«Թուֆենկյան» հիմնադրամի և «Association de soutien à l’Artsakh»-ի հետ համագործակցությամբ Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Zimeray & Finelle Avocats իրավաբանական ընկերության փաստաբաններ Ֆրանսուա Զիմերայը և Կատալինա դե լա Սոտան։
Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը երկուսն էլ զբաղեցրել են մարդու իրավունքներին առնչվող պաշտոններ Լեռնային Ղարաբաղումև եղել են ավելի քան 100,000 արտաքսված մարդկանց թվում։
Նրանք Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակման արդյունքում զրկված էին սննդից և առողջապահությունից: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին շրջափակմանը հաջորդեց ադրբեջանական բանակի կայծակնային ներխուժումը և բնակչության բռնի տեղահանումը:
Մի քանի այլ ղեկավարներ և բնակիչներ, ովքեր չեն կարողացել դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և կալանավորվել են։
Փաստաբաններն ասում են․ «Ոչինչ չի կարող արդարացնել տղամարդկանց, կանանց և երեխաների բռնի կերպով իրենց տնից և հողից արմատախիլ անելը: Աշխարհը պետք է «ոչ» ասի այս քաղաքական վայրենությանը։ Սա է մեր ներկայացրած բողոքի հիմքում»:
Բողոքը ներկայացվել է դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածով, որի համաձայն՝ դատախազը կարող է հետաքննություն սկսել՝ հաշվի առնելով իր ուշադրությանը ներկայացված տեղեկատվությունը:
Փաստաբաններն ասում են, որ «Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր նշանները»։
2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակվում է Ադրբեջանի կառավարության հետ կապ ունեցող խմբերի կողմից։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների աճող պակասի պայմաններում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա։ Ներխուժման սկզբից 24 ժամ անց ստորագրվում է հրադադարի մասին համաձայնագիր, և Լեռնային Ղարաբան անցնում է Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ։
Հաշվի առնելով ադրբեջանական հարձակման արագությունը, զոհվածների, վիրավորների և ներքին տեղահանվածների թիվը, բռնության ու էթնիկ զտումների սպառնալիքները՝ բնակչությունը տագնապային վիճակում էր և այլ ելք չուներ, քան հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Արդյունքում, ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված էին փախչել Հայաստան՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից պետություն։
«Համաձայն Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի՝ բնակչության բռնի տեղափոխումը հանցագործություն է մարդկության դեմ: Հետևաբար, ՄՔԴ-ն իրավասու է հետաքննություն սկսել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսման և մեղավոր անձանց դատելու վերաբերյալ», – նշում են փաստաբանները։
Zimeray & Finelle Avocats-ի մասին
Zimeray & Finelle-ը միջազգային իրավաբանական ընկերություն է, որը միավորում է իրավական և դիվանագիտական փորձը մարդու իրավունքների և քրեական իրավունքի ոլորտներում:
Ֆրանսուա Զիմերայը փաստաբան է Փարիզի և Ժնևի փաստաբանների պալատում և հավատարմագրված է Միջազգային քրեական դատարանում:
Կատալինա դե լա Սոտան Փարիզի Իրավաբանների պալատի փաստաբան է, որը հիմնականում զբաղվում է ազգային և միջազգային քրեական իրավունքով: Նա ներգրավված է բազմաթիվ գործերում, որտեղ մարդու իրավունքները վտանգված են։




