
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նախախորհրդարան նախաձեռնությունում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր խոսվել է նոյեմբերի 26-27-ին նախաձեռնության անդամների ավտոմեքենաների հրկիզման դեպքերի եւ նախաձեռնության անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին: Նախախորհրդարանի անդամներից Վարդան Հակոբյանը, պնդելով, որ կատարվածի թիկունքում իշխանության ներկայացուցիչներն են, հայտարարել է, թե նպատակը իշխանությունների դեմ իրենց կազմակերպած ավտոերթերի թափը կոտրելն է՝ «եթե չկա ավտոմեքենա, չի լինի ավտոերթ» տրամաբանությամբ: Նախաձեռնության անդամները շեշտել են, թե նման գործողությունները ոչ միայն չեն կարող խափանել կազմակերպվող ավտոերթերը, այլ նաեւ խթանում են դրանց առավել մեծ թափով իրականացմանը:
Ասուլիսի մասնակիցները տեղեկացրել են նաեւ, որ կազմակերպված հանգանակության արդյունքում առաջիկայում հրկիզված ավտոմեքենաների վարորդները կստանան փոխհատուցում: Նրանք կարծիք են հայտնել, որ իրենց նախաձեռնության անդամների եւ ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնությունները նույն ձեռագրն ունեն: Փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով՝ իրենց չի բավարարում իրավապահ մարմինների արձագանքն ու դեպքերը բացահայտելու ուղղությամբ քայլերը: «Ֆորմալ առումով քրեական գործեր հարուցվել են, սակայն օպերատիվ քննչական գործողություններ չեն իրականացվել»,-նշել է փաստաբանը:




