
Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնի և սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ ստորագրել են երկկուսակցական նամակ՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովից առաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին պատերազմական հանցագործություններ կատարելու, պատանդներ վերցնելու և անօրինական կերպով Հայաստանի տարածքը օկուպացնելու համար՝ հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու Ներկայացուցիչների պալատի անդամները նշել են. «COP29-ին ընդառաջ պահանջում ենք, որ Պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա՝ ձեռնարկելու շոշափելի միջոցներ, որոնք կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և համահունչ կլինեն միջազգային օրենքներին և նորմերին»:
Նրանք ընդգծել են, որ «չնայած անհերքելի ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի առերեսվել էթնիկ զտումների և այլ գործողությունների հետևանքների»:
Օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը «ճնշում գործադրել, որպեսզի բոլոր քաղբանտարկյալները, պատանդները և ռազմագերիները, ներառյալ էթնիկ հայերը, անհապաղ ազատ արձակվեն՝ COP29-ում հաջող դիվանագիտության համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար»:
ԱՄՆ կոնգրեսականները հավաստել են, որ «2020 թվականին Ադրբեջանի մահաբեր հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»։ Նրանք նաև շեշտում են, որ տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով վերադառնալու իրավունք ունենան։




