ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Սահմանափակվել է մետաղի ջարդոնի, երկաթի ու պղնձի չմշակված համաձուլվածքի արտահանումը․ փորձագետները դրական են գնահատում, բայց և ռիսկեր են տեսնում

Արգելել հումքի արտահանումը, միաժամանակ խթանելով տեղական պատրաստի արտադրանքը։ Կառավարությունը սահմանափակել է դեպի երրորդ երկրներ մետաղի ջարդոնի, երկաթի ու պղնձի չմշակված համաձուլվածքի արտահանման հնարավորությունը։ Փորձագիտական դաշտում այդ սահմանափակումը դրական են համարում։ Կարծում են, որ նման ռազմավարական քայլերի դեպքում Հայաստանում կզարգանա նաև հումք– պատրաստի արտադրանք արժեշղթան։

Մետաղի ջարդոնի, երկաթի ու պղնձի չմշակված համաձուլվածքի արտահանումը երրորդ երկրներ սահմանափակված է։ Կառավարության որոշմամբ արտահանվող ապրանքների համար լիցենզավորում է սահմանվել։ ACSES  վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն ընդգծում է՝ նախագիծը կաջակցի տեղական արտադրողներին։ Հիշեցնում է՝ նախկինում այլ ապրանքների մասով էլ նման որոշումներ եղել են։ Օրինակ՝ կաշվի արտահանման սահմանափակումները։ Բայց փորձագետը ռիսկեր տեսնում է․

 «Ջարդոնի սեփականատերերի հաշվին ֆինանսավորում ենք ջարդոնի գործարանի գործունեությունը, որը այլ հավասար պայմաններում, եթե արտահանողին հետաքրքիր չլիներ, տեղացի մասնագետին կընտրեին։ Եթե մենք սահմանափակում ենք այդ հնարավորությունը, պակաս գրավիչ ենք դարձնում ոլորտը»։

Մետաղը ռազմավարական նշանակության ապրանք է, ցանկացած երկիր փորձում է բավարարել իր ներքին պահանջարկը՝ արձանագրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Հայաստանում մետաղամշակմամբ զբաղվող մի շարք ընկերություններ կան։ Դրանք հանքարդյունաբերության ոլորում բավարարում են ներքին պահանջարկը․

 «Պետությունը սրանով փորձում է աջակցել մետաղի արտադրությանը։ Հիմնական արտահանման երկրներն են Իրանը, ՌԴ–ն։ Մետաղի պարագայում թվերը վերահսկողության տակ են։ Հանդիսանում են ծանուցման ենթակա գործունեություն։ Առանց պետության թույլտվության արտահանում չես կարող անել։ Ամեն խմբաքանակ վերահսկվում է պետության կողմից ու քվոտավորվում»։

Մետաղները արտահանվում են ոչ միայն ԵԱՏՄ, այլև երրորդ երկրներ։ Ուստի երրորդ երկրների արտահանման համար նաև լիցենզավորվում է նախատեսվում։

Տնտեսագետն ընդգծում է՝ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելիս անհրաժեշտ է կամ պետության թույլտվությունը, կամ, առհասարակ, պետք չէ։ Իսկ Իրանի դեպքում կարգը այլ է՝ դիմում է կառավարությանը, ստանում թույլտվություն, քվոտա, ապա միայն կազմակերպում արտահանումը․

 «Սա թույլ կտա որոշակի վերահսկել  ներքին շուկան, արտահանումը կարգավորել, որ ամեն կազմակերպություն չփորձի մտնել այս պրոցեսի մեջ։ Սա ռազմավարական նշանակության ապրանք է։ Պետության նախաձեռնությունը, որ այս ոլորտում լիցենզավորում իրականացվի, տեղին է։ Խնդիրն այն է, որ չափից շատ բյուրոկրատիայի չվերածվի, որը թույլ կտա շուկան մենաշնորհի վերածել։ Վտանգ կա, որ պետության կողմից հովանավորվող մեկ–երկու կազմակերպություն ստանա թույտվությունը, մյուսները արտահանման հնարավորությունից զրկվեն»։

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը նշում է՝ հումքը տեղում վերամշակելու ու նոր ավելացված արժեք մշակելու քաղաքականություն է որդեգրվում։ Բացատրում է՝ շատ է քննադատվել, որ հումքը արտահանվում է Հայաստանից, դրսում է վերամշակվում․

«Հումքից արտադրանք արժեշղթայի շրջանակում լուրջ արժեք ստեղծելու հնարավորություն կա։ Հատկապես մետաղական արտադրանքի շրջանակում, որ դրանց ավելացված արժեքը բարձր է, համաշխարհային շուկայում լուրջ  դերակատարում են ստաձնում։ Այս քաղաքականությունը արդարացված կլինի, եթե արտահանման արգելքին զուգահեռ ներդրվեն նաև հայեցակարգային մոտեցում, արգելվող արտադրանքը որպես հումք տեղում վերամշակելու համար»։

Ընդհանուր առմամբ փորձագիտական դաշտում ռազմավարական նշանակության մետաղների արտահանման սահմանափակումները դրական են գնահատում։ Չեն բացառում՝ ի վերջո, գուցե Հայաստանը հումք արտահանող երկրից վերածվի հումք մշակող երկրի։

Կարդացեք նաև

Back to top button