ԿարևորՀասարակություն

ՊՈԱԿ–ից՝ հիմնադրամ․ Բլեյանի պաշտոնավարումը կերկարաձգվի՞

31 տարի կրթական  գործունեություն ծավալող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՊՈԱԿ–ի կարգավիճակից  որոշել է անցնել  պետական հիմնադրամի։ 

Ինչպես կրթահամալիրի հիմնադիր տնօրեն  Աշոտ Բլեյանն է ասում,  ՊՈԱԿ–ի կարգավիճակը թույլ չի տալիս, որպեսզի կրթահամալիրը  լիարժեք օգտագործի իր ռեսուրսը։ Վերջինիս խոսքով՝  այս տարի կրթահամալիրն ունի  նախադպրոցական տարիքի  և կրտսեր դպրոցի երեխաներին տեղավորելու խնդիր, միևնույն ժամանակ կրթահամալիրի միջազգային կապերն են  զարգանում։ Դրանք զարգացնելու համար  կրթահամալիրն ավելի  ինքնուրույն պետք է լինի, ասում է Բլեյանը։ Հունիսի 10–ին անհրաժեշտ բոլոր փաստաթղթղերը ներկայացվել են կառավարություն, սակայն դեռևս  որևէ պատասխան չեն ստացել։

«Ընդ որում` կառավարության  իրավունքները չեն փոխվում, որովհետև  մեզ տրամադրված գույքը, շենք–շինություններ շարունակում են մնալ  կառավարության սեփականություն, մեր  տնօրինությանը  հանձնված հողը շարունակում է մնալ  քաղաքի ենթակայության  տակ։ Այստեղ այս առումով որևէ փոփոխություն չի լինում, պարզապես մեծանում են կրթահամալիրի աշխատողների,  սովորողների իրավունքները»։

Կառավարությունից որևէ պատասխան այս ուղղությամբ մեզ չհաջողվեց  ստանալ, սակայն երեկ  Աշոտ Բլեյանը հանդիպել է  ԿԳՄՍ նախարարի ու փոխնախարարների հետ, ինչպես ինքն է ասում, հույս ունենալով, որ  իրավակազմակերպական  ձևի փոփոխության վերաբերյալ  կլսեն  իրավական  հիմնավորումներ․

«Ցավոք սրտի` որպես հիմնավորում բերվում է մի քաղաքականություն, կրթական իբր , որը  ձևակերպված չի,  մի քաղաքականություն, որն օրենսդրական  ձևակերպում չի ստացել, այլ ընդամենը խոսում են նորից նպատակահարմարությունից, որոնք վտանգավոր են, որովհետև դրանք  չեն կարող լինել այդպիսի գործընթացի  փաստարկներ»։   

 Համացանցում լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ առաջիկայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանի որ լրանում է նրա 65 տարին։  Թե արդյո՞ք սրա վերաբերյալ ԿԳՄՍ–ում խոսել են, Բլեյանն այսպես պատասխանեց.

«Ո՞նց անենք, որ ես 65 տարեկան չլինեմ»։

Սակայն ԿԳՄՍ–ում, երբ  ստացել են կրթահամալիրը ՊՈԱԿ–ից հիմնադրամի վերածելու միջնորդագիրը, նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է  կրթահամալիրի  և ՊՈԱԿ–ի ղեկավար կազմի հետ և ասել, որ այդ փոփոխությունը չի համընկնում  նախարարության  որդեգրած ընդհանուր քաղաքականության հետ, այսինքն՝  կրթական հաստատությունները ՊՈԱԿ ներ են և վերջին  երկու տարվա ընթացքում  կարգավիճակի փոփոխություններ չեն եղել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փոխնախարար Սամվել Կարաբեկյանը։ Ավելին,  Աշոտ Բլեյանին և ՊՈԱԿ–ի կառավարման խորհրդին առաջարկվել են  լուծման բազմաթիվ տարբերակներ,  որոնք  կրթահամալիրի կյանքում  կապահովեն  Աշոտ Բլեյանի կարևոր դերակատարությունը։

«Առաջարկվել է կրթահամալիրի  կառավարման խորհրդի նախագահ լինել, բազմաթիվ այլ լուծումներ էլ կարող են լինել, սակայն որևէ   տարբերակ ընդունելի չէր, և խնդիրը դրված էր այնպես, որ  Բլեյանը պետք է շարունակի հենց տնօրեն լինել»։  

ՊՈԱԿ–ների մասին օրենքը  հստակ սահմանում է, որ  գործադիր մարմնի ղեկավարը  կարող է պաշտոնավարել  մինչև  65 տարեկանը լրանալը։ Ներկայում հիմնադրամների  դեպքում այդ սահմանափակումը չկա,  սակայն, Սամվել Կարաբեկյանի խոսքով, նախարարությունը  նախապատրաստում է  համապատասխան առաջարկություններ, որտեղ  65 տարի ժամկետը կտարածվի  նաև  հիմնադրամի  կարգավիճակ ունեցող  կրթական հաստատությունների  վրա։

«Ըստ էության, այսպես ձևակերպեմ, արագությունը, կամ այն ժամանակահատվածը, որում նախաձեռնվեց այդ գործողությունը, հանրային ընկալումներում ստեղծում է այնպիսի մի իրավիճակ, որ  դա հենց կապված է Բլեյանի 65 ամյակի լրանալու հետ»։   

Կարդացեք նաև

Back to top button