
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ժամից ավելի տևած ասուլիսում անդրադարձել է ներքին օրակարգի կարևոր հարցերին։ Նա մանրամասն խոսել է Խաղաղության օրակարգից, Հայաստան-Ադրբեջան շփումների ձևաչափերից, նաև նոր առաջարկներից, որոնք Երևանն արդեն փոխանցել է Ադրբեջանին։
Վարչապետը վստահեցրել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում գերիներին և Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, բայց սա այն հարցերից է, որի մասին կառավարությունն աշխատում է քիչ խոսել։
Հայաստանը պատրաստ է ստորագրել այն, ինչ համաձայնեցված է
Հայաստանը երկու նոր առաջարկ է արել Ադրբեջանին, որոնց պաշտոնական Բաքուն դեռ չի պատասխանել։ Առաջարկներից մեկը դիվանագիտական խողովակներով փոխանցվել է օգոստոսի 30-ին։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար հայկական կողմի նոր նախաձեռնության էությունն ու նպատակը բացահայտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպես, թե այնպես մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։ Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել։ Ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, ինչը լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հնարավոր հարցերը քննարկելու համար։ Արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են խաղաղության պայմանագրի իրականացման հետ»։
Խաղաղության պայմանագրի վերջին նախագիծը բաղկացած է 17 հոդվածներից, որոնցից 13-ը լիարժեք համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարն է համաձայնեցված։ Որ հարցերն են համաձայնեցվել և որոնք՝ դեռ ոչ, վարչապետը չի մանրամասնում՝ աշխատանքի կոնֆիդենցիալությունից ելնելով․
«Այնպես չէ, որ այդ հոդվածների պայմանական «տերը» միայն մենք ենք։ Առնվազն «համասեփականատեր» ունեն այդ հոդվածները, և այստեղ պետք է զգույշ լինել։ Ես գաղտնիք չունեմ, անկեղծ, ոչ ձեզնից, ոչ մեր հանրությունից։ Բայց այստեղ կան կոռեկտության կանոններ, որը պարտավոր ենք պահպանել»։
Փաշինյանը դեմ չէ հանդիպել Ալիևի հետ
Պաշտոնական Երևանի երկրորդ առաջարկը Բաքվին վերաբերում է նոր հանդիպման նախաձեռնությանը։ Հայաստանի վարչապետը պատրաստ է ուղիղ, առանց միջնորդների հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Երբ գա դրա ժամանակը, ասում է՝ դա կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որտեղ սովորաբար հանդիպում են սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները։
Հայաստանի վարչրապետը խոսում է տվյալ փուլում միջնորդների աշխատանքի նպատակահարմարությունից։
«Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ գնում ենք թուղթ ստորագրելու, ինչո՞ւ ենք միջնորդ ներգրավում, որ ի՞նչ ավելացնի միջնորդը։ Որևէ միջնորդություն ես չեմ բացառում, բայց կախված է դա տասնյակ կամ, գուցեվ, ավելի քիչ հանգամանքներից։ Տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի՝ արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթը ստորագրվեց նախօրեին՝ օգոստոսի 30–ին։ Դա կանոնակարգն է, որով պետք է առաջնորդվեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովները։ Վարչապետը համոզված է, որ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի։
«Ես ուզում եմ, որ մենք կարևորենք երեկ ստորագրված փաստաթուղթը, որովհետև ըստ էության առաջին անգամ է, երբ Հայաստանը և Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում։ Սա արդեն մի փաստաթուղթ է, որը վավերացման գործընթացի արդյունքում կունենա իրավական ուժ՝ այստեղից բխող բոլոր արդյունքերով»։
Սա ասելով՝ վարչապետը նկատի ունի սահմանազատումը, որը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի սկզբունքներով և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչի մասին բանավոր հայտարարություններ Բաքվից հնչել են, բայց գրավոր համաձայնություն դեռ չկար։ Սա իրավիճակի էական փոփոխություն է համարվում։
Փոխել շփումների տրամաբանությունը
Հայաստանն այժմ փորձում է փոխել Ադրբեջանի հետ շփվելու տրամաբանությունը։ Պետք է դուրս գանք «հաղթելու-պարտվելու ռեժիմից և փորձենք գալ համաձայնությունների դաշտ»՝ ասում է Փաշինյանը։ Այս տրամաբանության մեջ է առաջարկում նաև դիտարկել որոշումը, որով «Խաղաղության պայմանագրի» նախագծի տեքստից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Փաշինյանի համար նորություն է, որ այդ որոշումը որոշ դեպքերում ներկայացնում են որպես զիջում՝ միջանցքի պահանջից չհրաժարվող ադրբեջանական կողմին․
«Ճիշտն ասած՝ հակառակ մեկնաբանություններն էին լսել, որովհետև Հայաստանում էլ կային մեկնաբանություններ, որոնք դա փորձ էին անում ներկայացնել որպես մեծ հաջողություն, կան նաև մեկնաբանություններ, որոնք փորձ են անում ներկայացնել որպես մեծ անհաջողություն։ Բայց ես կարծում եմ, որ ըստ էության, ամենակարևոր սկզբունքները, որոնք այդ հարցի պատասխանը տալիս են, միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքն է, որը «Խաղաղության պայմանագրի» նախագծի մեջ արդեն իսկ արձանագրված է։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը։ Ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհներով մենք պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը»։
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի կառավարությունում շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և՛ Նախիջևանի կողմից, և՛ բուն Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետեր սահմանելու վերաբերյալ։
Հաջորդ փաստաթուղթը՝ COP29-ի՞ն
Այս տրամաբանության մեջ արդյո՞ք իրատեսական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական որևէ փաստաթուղթը ստորագրվի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 միջազգային համաժողովի շրջանակներում։ Այս հարցի պատասխանը, ըստ Փաշինյանի, դեռևս տեսական հարթությունում է։
«Եթե հիմա տեսական խոսենք, տեսական որևէ որոշում բացառել չի կարելի՝ նայած, թե այդ ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ մենք պետք է որոշում կայացնենք, ինչ իրադրություն կլինի»։
COP29 գագաթնաժողովին մասնակցել–չմասնակցելու հարցում Հայաստանը այս պահին դեռ որոշում չունի։




