ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Իշխանությունը բացառում է քաղաքացիական պատերազմը, բայց սպասում է եկեղեցու պատասխանին

ՀՀ վարչապետը շարունակում է սոցցանցային գրառումներ անել և դրանցով արծարծած իր հարցերի պատասխաններն ակնկալել Հայ առաքելական եկեղեցուց։ Այս ընթացքում Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև համակարգող խումբ ստեղծելուն՝ այդպիսով առաջարկելով եկեղեցի-պետություն հարաբերությունները և խնդիրները լուծելուն ուղղված  մեխանիզմ։ Հանրային հնչեղություն ունեցող այս հարցին օրերի լռությունից հետո անդրադարձել է նաև Հայաստան վերադարձած Ամենայն հայոց կաթողիկոսը։ Սակայն այս ծանր բանավեճում լուծումներ կարծես դեռ չեն նախանշվում։

Եկեղեցի-իշխանություն առճակատումը չի կարող վերաճել քաղաքացիական պատերազմի, և իշխանությունը նման նպատակ չունի՝ այս թեմայով հնչած մտահոգություններին ի պատասխան հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ՝ նա հաստատել է, որ քաղաքական այս ուժի վարչության վերջին նիստում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է հանրային հնչեղություն ունեցող այս հարցը։ Հարությունյանը նման դիտարկումներին շատ կտրուկ կերպով է արձագանքում․

«Գլուխը պատին են տալիս, երբ, առհասարակ, խոսում են քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին։ Նրանք ուզել են հատկապես 20 թվականի պատերազմից հետո անընդհատ հրահրել պատերազմ, և իրենց այդ փորձերը ձախողվել է։ ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ։ Ի՞նչ արշավ, հարգելիներս, մեկ հարց ենք տվել՝ կուսակրոնության ինստիտուտը խախտվե՞լ է։ Բա ե՞րբ այդ հարցը տայինք։ 2018-ին որ ասեինք, կասեիք՝ լիքը կարևոր գործեր ունեք, 2020 թվականին ասեինք՝ կասեիք՝ Քովիդ է, 21-ին ասեինք, կասեիք՝ նոր եք ընտրվել»։

Միայն այս թեմայով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա մեջ արդեն մի քանի գրառում է արել։ Իսկ մինչև այդ նաև համակարգող խումբ ստեղծելու մեխանիզմ էր առաջարկել՝ իր ձևակերպմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու հետ պետության հարաբերություններն առողջացնելու համար։ Համակարգող խմբի առաջին տասն անդամների ընտրության պատասխանատվությունը Փաշինյանը վերցրել է իր վրա՝ խոստանալով գնահատել իր իսկ սահմանած չափանիշներին այդ թեկնածուների համապատասխանությունը։ Քանի՞ հայտ է արդեն ստացել վարչապետը եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն ունեցողներից՝ աշխատակազմի ղեկավարը դժվարանում է պատասխանել։

«Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին նման հաղորդագրություն կլինի, թե կոնկրետ հայտերի ներկայացման հետ կապված այդ գործընթացն ինչ ընթացք է ունենալու»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրեթե համոզված է, որ վարչապետի առաջարկած համակարգող խմբում պաշտոնյաներ չեն ընդգրկվի։ Թեև հարցի իրավական և օրենսդրական կարգավորումների մեխանիզմները դեռ հանրությանը չեն ներկայացվել, բայց Խուդաթյանն արդեն հավաստիացնում է, որ գտնվելիք լուծումները չեն հակասի Սահմանադրությանը, օրենքներին և բարոյականությանը։

«Ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի, և այդ աշխատանքային խմբի աշխատանքը լինելու է բացառապես ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում։ Ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենանք։ Ես ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինի ու կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից՝ գործող կամ նախկին»։  

Դրա հավանականությունը վարչապետն իր առաջարկում չէր բացառել՝ նշելով, որ համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգեւորականներ։ Կուսակրոն հոգեւորականների դեպքում Փաշինյանը պարտադիր է համարել, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Իշխանության կողմից կաթողիկոսին փոխելուն ուղղված արդեն գործնական քայլերին զուգահեռ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրերի լռությունից հետո խոսեց Հայաստան վերադառնալուն պես՝ Զվարթնոց օդանավակայանում։

«Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը»։  

Կաթողիկոսը խոսել էր իրեն աջակցող քաղաքացիների ներկայությամբ։ Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ պահանջվող և ակնկալվող պատասխաններն ամեն դեպքում չլսեցին։ Նախարար Խուդաթյան․

«Ես հաշտ չեմ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որը տեղի է ունեցել եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ, օրինակ, կուսակրոնության խախտումը և ոչ միայն։ Ինձ մոտ տպավորություն է, որ քրիստոնյաներից շատերը հաշտ են սրա հետ, և այդ հաշտ լինելը ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում»։

Իսկ իշխանական թևից եկեղեցուն ուղղվող հարցերը և օգտագործվող բառամթերքն ընդունելի են համարում մի շարք մարզպետներ։ Եկեղեցի-պետություն հարաբերություններում առաջացած հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտության մասին է խոսում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այսպես թե այնպես, մենք գիտենք, որ գոյություն ունի խնդիր առաջին դեմքերի մակարդակով։ Որպես հայ մարդ ես, իհարկե, շատ կցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Կա հարցադրում, ես վստահ եմ նաև ինչ-որ մի փուլում կլինի պատասխան, և այս ամեն ինչը կլուծվի ի շահ մեր հայ ժողովրդի»։

Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, ի դեպ, իր վերջին հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ շոշափված հարցերը և կասկածները եկեղեցականներից ոչ մեկը չի հերքում, իսկ եթե հերքեն, անուններ կտրվեն, ընդհուպ, թե ով ում կինն է, ովքեր են երեխաները: Սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները շարունակ պնդում են, որ գործընթացն ուղղված է ոչ թե եկեղեցու և եկեղեցականների դեմ, այլ կոնկրետ խնդիր լուծելուն։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Փաշինյանը՝ որպես քրիստոնյա, իր բարձրաձայնած հարցերը փորձում լուծել իր պաշտոնեական լծակներով, ապա կառավարության աշխատակազմի ղեկավարի վստահեցմամբ՝ առաջիկայում հարևնման հարցերի պարզաբանումները հենց վարչապետից լսելու հնարավորություններ կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button