
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա Թավրիզ քաղաքում երեքշաբթի՝ մայիսի 21-ին, հայտարարել է Ատրպատականի նահանգային վարչակազմի քաղաքական բաժնի ղեկավար Հասան Խակիկյանը։
«Նախագահի և նրան ուղեկցող մարդկանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը Թավրիզում», — մեջբերում է իրանական Mehr գործակալությունը։ Ինչպես նշել է Խակիկյանը, կիրականացվի նաև դատաբժշկական փորձաքննություն։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։
Մայիսի 19-ին նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել։ Ուղղաթիռում են եղել նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Ատրպատական նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր, որ վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմը։ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել էր նախագահի մահվան մասին լուրերը։




