ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանազատման գործընթացի ժամանակացույց․ ի՞նչ են վկայում պաշտոնական փաստաթղթերը

Հանրությանը հասանելի երկու պաշտոնական փաստաթուղթ կա, որոնց համադրումից և ուսումնասիրությունից որոշ չափով հնարավոր է պատկերացում կազմել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման աշխատանքների տեխնիկական գործընթացի և առաջիկա ժամկետների մասին։

Առաջին փաստաթուղթը դա Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն է՝ 6 կետ, թե ինչի մասին են պայմանավորվել սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ղեկավարները ապրիլի 19-ի հանդիպմանը։  

Երկրորդ փաստաթուղթը երկու օր առաջ տարածեց Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանում էր, որ Տավուշում կատարվող սահմանազատմանն առնչվող 5 թեզ կա, որոնք մոլորեցնում են հանրությանը։

Մայիսի 15 և հուլիսի 1․ սրանք այն ժամկետներն են, որ հստակ նշված են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ղեկավարների ապրիլի 19-ի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունների տեքստում։  

Հայտարարության երկրորդ կետով նշվում է, որ Տավուշի մարզում 4 ուղղությամբ հատվածական սահմանազատումից հետո մինչև մայիսի 15-ը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի համապատասխան արձանագրություն-նկարագրությունը, որը կազմվում է տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումները հաշվի առնելով։

Հուլիսի 1-ը նույն հայտարարության չորրորդ կետում է ամրագրված։ Պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը, կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Ինչ են նշանակում այս ձևակերպումները և առաջիկայում սպասվող գործընթացները, պարզաբանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․

«Տեխնիկական մասով բացատրեմ՝  ինչ է տեղի ունենում։ Մենք գնում ենք տեղում կոորդինատներով սյուները տեղադրում ենք, հետո այդ սյուների արանք գոյություն ունի, այդտեղ արձանագրություն է կազմվում երկկողմ, նկարագրվում է սահմանը որտեղով է անցնում և այլն։ Հենց այդ արձանագրությունները ստորագրվեցին, մենք ֆիքսում ենք, որ այդքան հատվածում այլևս ունենք սահմանազատված տարածք և շարժվում ենք առաջ։ Արդեն դրանից հետո կլինեն, բնականաբար, իրավական գործընթացներ։ Միգուցե, խորհրդարանները հաստատեն, միգուցե այլ ընթացակագեր լինեն։ Այս իրավական պրոցեսների մեջ դեռ կմտնենք»։

Պատգամավորը դժվարանում է հստակեցնել, թե ով է ստորագրելու նկարագրություն-արձանագրությունները՝ սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների նախագահնե՞րը՝ փոխվարչապետների մակարդակով, թե՞ երկրների ղեկավարները։

Այս պահին կարելի է արձանագրել, որ Տավուշում 4 ուղղությամբ տեղի ունեցող սահմանազատման աշխատանքների 50 տոկոսից ավելին արդեն ավարտված է։ Սակայն, այստեղ կա մի նրբություն, որի շուրջ տարակուսանք առաջացավ արդեն Արդարադատության նախարարության երկու օր առաջ տարածած հայտարարության պատճառով։ Նախարարությունն անդրադարձել էր Տավուշում տեղի ունեցող սահմանազատմանն առնչվող 5 թեզի, որոնք համարում է հանրությանը մոլորեցնող։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է՝ «4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը»։

Այս ձևակերպումը խնդրահարույց է համարում Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում։ Այսինքն՝ եկեք մի հատ սահմանազատենք, հետո վաղը չէ մյուս օրը գանք մի հատ էլ սահմանազատենք, հետո էն մյուս օրը, երբ անձրև գա, գանք մի քիչ էլ այս կողմ սահմանազատենք։ Այսօր այս սահմանը գծենք, վաղը ուրիշ, հա՞։ Սահմանազատումը գուլպա չէ, որ ամեն առավոտ պետք է փոխվի»։

Խորհրդարանական մեծամասնության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի համարում, որ Արդարադատության նախարարության հայտարարության նշված հատվածը անտրամաբանական է և հետագայում կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Թեև պատգամավորի և նախարարության ասածներում կա որոշակի անհամապատասխանություն։

Ամեն դեպքում Հովհաննիսյանը նշում է՝ սահմանազատման հետագա աշխատանքներում վերադարձ Տավուշի 4 ուղղություններին հնարավոր է միայն մի դեպքում․

 «Հնարավոր է իրավական տեսանկյունից լինի դրա հաստատման անդրադարձ, բայց նորից անդրադառնալ գծելուն, չի կարող։ Արդարադատության նախարարության հայտարարությունը վտանգներ չի պարունակում, այն իմաստով, որ պրոցես է տեղի ունենում։ Մենք սահմանազատման գործընթացում դեռևս պետք է կանոնակարգ հաստատենք, գործընթացներ ունենք իրականացնելու և վերջնական սահմանազատման երբ հասնենք, դրա մասին, բնականաբար, կհայտարարվի։ Փուլ-փուլ մենք հայտարարում ենք։ Պրոցեսի մեջ ենք, կարծում եմ, սրա մասին է եղել հայտարարությունը։ Մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Ալմա Աթան։ Եվ դրանից բխեցնելով որևէ մեկը չի կարող գա ասի ես ուզում եմ կամ պետք է այսպես անցնի սահմանը, կամ ուժի կիրառմամբ փորձեն անցկացնել։ Կա սկզբունք, որ Խորհրդային Միության սահմանները, դառնում են սահմաններ։ Վերջ»։

Արդարադատության նախարարության հայտարարությունը բացահայտում է մեկ այլ դրվագ ևս։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ ապրիլի 19-ի հայտարարության մեջ նշված մինչև մայիսի 15 ժամկետը, ըստ Հայաստանի արդարադատության նախարարության՝ առնչվում է նաև Տավուշի մարզում սահմանազատվող տարածքում «սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը»։

Ընդդիմության համար խնդրահարույց է նաև Արդարադատության նախարարության հայտարարությունում արված հղումը, որ սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերջին երկկողմ ստորագրված ակտը «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանի ճշգրտման մասին» 1988 թվականի արձանագրությունն է։ Այն ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին տեղակալների մակարդակով։ Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր Վլադիմիր Մովսիսյանը, արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որոնք վերաբերում էին 975 կմ սահմանի երկայնքին, հայտարարում է ընդդիմադիր պատգամավորը։

 «Քարտեզները շատ ճշգրիտ էին, 1 սմ-ում արտացոլված էր 250 մետր։ Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված արձանագրության 6-րդ կետը նշում է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծությամբ տարածք։ Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները։ Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում։ Միաժամանակ մեր ձեռք տակ է մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն։ Փաստորեն երկու տարի առաջ առկա փաստաթղթերն ու փաստաթղթերը այլևս գոյություն չունեն։ Ահա 2022 և 2024 թվականների այդ գրությունները, որի հետ կապված հարցումը իրականացվել է մեր խմբակցության միջոցով»։

Սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների կողմից հաստատված և օգտագործվող քարտեզների առումով իր պարզաբանումներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշում է․

 «Երկկողմ հանձնաժողովներ են, որոնք երկուսն էլ բերում են տարբեր հիմնավորումներ։ Այդ հիմնավորումներն ուսումնասիրվում են և ամենահիմնավորը, լեգիտիմ փաստաթուղթը դրվում է քարտեզի տակ։ Ամենակարևորը այստեղ այն փաստարկներն են, որոնցով Ադրբեջանը լեգիտիմ իրավունք կարող էր ունենալ Հայաստանի վրա հարձակվելու։ Այս պրոցեսից հետո այլևս չկա որևէ կետ, ես բացառում եմ, որ այլ տեղեր կան, որտեղ Ադրբեջանը հիմք կարող է ունենալ Հայաստանի վրա հարձակվելու բացի 4 գյուղերից։ Դրա համար է այդ կետից սկսվել, սա է կարևորը։ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վարդենիսի, բերքաբերի և այլ հատվածներում, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացրած հողեր կան, մենք պետք է այդ հարցերը հասցեագրենք սահմանազատման գործընթացում։ Այսինքն՝ ֆիքսե՞լ ենք Ալմա-Աթան, ուրեմն դա ավտոմատ նշանակում է, որ Ալմա-Աթան տարածվելու է նաև Ջերմուկում, և եթե Ջերմուկի մեր սահմաններն անցնում են կոնկրետ տեղով, այդտեղով էլ անցնելու են մեր սահմանները։ Ինչը մերն է՝ մերն է մնալու, ինչը մերը չէ՝ մերը չի մնալու։ Այս թեզին հակառակ, երբ ընդդիմությունն ասում է, որ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, ընդդիմությունն այդ հայտարարությամբ հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը, Գերքանունիքից տարածքներ, Սյունիքից տարածքներ»։

Մեկ այլ պարզաբանումը, որ կա Արդարադատության նախարարության հայտարարության մեջ, առնչվում է սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտին։ Ըստ նախարարության՝ գործընթացը հաստատող փաստաթուղթը պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ ԱԺ կողմից։ Այս ժամկետները փաստաթղթերից ոչ մեկում նշված չեն։

Կարդացեք նաև

Back to top button