Տնտեսական

Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ երկրների վարչապետներն ու Տիգրան Սարգսյանը խմբակային լուսանկարվել են։ Խորհրդի ընդլայնված կազմով նիստը կմեկնարկի ավելի ուշ։ Ընդլայնված նիստի ժամանակ նախատեսվում է երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները, իսկ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա մամուլի ներկայացուցիչների համար։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։

Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է  նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել  ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։

Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում  նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։

Կարդացեք նաև

Back to top button