ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կյանքն անհնար դարձավ․ հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը

Արցախի հայության բռնի տեղահանումից մոտ 1 տարի անց հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը: Զեկույցը պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից։ Այն փաստում է, թե ինչպես է Արցախի բնակչությունը Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով զրկվել է տարրական կենսապայմաններից: Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին։ Մինչ այդ հեղինակները պատմում են՝ ինչ խնդիրներ են հավաքագրվել 330 տեղահանվածի հետ հարցազրույցների ընթացքում։

Ինչ-որ պահի կյանքն Արցախում անհնար դարձավ․ այս նախադասությունը ներքին լսարանին բացատրելու կարիք չկա, հայերը սա գիտեն տեսական, գործնական, գենետիկ-զգայական մակարդակներում։ Բայց աշխարհին դեռ պետք է պատմել՝ ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչն էլ փորձել են անել 7 իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» համատեղ զեկույցով։ Փաստահավաք զեկույցը կազմվել է դանդաղ, դետալային՝ էթիկական բոլոր նորմերը պահելու, բոլոր փաստերը ստուգելու, տուժողներին լրացուցիչ տառապանք չպատճառելու ջանքերով՝ ասում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատության ու մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը։

«Մեր հարցազրուցավարներն իրականացրին ավելի քան 330 հարցազրույց տեղահանված անձանց, տուժողների շրջանում։ Հարցազրույցներին զուգահեռ ընթանում էր բաց աղբյուրներրի վերլուծություն՝ սոցիալական ցանցեր, մեդիա, արբանյակային լուսանկարներ։ Օրինաչափությունները բազմաթիվ են, բոլորը չեմ կարող նշել, բայց օրինակ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անընդհատ վախի մթնոլորտում պահելը․ դա կարմիր թելով անցնում էր մեր բոլոր հարցազրույցներում, ձեռք բերված տեղեկություններում ու տարբեր դրսևորւմներ ուներ։ Օրինակ՝ հարցազրույցներ ունեինք, որտեղ անձինք ասում էին, որ չնայած իրենց եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր, բայց չէին կարողանում զբաղվել, որովհետև անընդհատ կար վտանգը, որ Ադրբեջանը կարող է կրակ բացել»։

Զեկույցի ամփոփագիրը՝ այստեղ

Սրան գումարվում էր մեդիատեռորը, օրինակ՝ հայերի նկատմամաբ վայրագությունները պատկերող հոլովակների տարածում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ընդգծված հայատյաց ելույթներ։ Հետազոտողներն առանձնացրել են նման խնդիրների մի ողջ փաթեթ, որոնք  ստեղծել են իրավիճակ, որում հայերի գոյատևումը դարձել է անհնար։Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն ասում է՝ հայ բակչությանն ահաբեկելու ու նվազագույն կենսապայմաններից զրկելու գործողությունները սկսվել էին շրջափակումից շատ ավելի վաղ։

«Շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է, հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է 90 տոկոսի, ուշագնացության դեպքերը 91 տոկոսով աճել են, կտրուկ ավելացել են նաև վաղաժամ ծննդաբերությունները, երեխաները թերսնման արդյունքում ծնվել են փոքր քաշով։ Հիվանդ մարդիկ ձգտել են գնալ հիվանդանոց, որ գոնե այնտեղ սնունդ ստանան, բայց դա էլ չի եղել։ Փաստահավաք առաքելությունն արձանագրել է դատարկ խանութների, կաթվածահար տրանսպորտի, ամենօրյա էլեկտրաէներգիայի անջատումների, ինչպես նաև մեծահասկաների կողմից ուտելիքից հրաժարվելու հետ կապված դեպքերը՝ երեխաների համար խնայելու համար»։

Այս ամենը պատկերացված ու պատկերված էր՝ ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը։ Փաստահավաք խումբը մշտադիտարկել է նաև ադրբեջանական մեդիայի՝ շրջափակմանը նախորդած և դրա ընթացքում հեռարձակած թողարկումները։

Աննա Մելիքյանն առանձնացնում է հաղորդումներից մեկը․ «Լավագույնս նկարագրում էր մի տեսանյութ, որի անվանումը «Անգամ վայրի կատվին հնարավոր է ընտելացնել»-ն էր։ Պատրաստել է Ադրբեջանի իշխանություններին, հատկապես ՊՆ-ին մոտ կանգնած ալիքը, շուրջ մեկ տարի առաջ է հրապարակվել, շատ հստակ, բոլոր շեշտադրումներով բացատրվում էր, թե ինչու է շրջափակումն այդպես ընթանում ու թե ինչ կարելի է սպասել։ Ասվում է, որ շրջափակումը՝ միակ ճանապարհի փակելը, միտված էր հայերին ստորացնելուն, իրենց իրավունքների շրջանակը նեղացնելուն, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են որոշել, թե որ իրավունքից ինչքան, ինչ ծավալով կարող է օգտվել Արցախի ժողովուրդը»։

Մարդիկ մահանում էին բուժման իրենց հերթին սպասելիս, ծնվում էին թերսնուցված։ Լավագույն դեպքում ծնվում էին։ Նպատակը ոչ թե տանջելը, խոշտանգելը, այլ սպանելն էր՝ ասվում է զեկույցում՝ դրվագների դետալային ներկայացմամբ։ Զեկույցը լսողները սա իմանալու կարիք չունեն․ հայերը սա գիտեն տեսական, գործնական, գենետիկ-զգայական մակարդակներում։

Շնորհակալություն, բայց որտե՞ղ է երևում այս աշխատանքը՝ հանցնում է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արձանագրեցինք, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, իսկ ես ասում եմ՝ ցեղասպանություն, հաջորդ քա՞յլը։ Մենք էս ամեն ինչով ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, և արդյո՞ք էս կատարած աշխատանքը չպետք է հենց դրան ուղղված լինի, որ արդարության հաստատման ճանապարհին նաև պահանջ ներկայացվի, որ էս մարդիկ պետք է վերադառնան իրենց տուն ու պետք է ունենան այնտեղ ապրելու միջազգային հստակ երաշխիքներ»։

Վերադառնալը կարևոր է, «ի՞նչ պայմաններում վերադառնալ»-ը՝ էլ ավելի՝ ասում է Աննա Մելիքյանը։

«Բոլորիս համար կարևոր է, որ այդ վերադարձը լինի արժանապատիվ պայմաններում, անվտանգ։ Մեր՝ արդարադատության հասնելու փորձերն այդ թվում, դրան են ուղղված, որ որոշ ընթացակարգերի, կառուցակարգերի միջոցով անվտանգային երաշխիքներ լինեն, որ յուրաքանչյուր անձ կարողանա այդ որոշումը կայացնել՝ վերադառնալ՞, թե՞ ոչ»։

Արվածը գուցե կաթիլ է ծովում, բայց այն պետք է ավելացնել ամեն օր՝ կարծում են իրավապաշտպանները։ Խոստանում են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների մասին վկայող զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի դարձնել սեպտեմբերին։

Կարդացեք նաև

Back to top button