
Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։ Ինչպես գրում է Ռիա նովոստին, տելեգրամի իր գրառմամբ հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Այսօրվա ահաբեկչության զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան՝ զենքերը ձեռքներին պաշտպանելով Դաղստանի խաղաղությունն ու անդորրը», -գրել է շրջանի ղեկավարը։
Մելիքովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։
Հանրապետությունում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել։
Կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։




