ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանի հարցը քննարկում են առանց Հայաստանի․ թուրք–ադրբեջանական հանդիպում Անկարայում

Անկարայում այսօր քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սակայն կողմերը երկուսն են՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա այցով Անկարայում է՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով։ Նրանց հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններն են, տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացն ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։

Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ուղիղ բանակցությունների կողմնակից Ադրբեջանը քննարկել է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ։ Հարցը օրակարգային էր Ադրբեջանի արտգործնախարարի՝ Թուրքիա կատարած մեկօրյա պաշտոնական այցի համար։ Թեև առանցքային հարցը դա չէր, կողմերն իրենց համար այլ առաջնահերթ հարցեր են քննարկել, բայց նման բարձր մակարդակով հայ–ադրբեջանական բանակցություններին անդրադառնալն ուշագրավ է այն տեսանկյունից, որ պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև հայ–թուրքական հարաբերությունների հաստատումը մշտապես կապվել է թուրք–ադրբեջանական փոխկապակցված նախապայմանների հետ։  

Վերջին նախապայմաններից մեկը Թուրքիայի նախագահը բարձրաձայնեց այս ամռանը։ Հուլիսի կեսին Էրդողանը հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը»։ Դրանից օրեր անց՝ օգոստոսի սկզբին Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց՝ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ այս փոփոխությունից հետո նվազում է պայմանագրի նշանակությունը, բայց մյուս կողմից թուրք–ադրբեջանական նախապայմանները չեն սպառվի։

 «Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի ապաշրջափակումը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կհանգեցնի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, սա իր հետևից բերելու է նաև հնարավորինս Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։ Եթե հայ–թուրքական սահմանը բացվի, հարց է ծագում՝ 102–րդ ռազմաբազան ինչո՞ւ դեռ պետք է շարունակի մնալ Հայաստանում։ Երբ այս ընդհանուր պատկերը նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանը կարծես թե գնում է ցանկացած զիջումների, միայն թե հնարավոր լինի սահմանները բացել, գոնե որոշ չափով ապաշրջափակել Հայաստանը։ Բայց սա հենց այն է, ինչ Ադրբեջանը չի ցանկանում և հասկանում է, որ սա հենց այն պահն է, որ ինքը բռնել է և հնարավորինս ավելի է կորզելու Հայաստանից զիջումներ, որովհետև ինքն ամենևին նպատակ չունի, որ Հայաստանը շնչի»։

Նույնը վերաբերում է Թուրքիային, համոզված է թուրքագետ Նելլի Մինասյանը։ Նա վկայակոչում է անցած երկու տարիները, համոզված է՝ պայմանավորվածությունները կկատարվեին, եթե Թուրքիան պատրաստ լիներ հարաբերությունների կարգավորմանը։

«Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին պետք է տեղավորել կոմունիկացիաների հետ կապված խնդիրների համատեքստում։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների քաղաքականությունը, այսինքն՝ այս դեպքում նախապայման կամ պահանջ դնելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այդ քաղաքականությունն Անկարան դեռ կշարունակի»։

Արմինե Մարգարյանի կարծիքով՝ Բաքուն ձգտում է հասնել իր առավելագույն նպատակներին, որպեսզի Երևանը փաստաթղթավորաված հաստատի վերջին 30 տարիներին Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ տարվող ոչ թե իրավունքների պայքարը, այլ իր կարծիքով՝ «օկուպացիոն» գործողությունները։

Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում փոխկապակցված նախապայմանների մասին խոսում է նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․ «Պարզ է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում լուրջ առաջընթաց չկա, դժվար է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում ակնկալել ինչ-որ էական արդյունքներ»։

Իսկ ընդհանրապես, Բայրամովի այցը Թուրքիա ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից։ Օրեր առաջ Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին ուղիղ մեկ տարի է հրավերով սպասում են նաև Անկարայում։ Տարբեր վերլուծությունների համաձայն, այս եռյակի շահերը որոշ դեպքերում չեն համընկնում ու նաև դա կարող է պահանջել որոշ պարզաբանումներ։  

Կարդացեք նաև

Back to top button