
Ջազի միջազգային օրն ամեն տարի յուրահատուկ երանգ է տալիս գարնանային Երևանին, Կասկադն էլ վերջին տարիներին ջազի խորհրդանիշ է դարձել շատերի համար։ Ջազի սիրահարներն այսօր, սակայն, Կասկադ չեն շտապի։ Ջազի հայկական ասոցիացիան իր ամենամյա Ջազ փառատոնն այս տարի տեղափոխել է առցանց հարթակ, կարանտին է։ Կարանտինային ձեր օրն այսօր երեկոյան ջազով լցնելու հրաշալի հնարավորություն ունեք։
Եթե համացանցում կարելի է աշխատել, սովորել ու քննություն հանձնել, ուրեմն՝ ինչու չի կարելի ջազ փառատոն անցկացնել։ Ջազի հայակական ասոցիացիան իր ամենամյա Ջազ փառատոնն այս տարի տեղափոխել է հեռավար հարթակ։ Ջազի միջազգային օրվա առիթով այսօր երեկոյան ջազային հրավառություն է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Ասոցիացիայի նախագահ Կամո Մովիսյանն ասում է՝ փոքր–ինչ անսովոր է, բայց կարծեք թե վատ չի ստացվելու․
«Ջազի հայկական ասոցիացիան ամեն տարի անդրադառնում է այս օրվան, համերգ է կազմակերպում Կասկադում։ Ավանդույթին հետևելով, բայց նաև հաշվի առնելով, որ այս տարի այդ հնարավորությունը չկա, մենք որոշեցինք համերգն անել օնլայն հարթակում։ Հրավիրել ենք մեր բոլոր ճանաչված ջազմեններին , նախապես նկարահանել ենք և երեկոյան 20․ 00-ին Ջազի հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջով կներկայացնենք համերգը»։
Ավագ ու երիտասարդ սերնդի՝ հանրապետության լավագույն ջազմեններն այսօր կլինեն օնլայն փառատոնի մասնակիցները։ «Մեցցո» ակումբում նկարահանված 2.5 ժամ տևողությամբ առցանց համերգը կարող է ջազով լցնել ձեր կարանտինային երեկոն։
Ջազմեն Վահագն Հայրապետյանի համար առցանց համերգային կյանքն արդեն սովորական է դարձել, այնպես որ՝ առցանց ջազային փառատոնի գաղափարն էլ նրան առանձնապես խորթ չի թվում․
«Արդեն անսովոր չէ, որովհետև մարտի 28-ից ինքս ամեն օր օնլայն համերգներ եմ տալիս։ Նույնիսկ դարձել են շատ արդիական։ Այսօր ամբողջ օրը օնլայն համերգներ ու հարցազրույցներ եմ տալու»,- ասում է Հայրապետյանը։

Օրվա առիթով Վահագն Հայրապետյանը շնորհավորում է ինչպես ջազմեններին, այնպես էլ ջազի սիրահարներին, որովհետև առանց նրանց, ինչպես ասում է, ոչինչ չի ստացվի։ Ի վերջո, ջազը երկխոսություն է երաժշտի և ունկնդրի միջև։
«Ջազը ընդհանրապես կյանքի իմաստն է կազմում․ և՛ երկխոսություն է, և՛ սեր է, և՛ մարդկային հարաբերություններ է, և՛ պոզիտիվ տրամադրություն է»,- նշում է երաժիշտը։
Ունկնդիրներիս հաճախ թվում է, թե ջազի մասին նա գիտի ամեն ինչ, բայց ինքնամեկուսացման օրերին ջազի աշխարհում բազմաթիվ նոր բացահայտումներ է արել , որովհետև մաեստրո Երվանդ Երզնկյանի համար ջազը նաև անսահմանություն է։
Ջազի միջազգային օրն ամեն տարի հրաշալի նշում է նաև Գյումրին՝ ավանդույթ դարձած «Ջազ հայաթ» միջոցառմամբ։ Գյումրու «Ջազ հայաթը» ևս այս տարի առցանց հարթակում է։ Առցանց կհիշեն հատկապես հին ու չմոռացվող կատարումները։ Ի հեճուկս համավարակին, քաղաքական վայրիվերումներին ու սոցիալական մշտակա խնդիրներին՝ աշխարհն այսօր ջազ է լսելու։




