

Ինովացիոն նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ սովորաբար պետք է ապահովի բարձր արդյունավետություն, ինչը չի կարելի ասել հակակարկտային կայանքների մասին: Ուժեղ կարկուտի ժամանակ դրանց արդյունավետությունը զրո է: Միասնական համակարգից կառավարումը դարձյալ փրկություն չէր, քանի որ անցած տարի Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից տուժել էր կապի խզման պատճառով: Մարզում առաջարկում են կայանքների վրա տեղադրել մեխանիկական սարքեր՝ աղետի ժամանակ ձեռքով կառավարելու համար:
Գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանելու նպատակով Արմավիրի մարզում միայն անցած տարի տեղադրվել է 34 հակակարկտային կայանք՝ դրանց թիվը հասցնելով 206-ի: Կայանքների թիվն ավելանում է, սակայն չի նվազում կարկուտի վնասի չափը: Անցած տարի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից կրել է 29.5 մլրդ դրամի կորուստ: Ենթադրաբար, որ կարկտաբեր ամպերը մարզի տարածք մուտք են գործում Թուրքիայի կողմից, ապա երկշերտ կայանքներ են տեղադրվել սահամանամերձ հատվածում, սակայն Վանադից մինչև Արագածավան ընկած հատվածը բաց է մնացել: Հակակարկտային կայանքների հզորությունը թույլ է, լիարժեք չի պաշտպանում: Արմավիրի հակակարկտային կայանի պետ Միհրան Նաջարյանը նշեց, որ կայանքները թույլ ամպերի վրա ազդում է 90 տոկոսով, միջինը՝ 55, ուժեղին՝ 20, իսկ աղետալի ամպերի դեպքում արդյունավետությունը հասնում է զրոյի:
Անցած տարվա փոթորիկներով ուղեկցվող ուժգին ամպերի դեմ հակակարկտային կայանքները չեն կարողացել պաշտպանել, պատճառներից մեկը նաև կապի խզումն է եղել: 206 կայանքները կառավարվում են մեկ միասնական համակարգից:
Կարկուտի ժամանակ որպեսզի կապի խզումը գյուղատնտեսության վնասի պատճառ չդառնա համայնքների ղեկավարներն առաջարկեցին կայանքներում մեխանիկական սարքեր տեղադրել և իրենց թույլատրել աղետի ժամանակ մուտք գործել կայանքի տարածք և գործարկել:
Յուրաքանչյուր կայանք պաշտպանում է մինչև 80 հա տարածք: Կայանքների գազի լիցքավորումը ըստ պարտավորության կատարվում է համայնքի միջոցներով, գործունեությունը վերահսկվում է մասնագետի կողմից:
Գյուղատնտեսությունը աղետից պաշտպանելու ինովացիոն ավելի զարգացած տեխնոլոգիաների կարիք ունի, որի արդյունավետությունը պետք է բարձր լինի:




