
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գա, քանի որ կազմակերպության կողմից աջակցություն ստացած նախաձեռնությունները չեն համապատասխանում ամերիկյան շահերին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
«Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որը աջակցում է պրոգրեսիվ, տարաձայնություններ առաջացնող մշակութային և սոցիալական գաղափարների, և որոնք լիովին հակասում են այն խելամիտ քաղաքականությանը, որին ամերիկացիները կողմ են քվեարկել նոյեմբերին», — ասել է նա New York Post-ին։
Քելլին հավելել է՝ Թրամփի վարչակազմը ուշադիր հետևում է, որ «երկրի անդամակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին համապատասխանի Միացյալ Նահանգների ազգային շահերին»։
Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գործադիր խորհուրդը «հակաիսրայելական և հակահրեական օրակարգեր» է առաջ մղում, այդ թվում՝ «հրեական սրբավայրերի ներառումը Պաղեստինի համաշխարհային ժառանգության ցանկում», և «դատապարտել է հրեական պետության պատերազմը ՀԱՄԱՍ–ի դեմ», պնդել է խոսնակի տեղակալը։
Նա նաև մեղադրել է կազմակերպությանը «չինամետ» լինելու մեջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սին Քյուն Չինաստանի քաղաքացի է, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ «Չինաստանն օգտագործում է իր ազդեցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Պեկինի շահերին ծառայող համաշխարհային չափանիշներ առաջ մղելու համար»։
Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (ՄԱԿՀԽ) և Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունից (ՄԱՄԳԳ)։
Ամերիկացի առաջնորդը քննադատել էր ՄԱԿ-ին՝ ասելով, որ կազմակերպությունը «ունի հսկայական ներուժ», բայց այն երկար ժամանակ չի իրացրել։ Իր հրամանագրում Թրամփը նաև պահանջել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը վերանայվի 90 օրվա ընթացքում և ստուգվի, թե կազմակերպությունը որքանով է «աջակցում է ԱՄՆ շահերին»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգները լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. 1984 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմն արդեն լքել էր կազմակերպությունը։ Այդ ժամանակ որպես պատճառ նշվում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «չափազանց քաղաքականացված» լինելը և բյուջեի «անհիմն ծախսերը»։ Միացյալ Նահանգները վերադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ 2003 թվականին։ 2018 թվականին՝ իր առաջին ժամկետի ընթացքում, Թրամփը կրկին որոշում է կայացրել կազմակերպությունից դուրս գալու մասին։ ԱՄՆ–ն վերադարձել է կազմակերպություն 2023 թվականին։




