
Նոր Արմավիրում վարելահողերի հաշվին ավելանում են պտղատու այգիները: Բանջարեղենի մշակությունը փոխարինվել է ծառապտուղներով, որոնցից գերակշռողը կեռասն է: Բացի դրանից մշակում են ծիրանի, դեղձի, սալորի այնպիսի սորտեր, որոնք ունեն իրացման ճանապարհներ՝ արտահանվում են, չրեր են պատրատվում, վաճառվում են շուկայում: Այս տարին խոստումնալից է, և չնայած վերջին օրերի եղանակային փոփոխություներին, գյուղացիների սպասելիքները մեծ են:
Նոր Արմավիրում գտել են ոչ եկամտաբեր հողից եկամուտ ստանալու գաղտնիքը։ Այստեղ վարելահողերը վերածել են պտղատու այգիների. կեռասենի են տնկել, ծիրանենի, դեղձենի ու սալորենի: Տնամերձ հողամասերում էլ ծառեր շատ կան: Դեռ մեկ շաբաթ առաջ կեռասենիներն ամբողջությամբ ծաղկել էին ու պատվել սպիտակ շղարշով: Լավ բերք է սպասվում՝ ասում է Իդա Ավդալյանը:

«Որի մեջ արդեն բերք կա՝ կմնա, մնացածը կթափվեն: Սա երկարապոչ կեռասն է, վերջին ծառերը՝ կարճապոչ: Արդեն դրանց ծաղիկների մեծ մասը թափվել են: Ցրտահարություն չի եղել ծառերին, մի քանի օր առաջ եղավ, բայց գետնի մակերեսին էր»:
2000 քմ տնամերձում սկզբում խաղողի այգի են հիմնել, հետո մշակման ու իրացման դժվարություններից ելնելով 2000-ականների սկզբին այգին քանդել ու կեռասի ծառեր են տնկել, բայց մի քանի վազ, այնուամենայնիվ, պահել են:

«Խաղողի այգին շատ աշխատատար է, սրսկումներ, ինչքան էլ ուզում ես բերք ունենաս, միևնույնն է, քո չարչարանքը չի հանում: Սեզոնին շատ էժան են մթերում, դրա համար որոշեցինք քանդել ու ծառ դրեցինք: Եթե բերքը չի արդարացնում, չես կարողանում տանդ կարիքները թեկուզ մի քիչ բավարարել, ուրեմն այնպիսի բան պիտի մշակես, որ օգուտ ստանաս»:
Նոր Արմավիրում գերակշռում են կեռասի այգիները: Բարենպաստ եղանակի դեպքում դրանից ավելի շատ են օգուտ ստանում: Մարգարիտա Հարությունյանի սպասելիքներն այս տարի մեծ են, եթե եղանակը կայուն մնա:

«Անցած տարի գիլաս չունեցանք, 1 տոննա գիլաս ենք ունեցել, իսկ դրանից առաջ՝ 5 տոննա: Դա եղանակային խնդիրներից է: Հիմա ահագին լավ է գիլասի վիճակը, ծիրանը՝ ոչինչ: Շատ են ասում, որ տնամերձերի ծառերը ցրտահարվել են, բայց դաշտերում չեն ցրտահարվել»:
Անցած տարի անձրևների պատճառով ծիրանի բերքն անորակ էր ու էժան: Ծառերի բուժման համար մեծ ծախսեր են արել, բայց անարդյունք: Մարգարիտայի ընտանիքը շուրջ 4 հա հող է մշակում: Տարբեր պտղատու ծառեր ունեն, բայց, ասում է՝ հիմնական եկամուտը կեռասից են ստանում: 1.5 հա հող էլ 3 տարի առաջ են գնել ու դարձյալ տնկիներ դրել: Բայց մինչև դրանք ծառ կդառնան, որոշել են՝ հողը պարապ չթողնել:

«Բանջարեղեն ենք մշակում՝ բիբար, բադրջան, պոմիդոր, ձմերուկ, եմիշ: Հողը 3 տարի առաջ ենք առել ու երեք տարի մշակել ենք, իսկ այս տարի ծառեր դրել: Մի երկու տարի էլ կմշակենք ու ազատ կթողնենք»:
Ազատ են թողնելու, որպեսզի տնկիները լավ սնվեն ու շուտ բերք տան: Բանջարեղեն մշակելուց հիմա շատերն են հրաժարվել՝ ասում է Մարգարիտան, բայց տարիներ առաջ այդպես չէր: Գյուղի վարելահողերն ամբողջությամբ բանջարեղենի մշակության տակ էին:

«Հիմա համատարած ծառատունկ են անում, պատկերացրեք, որ բանջարեղեն մշակողները շատ քիչ են, մատների վրա կարելի է հաշվել: Իսկ առաջ համատարած բանջարեղեն էին մշակում: Հիմա իրենց հեշտության համար են անում»:
Բանջարեղենի համար առաջին վերարտադրության որակյալ սերմեր են պետք, որպեսզի առատ բերք ունենան: Հողերի մշակությունը մեծ ներդրումներ է պահանջում:

Գյուղատնտեսական հիմնական աշխատանքներն իրականցնում են աշխատուժի օգնությամբ: Նրանց բաժին է հասնում եկամտի շուրջ 20 տոկոսը՝ ասում է Մարգարիտան: Իսկ պտղի իրացման խնդիր չունեն՝ բերքի մի մասը արտահանվում է, մի մասը հանձնում են չրանոցներին, մի մասն էլ՝ վաճառում շուկա




