ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

4 քայլ՝ հանուն խաղաղության․ Եվրոպային ներկայացվել է, թե ինչի է պատրաստ Հայաստանը

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակները տարբեր նիստերի և հանդիպումների շրջանակներում ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի խաղաղության օրակարգը, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքից,  եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել Բաքվում ընթացող դատավարության վրա՝ փաստելով դրա ընթացքում թույլ տրվող կոպիտ խախտումները։ Վիեննայում երկօրյա աշխատանքների արդյունքների ամփոփումից պարզ է, որ Հայաստանը ԵԱՀԿ ԽՎ մեկնել էր՝ միջազգային հանրությանը ցույց տալու այն ջանքերը, որոնք Հայաստանը գործադրում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Հայ պատվիրակները թվարկել են այն քայլերը, որոնց պատրաստ է  Հայաստանը՝ հանուն խաղաղության։  

Խաղաղության և կայունության հարցում պետք չէ հապաղել՝  ԵԱՀԿ ԽՎ-ում  հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ թվարկելով 4 քայլ, որոնց, նրա ձևակերպմամբ, հենց այս պահին պատրաստ է Հայաստանը։

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր` հաստատելու միջպետական կայուն հարաբերություններ:

Մենք հավատարիմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը:

Մենք պատրաստ ենք շարունակել սահմանազատման գործընթացը՝ երկու երկրների կողմից անցյալ տարի ստորագրված, համաձայնեցված կանոնակարգի հիման վրա:

Մենք պատրաստ ենք երկխոսության՝ փոխադարձ մտահոգության բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար հարցերը քննարկելու համար»:

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Վիեննայում խոսել է նաև Հայաստանի պատվիրակության անդամ, իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա համոզված է, որ Արևմուտքից Արևելք անցման և հատման կետերում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխշահավետ գործակցել։

«Հայ պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը հավատում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են վճռական ջանք գործադրել եւ ամեն պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այդպիսով նաեւ տնտեսական գործակցության հիմք ստեղծելով: Ըստ Մարիա Կարապետյանի՝ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մեծ օգուտ քաղել միմյանց տարածքով անցնող ուղիներից՝ թե՛ իրենց տարածքների տարբեր հատվածներ միմյանց հետ կապելով, թե՛ այլ երկրների հետ հաղորդակցվելով։  Պատգամավորը եվրոպացի գործընկերների մոտ ներկայացրել է  հայկական կողմի առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր ուղիները՝ հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա»:

Իշխանական պատգամավորները լավատեսորեն են արտահայտվել նաև հայ-թուրքական բանակցությունների մասին։ Մարիա Կարապետյանն իրատեսական է համարել համագործակցությունը տնտեսության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում: Դա, ըստ նրա, հնարավոր է, եթե Թուրքիան բացի սահմանը Հայաստանի հետ եւ հաստատի դիվանագիտական հարաբերություններ՝ երկու երկրների եւ ողջ տարածաշրջանի համար, մեջբերում, «սկսելու նոր դարաշրջան։  

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր հերթին խոսել է գործնական քայլերի մասին։

«Իրականում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու եւ տնտեսական ու առեւտրային համագործակցությունը խթանելու համար էական խոչընդոտներ չկան: Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար եւ սպասում ենք դրական ազդակների Թուրքիայից: Խաղաղության հիմքը դրված է: Այժմ անհրաժեշտ է դադարեցնել բեմականացված պրովոկացիաները եւ արհեստական լարվածությունը: Փոխարենը, մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ խաղաղություն կառուցելու շուրջ: Ցանկացած ձգձգում ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր մեր ամբողջ տարածաշրջանի ապագայի համար»։

«Պրովոկացիա» ասվածի տակ, թերևս, կարելի է հասկանալ նաև Ադրբեջանից զուգահեռաբար հնչող հայտարարությունները։ Մասնավորապես, օրերս Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, թե այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետից չհամաձայնեցված 2 կետերից մեկը վերաբերում է ադրբեջանական խոսույթով «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք, իբրև, ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ:

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ, ընդ որում՝ մի քանի անգամ հայտարարել է, որ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` միջազգային իրավական կառույցներում միմյանց դեմ ներկայացրած բողոքների թեմային:

Դատաիրավական  հարցերի վրա ևս հայ խորհրդարանականները հրավիրել են եվրոպացի գործընկերների ուշադրությունը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում խոսել է 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների վրա։

«Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարությունը լրջագույն հարցականի տակ է դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ու Քաղաքական եւ Քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիային, բայց հակառակ դրան՝ ընթացող դատավարությունները լրջագույն խախտումներով են ընթանում»։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ է արել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն ձևավորի և դիտարկի Բաքվում ընթացող դատավարությունները:

Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու խնդրի վրա  եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button