ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայաստանի տնտեսության իրական ներուժն ու վերաարտահանման գործոնը

Հայաստանի տնտեսական աճի վերջնական տվյալները դեռ հրապարակված չեն։ Դրանք կամփոփվեն մինչև փետրվար։ Բայց մասնագիտական ու փորձագիտական դաշտում որոշ գնահատումներ կան։ Ըստ այդմ, տնտեսական աճն ավելի համեստ է լինելու։ 2024-ի ցուցանիշը բարձր չի լինի, քանի որ վերաարտահանման «բումը» հաղթահարված է, կարծում են փորձագետները։ Պատասխանատու կառույցում վստահեցնում են՝ վերաարտահանման գործոնը տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն չունի։

Վերաարտահանումը Հայաստանի տնտեսական ու հատկապես արտահանման կառուցվածքում առանցքային դեր ունի, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Թե տնտեսության իրական հատվածի վրա դա ինչ ազդեցություն կունենա, պարզ կդառնա, երբ 2024-ի տնտեսական ամբողջական ցուցանիշները հրապարակվեն՝ ասում է էկոնոմիկայի նախարարը․

«Կարծում ենք, որ մոտավորապես պետք է ունենանք 5․8 տոկոս տնտեսական աճ»։

Նախորդ տարիներին Հայաստանի արտահանման կառուցվածքում փոփոխություններ եղան։ «Աքսես» վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյան․ «Մեր արտահանման 42 տոկոսն է բաժին հասել, որը արհեստական ցուցանիշ է, հիմնականում ոսկու վերաարտահնմամբ է պայմանավորվել։ ՌԴ մասնաբաժինը մոտ 22 տոկոսի շրջակայքում է, բայց սա էլ է արհեստական։ Մեր խնդիրն այն է, որ վիճակագրությունն աղճատված է»։

Եթե վերաարտահանման գործոնը դուրս գա, Հայաստանի արտահանման կառուցվածքը կարող է փոխվել՝ արձանագրում է տնտեսագետը։

Նշում է՝ նախկինում նույնպես վերաարատահանում կար․ «Իսպանիայից բերում էին արքայանարինջ ու տանում էին։ Իրանից կիվի էին բերում ու արտահանում ՌԴ։ Վերաարատահանում կար, բայց ոչ այսքան»։

Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը թանկարժեք մետաղներն են, մասնավորապես, ոսկին, արծաթն ու ադամանդը։ Սա այն դեպքում, երբ երկրի ներսում դրանց արտադրության ծավալները մեծ չեն։ Փորձագիտական դաշտում այս հանելուկը լուծելու համար ներմուծվող ապրանքներն են մատնանշում։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանն ընդգծում է՝ երբ դիտարկում են, արտահանման կառուցվածքում դեպի ԱՄԷ թանկարժեք մետաղներն են։

«Մեր ներքին արտադրությունը չունի այդչափ հնարավորություններ դեպի ԱՄԷ արտահանելու համար։ Ուստի, երբ փորձենք դիտարկել ներմուծման ցուցանիշները, ապա կտեսնենք, որ ՌԴ-ից մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներ ենք ներկրում։ Մեր ներքին տնտեսության հնարավորությունները սահմանափակ են։ Այն հիմնական հանքերը, որոնք ոսկու արտադրություն են իրականացնում, բավականին ցածր քանակությամբ արտադրություն ունեն։ Սոթքի հանքավայրը, որը նոր է սկսել մասամբ գործարկվել, Ամուսլարը, որը կշահագործվի 2025 թվականին»։

Եվ քանի որ ներքին արտադրությունը քիչ է, մասնագետները ենթադրում են՝ ԱՄԷ մեծ ծավալի արտահանումը վերաարատահանման գործոնով է պայմանավորված։ Աշխարհագրությունը նույնպես հստակ է՝ Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից՝ ԱՄԷ․ ռուս-ուկրաինական պատերազմն է փոխել Հայաստանի արտահանման կառուցվածքը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ վերաարտահանման արդյունքում ՀՆԱ-ի կառուցվածքը շատ չի փոխվում։ Բացատրում է՝ գուցե առանձին մարդիկ եկամուտ ստանում են, շահույթն է փոքր և վճարած հարկը։

Խնդիրները ոսկու արդյունահանման դեպքում արդեն այլ են․ «Ոսկին թանկ ապրանք է, շրջանառությունը մեծ է ստացվում, այն, ինչը որ որպես ՀՆԱ է մնում, այլ է։ Ամուսլարի դեպքում այլ է, մենք ոսկի ենք արդյունահանում։ Այստեղ տնտեսության վրա ազդեցությունը, օրինակ, Ամուլսարի դեպքում, ՀՆԱ-ի վրա ազդեցությունը 1 տոկոս է, ապա վերաարատահանման դեպքում՝ 0․0001 տոկոս է»։

2025-ին մոտ 5 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում։ Թիրախային ցուցանիշին հասնելը կախված է նաև Ամուլսարի շահագործումից։ Եթե այն աշխատի, տնտեսական աճը, ըստ էկոնոմիկայի նախարարի, բարձր կլինի։ Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ ամբողջական ցիկլով շահագործվելիս, Հայաստանի ՀՆԱ-ի վրա ազդեցությունը տարեկան մեկ տոկոսով կավելանա, իսկ հարկային լրացուցիչ եկամուտները կրկին տարեկան կտրվածքով կկազմեն 120 մլն դոլար։

Կարդացեք նաև

Back to top button