ԿարևորՏնտեսական

Հայաստանի պարտքն աճում է, բայց կառավարելի է

Առողջ կամ հիվանդ կարող է լինել նաև տնտեսությունը և  բուժման ու ներարկումների կարիք ունենալ, ինչպես հիվանդը։  Բայց այս դեպքում ներարկումները ոչ թե դեղերով, այլ  ֆինանսական միջոցներով են, որոնք ոչ միայն օգնում են տնտեսությանը, այլև մեծացնում են  պետական պարտքը։

Պարտքի լավ ու վատ կողմերի մասին տնտեսագիտական  գնահատականները միանշանակ չեն։ Բանավեճ չհարուցող միակ թեզն այն է, որ պետական պարտքը կարող է  և նպաստել, և խոչընդոտել տնտեսական զարգացմանը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը կարծում է՝ պարտքը զարգացման հնարավորություն է։ 

«Այս թեզի ամենազարգացած դրսևորումը մենք հանդիպել ենք Չերչիլի մոտ, երբ ասում էր, որ  տվյալ երկրի հեղինակությունը որոշվում է այն սահմանաչափով, թե որքան պարտք են մյուս երկրները և կազմակերպությունները քեզ տրամադրում։ Պարտքը լավ բան է, երբ գտնվում է կառավարելի մակարդակում։ Եթե դու վերցնում ես  պարտք ու դրանով զարգացնում ես քո հնարավորությունը, որն ապահովում է ոչ միայն պարտքի մարումը, այլ նաև  նոր հնարավորություն է ստեղծում, լավ բան է։ Ցանկացած երկրի գերխնդիրը պետք է լինի  պարտքի օպտիմալ ու կառավարելի մակարդակ սահմանելը»,- ասում է Բեջանյանը։

Հայաստանի  պետական պարտքը հատել է  7,9 մլրդ դոլարի սահմանագիծը։  Ներքին պարտքը ընդհանուրի 25%–ն է։  2020-ի առանձնահատկությունն այն է, որ այս տարի պարտքի ներգրավումը  հիմնականում իրականացվել է ներքին աղբյուրների հաշվին․ առաջին 7 ամիսների ընթացքում ներգրավված շուրջ 620 մլն դոլարից 347,6 միլիոնը  ներքին պարտքն է, և միայն  271 միլիոնը ՝  արտաքին։

Հայաստանն ամենաշատը պարտք վերցրել է Զարգացման միջազգային ընկերակցությունից․  ընդհանուր պարտքի 25 տոկոսը բաժին է ընկնում այս կառույցին։ Ասիական զարգացման բանկից վերցրած վարկերը ամբողջի 17․5 տոկոսն են։ Եռյակը 17․4 տոկոսով եզրափակում է Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը։ Ներգրավված վարկեր ունենք Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից, Չինաստանի արտահանման –ներմուծման  բանկից։ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մանրամասնում է․   

«Ունենք վարկեր դոլարով, եվրոյով, ԱՄԷ դրամական միավորով, ճապոնական իենով», -ասում է Խանվելյանը։

Համավարակի շրջանը Հայաստանին ստիպեց մտնել, այսպես ասենք,  պարտքային վերելքի երրորդ փուլ։ Հայկ Բեջանյանը հիշեցնում է 2008–2009թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, երբ  պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը միանգամից ավելացավ շուրջ 20 տոկոսով։ 2014–2016թթ․ պետական պարտքի վերելքի երկրորդ փուլն էր՝ դարձյալ պայմանավորված արտաքին տնտեսական զարգացումներով։ Կորոնավիրուսի համավարակի այս շրջանում էլ արդեն հետևում ենք պարտքի ավելացմանը՝ live ռեժիմով։

«Միջնաժամկետ ծախսային ծրագրով կանխատեսվում է, որ 2020թ տարեվերջին պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունը կմոտենա 59 տոկոսին։ Լա՞վ է սա, թե՞ վատ․այս հարցին պետք է ավելի ընդգրկուն մոտենանք, քանի որ հատկապես զարգացող երկրների համար միշտ առաջ է քաշվում թեզը, թե որն  էր դրա այլընտրանքը, կար այլընտրանք, թե ոչ»,- նշում է Բեջանյանը։

ՀԲ վերջին դասակարգմամբ՝ Հայաստանը դարձավ միջին բարձր եկամուտ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ մեր երկիրն արդեն արտոնյալ պայմաններով, երկարաժամկետ  վարկեր վերցնելու հնարավորություն չունի։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ պարտքի ավելացմանը  զուգահեռ դժվարանում է դրա սպասարկումը։

 «Որքան մեծանում է եկամուտն, այնքան մեծանում է պարտքի սպասարկման հնարավորությունը։ Կոնկրետ այժմ, պարտքի սպասարկման առումով  բացասական սպասում չկա»,- ասում է տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունում 2020 թվականն ամենածանրն է  1930 թվականի ճգնաժամից հետո։ Համավարակով պայմանավորված՝  մոլորակի գրեթե յուրաքանչյուր երկիր  ավելացնում է պարտքի իր բեռը։ Համաշխարհային փորձագետների կանխատեսումներով՝  ամենապարտապան պետություններ կշարունակեն մնալ Հունաստանը և Իտալիան, որոնց պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ակնկալվում է, որ կհատի ռեկորդային՝ 200%–ի սահմանը:

Կարդացեք նաև

Back to top button