Տնտեսական

Տնտեսվարողները շարունակում են դժգոհել. ակցիայի մասնակիցները երթով շարժվել են նախագահական նստավայր

hasmikdilanyanarminegevorgyan

Այսօր կրկին կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք արդեն երրորդն օրն է, որ գործադիր մարմնի շենքի առջև դժգոհում են Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխություններից: Հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերի իննին կառավարությունը որոշեց  մինչև փետրվարի մեկը  հետաձգել օրենքի  այն դրույթը, որով տնտեսվարող սուբյեկտները պետք է տասնօրյա ժամկետում տեղեկություններ տրամադրեին հարկային մարմիններին: Փետրվարի մեկը մոտենում է, իսկ տնտեսվարողները շարունակում են դժգոհել:

 

Նշենք, որ նախորդ տարեվերջին , ավելի ստույգ դեկտեմբերի 16-ին ՓՄՁ ներկայացուցիչներն իրենց նամակ-առաջարկն են հանձնել կառավարությանն ու դեռ սպասում են պատասխանին, նրանք վստահեցնում են՝ եթե ժամանակին իրենց առաջարկների պատասխանները ստանային, ապա կառավարության շենքի առջև դժվար հավաքվեին:

Իսկ կառավարությանը նրանք առաջարկում են անցնել կամավորության սկզբունքին, կամ  էլ շարունակել աշխատել  ինչպես նախկինում էին աշխատում: Նշենք, որ այս օրերին նաև ստեղծվեց  «Կասեցում» քաղաքացիական շարժումը, այս շարժման հետևորդներն ավելի կտրուկ են իրենց գործողություններում, նրանք օրենքի կասեցում են պահանջում Կասեցում քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը շեշտում է՝  չեն հավատում հայտարարվող խոստումներին, եթե խոստումներով առաջնորդվեինք,  ապա Հայաստանի տնտեսությունն արդեն շատ հզորացած կլիներ:

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փաստաթղթավորման դրույթին դեմ է նաև տնտեսագետ Վիլեն խաչատրյանը:  Նրա դիտարկմամբ, կառավարությունը  պետք է գնա զիջումների, տնտեսագետը նաև դեմ է փոքրի միջոցով մեծերի դեմ պայքարելու քաղաքականությանը: Փոքրերը ցանկանում են ավելի ազատ լինել, իսկ ստվերի դեմ պայքարն ավելի արդյունավետ կլիներ, եթե ողջ ՓՄՁ միանար այդ գործընթացին, իսկ դա երբևէ չի լինի:

Հավելենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջև մի քանի ժամ կանգնելուց հետո, այդպես էլ չհանդիպեցին վարչապետի հետ, քանի որ երկու օր առաջ վարչապետն իրենց առաջարկել էր հանդիպել, սակայն, վերջիններս հրաժարվել էին, այսօր արդեն կառավարության ղեկավարի օրակարգը խիստ հագեցած էր: Նրանք երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր:

Կարդացեք նաև

Back to top button