
Մուսալեռում գյուղնշանակության հողերը 437 հեկտար տարածք են զբաղեցնում, որից 91 հեկտարը խաղողի այգիներն են։ Դրանց մեծ մասը, սակայն, անմշակ են: Գյուղացիներն ասում են՝ խաղողի այգիները քանդել կամ անմշակ են թողել՝ ելնելով իրացման ու մշակման դժվարություններից: Խնդիրներրից մեկն էլ ոռոգման ջուրն է:
Մուսալեռի հողային հաշվեկշռում խաղողի այգիների գրանցված թվերը չեն համապատասխանում իրական պատկերին, ինչը այգետերերի անփութության հետևանքն է. այգիները չեն մշակվել կամ քանդվել են, սակայն հողային հաշվեկշռից դուրս չեն բերվել: Հիմա խաղողի կանաչ այգիների փոխարեն մնացել են սպիտակ հենասյուները, իսկ տարածքները պատվել են մոլախոտերով: Մուսալեռի վարչակազմի աշխատակից Մարիա Արմենակյանն ասում է, որ բարձրարժեք մշակաբույսից շատերն են հրաժարվել:

«Մարդիկ քանդել են իրենց այգիները, դատարկ են այդ հողերը: Եթե ես ասեմ խաղողի այգիներից այսքանը պտղատու է, իրականում այդքանը գոյություն չունի: Հողային հաշվեկշռով երևում է որպես խաղողի այգի, բայց եթե գնանք ու հողը տեսնենք, այնտեղ խաղողի այգի գոյություն չունի: Շատ քիչ հատվածում են մարդիկ խաղող մշակում»:
Գյուղում խաղողի բերքատու այգիները շուրջ 14 հա տարածք են զբաղեցնում, գերակշռողը տեխնիկական «Ռկածիթելի» սորտի խաղողն է, մի մասն էլ՝ սեղանի «Անահիտ» սորտը: Գյուղացիներն ասում են՝ խաղողի այգիները քանդել կամ անմշակ են թողել՝ ելնելով իրացման ու մշակման դժվարություններից: Անդրեասն իր 0.5 հա խաղողի այգին 3-4 տարի է մշակել, հետո դարձրել վարելահող: Սեփականաշնորհված հողամասը տնից հեռու է՝ Արևաշատ գյուղի մոտ, հիմա չի մշակում:

«Եթե հողը չի մշակվում, ապա ջրի պատճառով է: Մինչև այդ մենք խաղող ենք մշակել, հետո խոտ ենք ցանել: Մեր խաղողի այգին հողերի սեփականաշնորհման ժամանակ ենք ունեցել, հետո չկարողացանք արդյունավետ մշակել ու օգուտ չէինք ստանում, խոտ ցանեցինք: Դա այն ժամանակ էր, երբ բերքը հավաքում ու մթերում էին, բայց գումարը չէին տալիս, ուշացնում էին»:
Սարգիս Կարապետյանը, չնայած պատկառելի տարիքին, պահել ու խնամում է ոչ միայն խաղողի այգին, այլ ծիրանենիները: Մտահոգվել էր՝ ապրիլի վերջին խաղողի այգին ցրտահարվել էր, ասում է՝ շիվերը կվերականգնվեն, բայց բերքը կպակասի:
«Խաղողի այգի ունեմ ու ծառեր: Խաղողը ես իմ ձեռքով եմ հիմնել, 5000 քմ է: Առաջ շատ էին այգիները, բոլորը ջրի պատճառով քանդեցին: Ծիրանանոցում էլ մի 15 ծառ կա, էն էլ բերքը մնում է, թափվում ծառի տակ, առնող էլ չկա»:

«Ցրտահարվել են խաղողի այգին, ծիրանենին ու կարտոֆիլը: Ցուրտը 2 օր խփեց ու լրիվ խաշեց»:
Մուսալեռցիներն ասում են, որ այստեղ խաղողից բացի ավելի շատ տանձի ու խնձորի այգիներ են եղել, տնտեսությունն էլ կոչվել է Գինեվետ: Նախկին պտղաբուծական ու այգեգործական տնտեսությունից գրեթե ոչինչ չի մնացել: Գյուղատնտեսական նշանակության հողերում հիմա ավելի շատ ձմերուկ են մշակում: Մարտիկի սեփականաշնորհված հողը Ոսկեհատ գյուղի մոտ է՝ 8 կմ հեռավորության վրա: Ամուսինները երկար տարիներ զբաղվել են բանջարեղենի մշակությամբ: Կինն ասում է՝ դաշտում տնտեսություն էին հիմնել:
«Պղպեղ, սմբուկ, լոլիկ, լոբի, բամիա․ այն, ինչ պետք էր տանը, մեր օգտագործման համար մշակել ենք: Ավելացած բերքն էլ վաճառում էինք մեր դռան դիմաց: Ոռոգման ջուրը նորմալ էր, բայց էդ ջրի խողովակները որ հանեցին, արդեն շատ դժվարացավ»:

Բանջարեղեն հիմա ավելի շատ մշակվում է տնամերձ հողամասերում: Ոռոգման ջրի հետ կապված Մուսալեռի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանը հակառակն է պնդում՝ գյուղն ապահովված է ոռոգման ջրով:
«Ժամանակ է լինում, որ Երևանյան լճում ջրի պակասություն է լինում, ու այն լրացնելու համար մի քանի օր ոռոգման ջուր չի լինում, բայց հող մշակողները բոլորն էլ մշակում են: Ջուրը հասնում է մինչև հողերը, ջուր չեն կարողանում մատակարարել ինչ-որ պատճառներով՝ վթարի, ջրանցքները մաքրելու պատճառով, բայց բոլորի հողերին ջուրը հասնում է»:
Վարչական ղեկավարի խոսքով՝ ջրատար երեք մեծ խողովակներից երկուսն է հանվել, իսկ մեկը մնացել է, որն էլ, ըստ Սամվել Ֆարֆարյանի, բավարարում է ոռոգման պահանջարկը: Բացի դրանից, ասում է, հողերը ոռոգվում են նաև խորքային հորերի միջոցով:
«Մի 13 հատ է, եթե չեմ սխալվում, որից 6-ը չեն գործում: Դա էլ պետք է վերականգնեն. վերակառուցվի, զինվի, որ օգտագործվի»:
Մուսալեռում սկսել են հիմնել նաև մեծ ջերմոցային տնտեսություններ, որտեղ աճեցնում են ծաղիկներ, վարունգ ու լոլիկ, իսկ բաց դաշտերում՝ նաև ավել՝ սորգո մշակաբույսը:




