ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի Հանրապետության նախագահին

Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։

Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնել է, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի ամրապնդմանը։ Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ այն իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր  երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները։

Իր հերթին Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նախագահն անդրադարձ է կատարել Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Այս առիթով Իրաքի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։

Վերջինս հաստատել է նաև, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։

Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն  Ամենայն Հայոց Հայրապետին հրավեր է ուղղել այցելելու Իրաք։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը։

Կարդացեք նաև

Back to top button