագրություն, որն, ըստ բանախոսների, մեծ հայ համայնք ունեցող ԱՄՆ-ի համար ամոթալի է:

«Գորգը, որ հյուսված է վաճառելու համար, և գորգը, որ հյուսված է շնորհակալություն հայտնելու համար, այն էլ՝ ամերիկացի ժողովրդին, բոլորովին տարբեր բաներ են»,- ասում է Լեւոն Տեր- Պետրոսյանը։

Back to top button