ԿարևորՀասարակություն

3500–ամյա սափորը կոտրած տղան վերադարձել է թանգարան և հետևել ցուցանմուշի վերականգնման աշխատանքներին

Չորսամյա Արիել Գելլերն անցյալ շաբաթ հայտնի դարձավ, երբ Հայֆայի Hecht թանգարանում կոտրեց 3500 տարվա հազվագյուտ սափորը։ Սպասքը պատկանում էր բրոնզի դարին (մ.թ.ա. 2200-1500 թվական) և հազվագյուտ ցուցանմուշ էր, քանի որ ամբողջական էր, չուներ կոտրված տեղեր:

Այն ցուցադրվում էր թանգարանի մուտքի մոտ՝ առանց ապակու, քանի որ թանգարանի կարծիքով՝ հնագիտական ​​գտածոները «հատուկ հմայք» ունեն, երբ «առանց արգելքների» են ցուցադրվում։

Սակայն միջադեպից հետո Գելլերի ընտանիքին հրավիրել են թանգարան և հնարավորություն են տվել հետևել, թե ինչպես են փորձագետներն աշխատում սափորի վերականգնման համար:

Թանգարանի մասնագետները ցուցանմուշը վերականգնելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, և սափորն արդեն այս շաբաթ կրկին կարող է հայտնվել թանգարանի ցուցասրահում՝ մուտքի մոտ իր համար հատկացված տեղում:

Թանգարանի փորձագետներից մեկը՝ Ռոի Շաֆիրը, ասել է, որ վերանորոգումը, բարեբախտաբար, բավականին պարզ է լինելու, քանի որ կտորները մեկ ամբողջական սափորից են: Հնագետները հաճախ բախվում են ավելի բարդ խնդրի, երբ բազմաթիվ բեկորների կույտերից պետք է լինում ընտրել անհրաժեշտ մասերը։

Շաֆիրը, որը խնամքով հավաքում էր սափորը, կարծում է, որ չնայած ռիսկերին՝ ցուցանմուշները պետք է հասանելի լինեն հանրության համար, քանի որ մասունքներին դիպչելը կարող է հետաքրքրություն առաջացնել պատմության և հնագիտության նկատմամբ։

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ շոշափում են: Մի կոտրեք, բայց իրերին դիպչելը կարևոր է»,- ասում է նա։

Բրոնզեդարյան սափորը ցուցադրվում է Hecht թանգարանում արդեն 35 տարի:

Արիելը ոչ միայն հետևել է սափորի վերականգնման աշխատանքներին, այլև թանգարանին է նվիրել իր սեփական կավե սափորը:

Կարդացեք նաև

Back to top button