
Այս տարի «Ավրորայի» ապրիլի 24-ի միջոցառումը նվիրված կլինի Վարդան Գրեգորյանի կյանքին ու անցած բացառիկ ուղուն՝ հիշելով նրա նշանակալի առաքելությունը, որը տեւեց մի քանի տասնամյակ եւ հատեց գիտական, բարեգործական եւ մշակութային սահմաններն աշխարհով մեկ:
Լինելով ցեղասպանության, խտրականության եւ հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված, բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ:
Իբրեւ «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը։
Այդ իսկ պատճառով խորհրդանշական է, որ ապրիլի 24-ին, հետեւելով ձեւավորված ավանդույթին, մենք նաեւ հարգանքի տուրք կմատուցենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց փրկողների հիշատակին՝ արժանին մատուցելով մերօրյա հերոսներին, եւ միջոցառման ավարտին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին կհայտարարի 2021 թ. «Ավրորայի» հերոսներին:
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: Նա ամերիկահայ ականավոր մարդասեր էր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկերը: «Ավրորան» սգում է այս անդառնալի կորուստը:




