ՀՕՊ- ով չես հաղթի, բայց առանց դրա՝ կպարտվես


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մայիսի երրորդ կիրակի օրը Հայաստանի հակաօդային պաշտպանության օրն է։ Այդ առիթով «Ելակետ» մամուլի ակումբն այսօր հյուրընկալել էր ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ավագ դասախոս, գնդապետ Արմեն Գևորգյանին, ով վստահեցրել է, որ հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բարձր դիրքերում է և պատրաստ է արձագանքելու հակառակորդի բոլոր ոտնձգություններին։
«Միայն հակաօդային պաշտպանությամբ պատերազմում չես հաղթի, իսկ առանց դրա կպատրվես ժամանակակից ցանկացած պատերազմում»,- վկայակոչելով մարշալ Ժուկովի խոսքերը՝ գնդապետ Արմեն Գևորգյանն ընդգծում է հակաօդային պաշտպանության համակարգի կարևորությունը զինված ուժերում։
Հայկական հակաօդային պաշտպանության հիմքը դրվեց 1992 թվականին` խորհրդային բանակի՝ տարածաշրջանում առկա զորամասերի հիման վրա: Շուշին և Լաչինի միջանցքն ազատագրելուց հետո նույն թվականի մայիսից հակաօդային պաշտպանությունը տեղափոխվեց նաև Արցախ։
Հայկական հակաօդային պաշտպանության զորքերի այսօրվա վիճակը գնդապետը գնահաըում է բարձր: «Համակարգը վերազինվում է ժամանակակից միջոցներով, ռազմական տեխնիկան կատարելագործելով ու նոր մարտավարության որդեգրմամբ անգամ հակառակորդին կարողանում ենք պարտադրել խաղի մեր կանոններն ու փոխել մարտավարությունը»,- ասում է զինվորականը։
Ադրբեջանն այսօր քնած չէ և ամեն կերպ փորձում է հզորացնել իր ռազմաօդային ուժերը, բայց հայկական հակօդային պաշտպանությունն ի զորու է դիմակայել թշնամու հարձակումներին:
«Հայկական ռազմական ուժերի խնդիրն ըստ էության ամուր պաշտպանության կազմակերպումն է, ինչն է լ իրականացվում է պատշաճորեն»,- ասում է Արմեն Գեւորգյանը։