
Freedom House-ն իր ամենամյա Freedom on the Net 2024 զեկույցում Հայաստանը դասել է որպես «ազատ» երկիր: Հայաստանի հարևան Վրաստանը նույնպես «ազատ» երկիր է, մինչդեռ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը դասվել են «անազատ» երկրների շարքին։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի առցանց միջավայրը մնում է բաց և նախորդ զեկույցից հետո բարելավվել է, քանի որ կառավարությունը չի արգելափակել որևէ կայք կամ սոցիալական ցանց։ Այնուամենայնիվ, նշվում է, որ կառավարությունը կալանավորել է մարդկանց՝ իշխանություններին առցանց քննադատելու համար, և անհատներին հաճախ հետևել են լրտեսող ծրագրերի միջոցով:
«Ինտերնետ հասանելիությունը լայնորեն տարածված է մայրաքաղաք Երևանում և ընդլայնվում է ողջ հանրապետությունում։ Հայաստանում ինտերնետ կապի հուսալիությունն ու արագությունը հիմնականում բարելավվել են վերջին տարիներին։ Հանրային Wi-Fi-ը հասանելի է Երևանում, բայց ավելի սահմանափակ այլ քաղաքներում»,-նշվում է զեկույցում։ Freedom House-ի տվյալներով՝ համաշխարհային ինտերնետի ազատությունը նվազում է արդեն 14-րդ տարին անընդմեջ։
Ցանցում մարդու իրավունքների պաշտպանությունն անկում է ապրել 72 երկրներից 27-ում, 18-ում ցուցանիշները բարելավվել են։ Իսլանդիան պահպանել է իր կարգավիճակը որպես ամենաազատ առցանց միջավայր ունեցող երկիր, իսկ Զամբիան ապահովել է միավորների ամենամեծ բարելավումը: Ղրղըզստանի վարկանիշն ամենամեծ անկումն է գրանցել։




