ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայրենադարձությունը ոչ թե նպատակ է, այլ արդյունք․ գլխավոր հանձնակատարը՝ Սփյուռքում առկա խնդիրների ու հարցերի մասին

Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ, որը, չնայած իր բարոյական, սիմվոլիկ, դեկլարատիվ բնույթին, կարող է նպաստնել այս ուղղությամբ տարվող ծրագրերի ավելի արդյունավետ իրականացմանը՝ ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա լրագրողներն է ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ այսօր աշխատանքներ ու քննարկումներ են ընթանում։ Առանձնացրել ենք դրանցից երեքը։

«Ի գործ»․ հայրենադարձությունը ոչ թե նպատակ է, այլ արդյունք

«Ի գործ» նախագիծը մեկնարկել է 2020-ի սեպտեմբերի մեկից՝ 44-օրյա պատերազմից 2 շաբաթ առաջ, բայց շարունակել է գործել առանց դադարների։ Զարեհ Սինանյանը ծրագրի արդյունավետության ճշգրիտ գնահատական տալուց խուսափում է, սակայն ասում է՝ ըստ ծրագրի կաննոնների, 1 տարի պետական կառավարման համակարգում աշխատելուց հետո, իրենց բնակության երկրներ վերադառնալու հնարավորությունից չի օգտվել մասնակիցների 70-80 տոկոսը․ նրանք նախընտրում են մնալ Հայաստանում։

«Իհարկե, մեծ մասը, ի վերջո, անցնում են մասնավոր սեկտոր, հասարակական, բարեգործական կազմակերպություններ, բայց դա բնական է, ու մենք դա ողջունում ենք։ Պետական կառավարման համակարգում աշխատելը մեկ տարի ժամկետով է, իսկ դրանից հետո, ինչ կապված է Հայաստանի հետ, հավելյալ օգուտ է մեզ համար։ Մեր հիմնական խոչընդոտը «Ի գործ»-ի հետ կապված այն է, որ երբ 2019 թվականին մշակում էինք ծրագիրը, սահմանեցինք կեցության վճար, մի գումար, որը հնարավորություն կտար ծրագրի մասնակիցներին 1 տարվա ընթացքում ապրել Հայաստանում։ Հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ 2019 թվականից կեցության ծախսը, մանավանդ Երևան քաղաքում, կտրուկ ավելացել է, կրկնապատկվել է, իսկ մեր կեցության վարձի վճարը մնացել է նույնը»։

Նախագիծը մեկնարկելիս հայրենադարձությունը խթանելը առաջնային նպատակ չի եղել։ Խրախուսվել է Հայաստանի պետական կառավարման համակարգ նոր գիտելիք, տեխնիկական հմտություն, ինչպես նաև նոր մտածելակերպ ու աշխարհայացք ներմուծելու հնարավորությունը։ Սակայն արդյունքը, ըստ Զարեհ Սինանյանի, գերազանցել է սպասելիքները։

Հայկական Սփյուռքը խնդիրներ ունի ո՞ւմ է պետք ամենամեծ օգնությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուշադրությունը պարբերաբար շեղվում է՝ աշխարհաքաղաքական զարգացումներից ու տարբեր երկրներում հայերին սպառնացող վտանգից կախված։ Այսպես, օրինակ, 2019-ին Ուկրայինայի հայ համայնքին թիրախային ուշադրություն չէր դրաձվում, իրավիճակը փոխվեց 2022-ի փետրվարից՝ պատերազմի մեկնարկից հետո։ Նույն կերպ այժմ խնդիրներ կան Սիրիայում, Լիբանանում, չնախատեսված ճգնաժամ՝ նաև Երուսաղեմում․

«Այս պահին լուրջ ճգնաժամային խնդիրներ ունենք Իսրայելի, մանավանդ՝ Երուսաղեմի համայնքում՝ կապված պատրիարքարանի անհասկանալի փոխանցմամբ ու դրանից բխող դատական գործերի հետ։ Հիմա էլ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվերից սկսած ինչ-որ հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին, պնդելով, որ մի քանի տասնամյակ չի մուծել ինչ-որ գույքահարկեր և այլն, ու պահանջում են կլորիկ մի գումար, որը չվճարելու դեպքում պետությունը հնարավոր է պատժիչ քայլերի դիմի։ Ինչ-որ ձևով այդ պարտքը պիտի փակվի, դա հիմնականում արվում է գույքի, տարածքի միջոցով, ինչը ճակատագրական կարող է լինել։ Մեր փոքր եկեղեցին կարողացել է մի ամբողջ թաղամաս ձեռք բերել Սուրբ քաղաքում, ու հիմա կանգնած են այս վտանգի առաջ»։

Իրադարձությունները զարգանում են Երուսաղեմում, բայց անհրաժեշտ է, որ Հայաստանը որևէ կերպ անդրադառնա խնդրին։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ դա շատ բարդ է մի երկրի համար, որը նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ կառուցել Իսրայելի հետ։

Թող Արարատը ոչ թե նկարի վրա, այլ աչքի առաջ լինի, իսկ Արագածը սիրելը վատ գաղափար չէ

Արարատ սարի նկատմամբ՝ գերագնահատված, Արագածի նկատմամբ՝ թերագնահատված վերաբերմունքի, պատմական-իրական հայրենիքների, Ցեղասպանության ճանաչման գործընթացը դիվանագիտության առանցքային ուղղություն ընդունել-չընդունելու վերաբերյալ խոսույթը ինչպե՞ս է ընդունվում Սփյուռքում։ Զարեհ Սինանյանն ասում է՝ Սփյուռքը սիմվոլների նկատմամբ խիստ զգայուն է, բայց կարծում է, որ ճիշտ հարցադրումներ ուղղելու կարիք կա․

«Իմ շփումների ընթացքում փորձում եմ հայրենակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ էն հարցի շուրջ, որ ցեղասպանությունը անհերքելի փաստ է, որևէ մեկը չի հերքել և չի կարող հերքել դա, որ ցեղասպանության ճանաչումը կարևոր է, բայց այն պետք է լինի թիրախային։ Մենք պետք է հստակ հասկանանք՝ ինչ արդյունք ենք ուզում ստանալ։ Եթե դա զուտ մեր բարոյական հաղթանակն է, ապա, գիտե՞ք, մենք արդեն տարել ենք այդ բարոյական հաղթանակը, որովհետև արևմտյան աշխարհը մեծ իմաստով արդեն ճանաչել է ցեղասպանությունը և հարց է ծագում, թե ՝ և՞, հետո՞, ի՞նչ ենք ուզում։ Եթե ուզում ենք հողերի վերադարձ, որը երկար ժամանակ Սփյուռքի մեծ հատվածի համար եղել է նպատակ, այդտեղ տեղ հարց է ծագում, որ մենք․․․ կներեք, պիտի անկեղծ ասեմ։ 25 տարի ունեինք ազատ Արցախ, որը մեր վերահսկողության տակ էր՝ հայ ժողովրդի, բայց արի ու տես, որ այդ տարածքները ոչ մեկ չեկավ Սփյուռքից բնակեցնելու։ Հիմա, եթե խոսում ենք այդ հողերի մասին՝ ի՞նչ նպատակով, ես դա եմ ուզում հասկանալ։ Քանի՞ հոգի է իմ նման վեր կենալու և էնտեղ ամբողջ կյանքը կամ կյանքի մեծամասնություն ապրելուց հետո գալու ու բնակվելու ՀՀ-ում»։

Իրատեսական ու անհրաժեշտ նպատակներ սահմանենք՝ առաջարկում է Զարեհ Սինանյանը, կրկին հորդորելով՝ Հայաստանը սիրելը լավ է, Արարատ լեռը երկրպագելը՝ ևս, բայց էլ ավելի լավ կլինի, եթե դա արվի հենց Հայաստանից։

Կարդացեք նաև

Back to top button