
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում ոռոգման ջրի սակավության պատճառով: Դրանք գտնվում են ոռոգման ընդհանուր ցանցի վերջնամասում և բերքի հասունացման շրջանում ջուր չեն ստանում: Բացի այդ, քիչ չեն գերնորմատիվային հողերը, որոնք շատ ջուր են պահանջում, բայց քիչ արդյունք տալիս:
Ակնալիճ գյուղի հողագործների համար ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի պակասն է։ Գյուղացիներն ասում են, որ ջուր չլինելու պատճառով հողերի մեծ մասը չեն մշակում: Առատ տեղումներից հետո հիմա ոռոգման ցանցում ջուր կա, բայց ամռանը ցանցը ցամաքում է: Ստորին Հրազդան ջրանցքից Ակնալճին գրեթե ջուր չի հասնում, ոռոգումը կազմակերպում են խորքային հորերից՝ կաթիլային եղանակով, բայց դա նույնպես չի բավարարում ջրի պահանջարկը:

Զրուցակիցներս բացատրում են, թե ինչ դժվարությամբ են հողերը ոռոգում.
«Կաթիլայինն էլ չի արդարացնում, որովհետև մի արտեզյան հորի վրա 80-100 հա բոստան են դնում, չհաշված խաղողի այգին: Էդ կաթոցով ինչքան կաթի, որ բույսն էլ հագենա: Մի քանի արտեզյանի կարիք կա, մեկն անմիջապես իմ հողի մոտ: Մեր էդ տարածքում արտեզյան հոր չկա»:
«Ինքնահոս էլ ջուր չկա, էնտեղ պոմպով ջուր կար, բայց ցամաքել է: Էս քանի՜ տարի է չի աշխատում, ջուրը պրծել է: Այստեղ ուրիշ արտեզյան հորից մի կերպ ջուր ենք բերում, ջրում»:

Գյուղացիների մեծ մասն անցել է կաթիլային ոռոգման: Խորքային հորերից ավելի քան 1 կմ պլաստմասսայե խողովակներով ոռոգման ջուրը հասցնում են մշակվող տարածքներ: Վարդան Մարտիրոսյանը նույնպես կաթիլային համակարգ է անցկացրել, ասում է, որ ջրագիծը շատ թանկ է, բայց ստիպված ծախսեր են անում, վարկ են վերցնում: Նա շուրջ 14 հա հող է մշակում:
«8 հա խաղողի այգի է, 4 հա լոլիկ է, 2 հա էլ պտուղ, բոլորն էլ կաթիլային ոռոգում: Ոռոգման ջուրը արտեզյան հորից է, մեկ էլ՝ սելավ է գալիս: Հիմա կա, բայց սեզոնին՝ մի ամիս հետո, կպրծնի: Մենք վերջին կետն ենք, էն վերևի գյուղերը ջուրը վերցնում են, մինչև մեզ է հասնում՝ տակի մնացորդն է գալիս»:

Վարդանը գյուղի նախկին ջրբաշախն է, լավ գիտի ջրի հոսքի ուղղությունները: Վերևի գյուղեր ասելով՝ նկատի ունի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ և այն գյուղերը, որոնց տարածքով է անցնում ինքնահոս ջրատարը:
Ինքնահոսով կաթիլային ոռոգում չեն կարող անել, քանի որ ջրի հետ աղբ է գալիս: Վարդանի հողերը 3 տարբեր վայրերում են, որտեղ 2 խորքային հոր կա:
«Երկու արտեզյանը չի հերիքում։ Ընդհանրապես՝ 1 արտեզյանը հերիքում է 40 հա հողին: Այդ հատվածում 200 հա հող է, 2 արտեզյան և ինքնահոս ջուրը: Եթե բոլորը մշակեն հողերը, այդ 2 արտեզյանը չի հերիքի էդքան հեկտարին»:

Ակնալիճում գյուղատնտեսական նշանակության հողերը 1200 հա են, սակայն դրանց 55-60 տոկոսն անմշակ է: Գյուղում 15 խորքային հոր կա: Վերջին տարիներին գյուղի մի հատվածում նոր ոռոգման ցանց է կառուցվել, քանի որ հողային ճանապարհով ևս շատ էր ջրի կորուստը:
Գյուղացիներից մեկը դժգոհում է. «Լրիվ նոր է, ոնց կա, այդպես էլ մնացել է, ջուր չկա, որտեղի՞ց գա: Որ ջուր չկա, ինչու՞ բերեցին, դրեցին, դրա փոխարեն թող արտեզյան փորեին: Հենց անմիջապես իմ հողի մոտով է անցնում կիսախողովակային ցանցը: Մինչև հիմա այդ կիսախողովակները կան, ջրագրելակներով,սիրուն ներկած, նայում ենք, որ ձեռք չտան, բայց ջուր չի գալիս: Ջուր չկա, չէ»:
Ակնալիճում հողերի որակը ցածր է՝ 4-5-րդ կարգի։ Բացի այդ՝ քիչ չեն գերնորմատիվային հողերը՝ ժողովրդի խոսքով՝ հարամիները, որտեղ ոռոգումն անիմաստ է, քանի որ ջրի կորուստը շատ է ու բույսին գրեթե չի հասնում:




