
Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է գտնել կոսմետիկ ներարկումային միջամտություններ իրականացնող կենտրոններ, որոնց ագրեսիվ գովազդով ողողված է համացանցը։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել, թե քանի կազմակերպություն ունի նման գործունեության լիցենզիա, ինչ նյութերով ու դեղաչափով են արվում ներարկումային միջամտությունները։
Փոքրիկ անանուն հարցախույզը բացահայտել է չգրանցված մի շարք դեղերի կիրառման հնարավոր ռիսկեր, իսկ ոլորտի պատասխանատու կառույցներից ընդգծել են՝ խնդիրներ իսկապես կան։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն անգամ փոխանցել է հենց բժիշկներից ստացված ահազանգերը՝ երբեմն արված ներարկումներից հետո առաջացած խնդիրները շտկել չեն կարողանում։
«Նախ՝ մոդայիկ է։ Երկրորդը՝ անկախ տարիքից իրենք ուզում են ձևափոխել իրենց դեմքը»։
Դեմքը ձևափոխելն ու տարատեսակ ներարկումային միջամտությունների դիմելը գնալով ավելի տարածված ու մտահոգիչ է դառնում։ Նույնիսկ դրանով զբաղվող մասնագետներն են մտահոգվում, որ սա կարծես մոլուցք դարձած լինի։ Իրենց թվում է, թե ձևափոխված դեմքով, ավելի գրավիչ են դառնում, ավելի ինքնավստահ, ավելի ընդունված՝ նկատում է պերմանենտ դիմահարդարման մասնագետ Ռուզաննա Մարկոսյանը։
Ժամանակի ընթացքում փոքր փոփոխությունները կարող են վերածվել մեծ կախվածության՝ ասում է մասնագետը։ Ներարկումների քանակը երբեմն բավարար չի թվում։ Ներարկումից հետո, երբ դեղի ազդեցությունն անցնում է, արդյունքը՝ կորչում, հաճախորդը դա կրկնելու կարիք ու միտք է ունենում։
«Եթե մարդը պարզապես ցանկանում է գեղեցիկ ծերանալ, պետք է դիմի գրագետ մասնագետի։ Ճիշտ գնահատումը և գրագետ լուծումները կարող են օգնել պահպանել խնամված տեսքը՝ առանց չափազանցությունների»։
Փոքր, խելամիտ չափաքանակոսվ ներարկումները երբեմն կարող են օգնել ավելի խնամված տեսք ունենալ՝ ասում է զրուցակիցս, բայց անընդունելի է համարում մեծ քանակով ֆիլլերները դեմքի և մարմնի տարբեր հատվածներում։ Երբեմն դա արվում է նույնիսկ խնդիր չունենալու դեպքում, արվում է միայն այն պատճառով, որ մոդայիկ է։ Սա արդեն վտանգավոր միտում է՝ ասում է Ռուզաննա Մարկոսյանը։
«Տգեղ արդյունքը միայն մասնագետի որակավորման հարց չէ։ Դա նաև ճաշակի հարց է։ Երբ գեղեցկության չափանիշը դառնում է միայն թրենդը, անհատականությունը կորչում է»։
Այսօր գեղեցկությունը դարձել է շուկա։ Իսկ շուկայում միշտ չէ, որ հաղթում է գրագետ մոտեցումը։ Հաճախ հաղթում է մոդան՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ Ռուզաննան մեկն է լուրջ մտահոգություններ ունեցող այն բազմաթիվ մարդկանցից, որոնք ահազանգում են՝ այսօր շատ դեպքերում էսթետիկ ներարկումներ անում են բժշկական բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ՝ մի քանի օրվա ինչ-որ դասընթաց վկայագիր դարձրած։ «Բայց սա արվեստ չէ, սա բժշկություն է՝ իր լուրջ պահանջներով»,-ասում է պերմանենտ դիմահարդարման մասնագետը։
«Մարդու անատոմիան պետք է իմանալ։ Դեմքի վրա ամբողջությամբ նյարդային հանգույցներ են։ Սխալ կետ, սխալ խորություն, և կարող են առաջանալ լուրջ բարդություններ»։
Սխալ միջամտություն, անորակ կամ անհայտ ծագման պրեպարատ։ Երկու դեպքում էլ հետևանքները կարող է ծանր լինել։ Նույնիսկ՝ անդառնալի։
«Ես ունեմ պացիենտ, որը հենց այսօր էր իմ մոտ։ Այնքան անբնական տեսք էր ստացել։ Այդ աղջիկը այնքան էր այտուցվել, որ մի քանի օր սիստեմաներ է ստացել։ Երբ ասացի՝ գուցե ուրիշ մասնագետի դիմես, պատասխանեց՝ ես արդեն վախենում եմ, որ ավելի վատ արդյունք կստանամ»։
«Ռադիոլուր»-ը թեման ուսումնասիրելիս արձանագրեց՝ Հայաստանում գործող ու ակտիվորեն իրենց ծառայությունները գովազդող մի շարք կենտրոններ կոսմետիկ ներարկումային միջամտություններ առաջարկում են անել այնպիսի դեղերով, որոնք ներառված չեն երկրում գրանցված դեղերի ցանկում։ Այդ դեղերի անուններն ու գնացուցակը բացեիբաց դրված են սոցցանցային էջերում։
«Կանիտոքս», «Ֆորտոքս», «Նաբոտա», «Քսեոմին», «Ռելատոքս»․ սրանք այն դեղերի անուններն են, որոնց կիրառմամբ Հայաստանում հաճախ փորձում են հարթել կնճիռները և շտկել դեմքի թերությունները։ Այս անվանումները բոտուլոտոքսինային պատրաստուկների առևտրային բրենդներ են։ Ըստ մեր որոնումների՝ դրանք կիրառվում են թե՛ բժշկական, թե՛ կոսմետիկ նպատակներով։
Բայց այստեղ ամենակարևորը ոչ թե անվանումն է, այլ այն, թե տվյալ միջոցները գրանցվա՞ծ են Հայաստանում, ունե՞ն օրինական ներմուծում։ ՀՀ-ում գրանցված դեղերի պետական ռեգիստրում, որում ներառված են Հայաստանում օրինական գրանցում ունեցող բոլոր դեղամիջոցները, այդ թվում՝ վերահսկվող պատրաստուկները, այս անուններից մի քանիսը չկան։
«Ռադիոլուրին» առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ որպես կոսմետիկ ներարկումային միջոց գրանցված են միայն կորեական արտադրության «Ֆորտոքս» և «Բոտուլաքս» դեղամիջոցները, վերջինս՝ 3 տարբեր դեղաչափով։ «Ռադիոլուրը» չի գտել հաստատված տվյալ, որ նշված մյուս անվանումներով բոտուլոտոքսինային պատրաստուկները պաշտոնապես գրանցված են Հայաստանում։
«Ռադիոլուր»-ին առողջապահության նախարարությունից փոխանցել են՝ Հայաստանում անցյալ տարվա տվյալով գործում է լիցենզավորված 221 կոսմետոլոգիական ծառայություն։ Թե դրանց որ մասն է ներարկումային միջամտություններ անում, թիվը հստակեցված չէ։ Վերջիններս պարտավոր են այդ միջամտություններն անել գրանցված պրեպարատներով։
Այս ոլորտը վերահսկող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ նախորդ տարի կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտում մեծաթիվ ստուգումները բացահայտել են տասնյակ խախտումներ, այդ թվում՝ բժշկական անօրինական գործունեության 20 դեպք։ Քաղաքացիներից ու բժիշկներից տեսչական մարմինը սխալ միջամտությունների վերաբերյալ բողոք-դիմումներ ստացել է ու ստանում է։ Բժիշկներն անգամ ահազանգել են՝ շատ դեպքերում սխալները չեն կարողանում շտկել։
«Ունեցել ենք դեպքեր, երբ այցելել ենք ներարկումներ իրականացնող վայր, տեղում արձանագրել ենք կիրառվող միջոցներն ու նյութերը և դրանք ուղարկել փորձագիտական կենտրոն՝ համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով։ Եթե փորձաքննությամբ պարզվում է, որ կիրառված միջոցը հանդիսանում է դեղ և այն գրանցված չէ, ապա կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ չգրանցված դեղի շրջանառության համար սահմանված կարգով։ Տուգանքը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հազարապատիկին»։
Չլիցենզավորված գործունեության 19 դեպքի մասին տեղեկություն է ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե։ Կառույցի ղեկավարը ևս կարևորում է, որ նման միջամտություններն իրականացնեն բացառապես լիցենզավորված մասնագետներ։
«Նման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է լիցենզիա, մասնագիտացված կրթություն, հետբուհական վերապատրաստում և համապատասխան մասնագիտական հավաստագիր, իսկ գովազդը կարող է տարածվել բացառապես Առողջապահության նախարարության թույլտվությամբ»։
Մեկ այլ լրջագույն մտահոգություն էլ ունեն մասնագետները՝ սիրողական չափաքանակով ներարկումը։ Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուր»-ի այս մասին ի պատասխան պարզապես փոխանցել են, որ, մեջբերում, կան միջազգային փորձագիտական ուղեցույցներ, որոնք սահմանում են կոսմետիկ միջամտությունների ընթացքում կիրառվող դեղերի օգտագործման կանոնները, դեղաչափերը և անվտանգության պահանջները։ Բայց թե որքանով են պահպանվում այս պահանջները, ինչ մոտեցումներով են առաջնորդվում ամեն քայլի կոսմետիկ ներարկում կատարողները՝ գնահատում ու վերահսկողական պատկեր չկա։
Սլավիկ Սարգսյան․ «Տեսչական մարմինը չի իրականացնում ծառայությունների որակի գնահատում։ Մեր գործառույթը սահմանափակվում է իրավական պահանջների պահպանման վերահսկմամբ»։
Համացանցում բազմաթիվ են ու բուռն քննարկումները կոսմետիկ ներարկումների բարդությունների ու սպասվածից ծայրահեղորեն տարբեր արդյունքի վերաբերյալ։ Առողջապահության նախարարությունում 1 նման բողոք են ստացել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցում են՝ 8107 թեժ գծով պատրաստ են լսել ահազանգերը։
Իսկ էսթետիկ մասնագետ Ռուզաննա Մարկոսյանն անհասկանալի է համարում այսօրվա գեղեցկության չափանիշը։ Մի բան է հստակ՝ գեղեցկությունը չի կարող լինել կախվածություն։ Այն պետք է լինի գիտակցված ընտրություն։




