Սիրիայի Լաթակիա նահանգում երկրի անվտանգության ուժերի եւ տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջեւ կատաղի մարտեր են տեղի ունեցել, հայտնում է BBC-ին։
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 48 մարդ։ Կազմակերպությունը նշում է, որ դրանք ամենակատաղի բախումներն են դեկտեմբերին Ասադի վարչակարգի տապալումից հետո։
Ըստ SOHR-ի՝ զոհվածների թվում են անվտանգության 16 աշխատակից, Ասադին հավատարիմ 28 գրոհային և չորս խաղաղ բնակիչ:
Հինգշաբթի օրը սիրիական SANA գործակալությունը հաղորդել է, որ պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները հարձակվել են Միջերկրական ծովի ափին գտնվող Ջաբլե քաղաքի հսկիչ անցակետերից մեկի վրա։ Այս վայրի մոտ է գտնվում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան։
Լաթակիա նահանգում պարետային ժամ է սահմանվել, Դամասկոսից լրացուցիչ ուժեր են ուղարկվել:




