ՀասարակությունՌեպորտաժներ

Ծաղկի շուկայում լճացում է. կասեցվել է արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանը մայիսի 22-ից ժամանակավորապես կասեցրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ Ըստ պաշտոնական բացատրության ՝ պատճառը հայտնաբերված խախտումներն են։ Ռուս մասնագետները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ  տեսչական ստուգումներ են  իրականացրել ջերմոցային տնտեսություններում: Ստուգումներն արդեն ավարտվել են, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Իսկ այդ ընթացքում ծաղկի հայաստանյան շուկայում լճացում է․ ծաղկի արտադրությամբ զբաղվողներն իրացման լուրջ խնդիրների առջև են։

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում ծաղիկների արտադրությամբ զբաղվողների թիվը վերջին տարիներին աճել է: Հիմնականում ալստրեոմերիա և լիզիանտուս են մշակում: Ջերմոցներում հիմա ծաղիկների առատություն է, բայց գնորդներ չկան: Դրանց մեծաքանակ վաճառքը պայմանավորված է միայն արտահանմամբ: Հիմնական շուկան Ռուսաստանն է: Ալստրեոմերիայի մշակությունը եկամտաբեր է, քանի որ շարունակ ծաղկում է՝ ասում է Աննա Եղիազարյանը:

«Հիմա չի վաճառվում, դրա համար քաղել, թափել ենք: Մենք տնից ենք վաճառում, վերավաճառողները գալիս, տանում են: Դուրս էլ են տանում, այսինքն՝ մենք տեղյակ ենք, երբ  ծաղիկները դեռ չծաղկած, կոկոն էին տանում՝ արտահանվում էր: Դե, ընդհանրապես այս սեզոնին ծաղիկը լավ չի վաճառվում, բայց հիմա ընդհանրապես չեն տանում»:

Աննան գրեթե ամբողջ օրն անցկացնում է ջերմոցում․ խնամում է ծաղիկները , մի մասն էլ քաղում ու թափում՝ տեղ բացելով հաջորդ ծիլերի համար: Ծաղիկ մշակողներն ափսոսանքով են խոսում իրենց չարչարանքը թափելու մասին, բայց տեղական շուկայում, ասում են,  չեն կարողանում ամբողջ քանակը իրացնել: Ամեն անգամ  ջերմոց մտնելիս խրձով ծաղիկներ ենք թափում՝ ասում է Գյուլնարան:

«Այս սեզոնին չեն տանում, պահանջարկ չկա, Ռուսաստան չեն տանում, իսկ ծաղիկներն ընդհանրապես շատ-շատ են: Այդքան ծաղիկ չի վաճառվում: 20 հատ ծաղիկը վաճառվում է 300, անգամ՝ 250 դրամով»:

Ծաղկի շուկայում լճացումը պայմանավորված է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» տարածած հայտարարությամբ, ըստ որի՝ տեսչական ստուգումներով պայմանավորված՝ ժամանակավորապես կասեցվում է ծաղիկների արտահանումը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ մեջբերում «2026թ մայիսի 22-ից  «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է  սահմանել Հայաստանից ծագող և ներմուծվող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Սահմանափակումը կգործի մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը։ Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար»։ Մեջբերման ավարտ:

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ ՀՀ սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին հակառակ՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող  տեսակների հայտնաբերումը շարունակվում է։  Ըստ կառույցի՝ ներմուծված 96.2 միլիոն ծաղկային արտադրանքի մեջ հայտնաբերվել է 135 դեպք, որը 2025 թվականի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%–ն է։        

Անցած տարի հուլիսին Ռուսաստանը դարձյալ արգելել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը, որի հետևանքով ծաղիկ մշակողները զգալի վնասներ էին կրել: Գյուլնարան նույնպես այդ սահմանափակումներից տուժած գյուղացիների թվում է:

«Անցած տարի լիզիանտուս ունեինք:  Ծաղկման շրջանը համընկավ այդ շրջանի հետ, որ չէին արտահանվում:  Ծախսը շատ է,  ընդամենը 750 քմ ջերմոցում միայն 1 միլիոն դրամից ավելի սածիլների վրա ենք ծախսել՝ չհաշված սնուցումը, պարարտանյութը, վառարանները, ձմռանը՝ գազը, մի խոսքով՝  ծաղիկները չտարան: Արդեն պատկերացրեք, չծախվեց կամ էլ շատ էժան, գրեթե թափելու գնով վաճառեցինք, կամ էլ՝ թափեցինք»:

Այս տարի նորից  ծաղկի իրացման խնդրին են բախվել: «Դե, հիմնականում այս ծաղիկն այնքան շատ է, որ եթե արտահանում չլինի՝ այս վիճակն է լինելու»:

«Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներն իրականացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ տեղեկացնում է  տեսչության իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Մեր հրավերով մայիսի 21-ից «Ռոսսելխոզնադզորի» մասնագետներն այստեղ են, համատեղ ստուգումներ են, կավարտեն, կգնան, կամփոփեն ու կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա ստուգումը: Դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք էլ՝ մեր, և արդյունքները կհրապարակվեն»:

Իսկ քանի դեռ ստուգումների արդյունքները հայտնի չեն, ջերմոցների մոտ ավելանում են թափված ծաղիկների կույտերը։  

Կարդացեք նաև

Back to top button