Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային
2017 թվականի հուլիսի 13-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դիմանկարը: Նամականիշի աջ մասում, կինոժապավենի մեջ, պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ «Պեպո»-ից: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը:
Նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակներն են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը: