ԿարևորՔաղաքական

Դ. Բաբայան. Անպատիժ մնացած ահաբեկիչն ավելի սոսկալի է դարձնում իր պահվածքը

mariapapyan
«Ռադիոլուր»-ը կապ է հաստատել ԼՂՀ հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ներկայացնում ենք «Ռադիոլուրի» ժամը 13.00-ի եթերից հատվածը՝ ամբողջությամբ:

-Այսօր վաղ առավոտից, ինչպես նաեւ նախորդ գիշեր ադրբեջանական բանակը ինտենսիվ հրետահրթիռակոծության ենթարկել հայկական բնակավայրերը: Ինչ է այս պահին կատարվում շփման գծում, ինչ է ձեռնարկում հայկական կողմը:

-Ադրբեջանական կողմը կրկին դիմել է իր ահաբեկչական քայլերին: Արցախի ՊԲ –ն ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի զսպի հակառակորդին եւ լռեցնի նրա կրակակետերը: Այդպես էլ եղել է։ Ըստ մեր հետախուզության տվյալների, հակառակորդի մոտ խուճապ է առաջացել, նրանք ունեն բազմաթիվ զոհեր: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունները վարում են հանցավոր քաղաքականություն, այդ թվում նաեւ սեփական բնակչության նկատմամբ:

— ԼՂՀ ՊԲ վերջին երկու հայտարարությունները պատժիչ գործողությունների վերաբերյալ, արձանագրում են, որ Ադրբեջանը փորձում է սադրել հայկական կողմին եւ միջազգային կառույցներին, խոսում է 1994-95 թթ-ի զինադադարը չեղարկելու մասին: Որը պետք է լինի Արցախի պատասխանը :

-Մենք այդ հայտարարություններով ցույց ենք տվել, որ հարգում ենք միջազգային մարդասիրական նորմերը, Ժնեւյան կոնվենցիաներ,  եւ գտնում ենք, որ խաղաղ բնակչությունը չպետք է դառնա վահան, կենդանի ցանկապատ զորքի համար, ինչը, հակառակ մեզ, կիրառում է Ադրբեջանը: Սրանք, կրկնում եմ, ահաբեկչության նշաններ են, որովհետեւ միայն ահաբեկիչներն ու  հանցագործները կարող էին նման քայլի դիմել: Մենք բազմիցս կոչ ենք արել միջազգային հանրությանը ավելի լուրջ վերաբերվել այդ հարցին եւ շատ կարեւոր է խստացնել դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ: Այս վերջին 2-3 օրվա ակտիվացումը նաեւ կապված է միջազգային հանրության բացթողումների հետ: Երբ Բաքվում անցկացվում է ՄԱԿ- քաղաքակրթությունների ֆորումը եւ այնտեղ քաղաքական գործիչները Ադրբեջանին ներկայացնում են որպես հանդուրժողականության եւ ժողովրդավարության օրինակելի երկիր, դա բերում է նման հետեւանքների: Ահաբեկիչը, տեսնելով որ իրեն ոչ միայն չեն պատժում, այլեւ խրախուսում են, այսպիսի գնահատականներ են տալիս, էլ ավելի սոսկալի է դարձնում իր պահվածքը: Միջազգային հանրությունը ավելի կոշտ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի ահաբեկչությունը չտարածի: Այդ գովասանքները մի օր բերելու են նրան, որ հենց իրենք են տուժելու նման ահաբեկչությունից:

— Վերջին օրերին շատ է խոսվում նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, ՄԽ ձեւաչափը փոխելու Ադրբեջանի ձգտումների մասին: Ինչ եք կարծում, որքանով է սպասելի հասցեական հայտարարություն ԵԱՀԿ ՄԽ –ից:

— Կարծում եմ, որ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության պատճառով փաստորեն Ադրբեջանը 4 օրվա ընթացքում տապալել է 1994-1995 թթ-ի պայմանագրերը։ Դրանք պարզապես այլընտրանք չեն թողնում ՄԽ համանախագահների համար եւ մեխանիզմներ ներդնելու համար այլընտրանք չկա: Նրանք պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ: Պետք է հասցեական լինեն եւ գնահատականները,  եւ  մեղադրանքները։ եթե կողմերից մեկը խախտում է զինադադարը, պետք է այն ներկայացնելու հիմք եւ փաստեր լինեն : Իհարկե, մենք ներկայացնում ենք փաստեր, բայց քանի որ չկան այդ մեխանիզմները, Ադրբեջանը պարզապես շարունակում է իր ստահոդ քաղաքականությունը եւ փորձում է բարդել ողջ պատասխանատվությունը Արցախի եւ ՀՀ վրա: Եթե այդ մեխանիզմները ներդրվեն, դա կլինի գրեթե անհնար՝ նաեւ տեխնիկական տեսանկյունից: Ակնկալում ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները կակտիվանան: Իհարկե, սա երկարատեւ գործընթաց է, բայց սա էլ է մի ուղղություն, որը նախկինում անտեսված է եղել: Հիմա պետք է  ավելի դիպուկ, ավելի համառ աշխատանք կատարել այդ մեխանիզմները ներդնելու համար: Ի վեջո,  միջնորդները պետք է նաեւ ինչ- որ ձեւով հանդես գան դիտորդների դերում այս ոլորտում եւս եւ փորձեն պատասխանատվության կանչել եւ ֆիքսեն, թե ով է պատասխանատու այս կամ այն զինադադարի ռեժիմի խախտման համար:

 

Կարդացեք նաև

Back to top button