
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Քննարկվող դեպքում մեղադրյալին մեղսագրվում է դիտավորությամբ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում։ Ելնելով պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից՝ միջնորդում եմ Միքայել Աջապահյանին նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվարկելով նաև նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Բաղդասարյանը։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։




