ԿարևորՏնտեսական

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը երբևէ այսքան մոտ չեն եղել․ ԱԺ–ն ավարտել է 2023-ի բյուջեի քննարկումը

Անվտանգային կարիքները բարելավելու համար լրջագույն խնդիրներ ունենք լուծելու՝ խորհրդարանում 2023–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր քայլերից մեկը բանակի բարեփոխման գործընթացն է, որն արդեն  սկսված է և ամեն հաջորդ ամիս թափ է ստանալու։  Ամփոփիչ ելույթում վարչապետն անդրադարձել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի գլխավոր ցուցանիշներին, արձանագրել՝ կառավարությունն առաջարկում է բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով:

Համավարակն ու պատերազմը հաղթահարելուց հետո Հայաստանի կառավարությունն առաջարկում է բյուջե, որը 75 տոկոսով ավելին է, քան 2018 թվականինը՝ խորհրդարանում արձանագրում է Հայաստանի վարչապետն ու հայտարարում՝  անվտանգային կարիքները բարելավելու համար Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի լուծելու։

Պաշտպանության ոլորտում բարեփոխումները սկսված են։ Դրանց անցում են նախատեսում պրոֆեսիոնալ բանակի։

«Մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի։ Իրականացնում ենք այդ անցումը։ Հատուկ կարևոր են այն բարեփոխումները,որոնք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում։ Այն երիտասարդները, որոնք կընտրեն ռազմական մասնագիտություն, ավարտելով կստանան նշանակում, այդ պահին նրանք բնակարան կստանան,որը նրանք ամբողջությամբ օտարելու, կիրառելու իրավունք կստանան ծառայության ժամկետը ավարտելուց հետո»։

2023 թվականին բյուջեի հատկացումների հիմնական մասը  կուղղվի անվտանգային միջավայրի բարելավմանը։ Պաշտպանության ոլորտի հատկացումները 160 մլրդ դրամով ավելի են 2022–ի հատկացումներից։ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան։ 

«1990–ականների վերջից ու 2000–ականների սկզբից, երբ Ադրբեջանը մեծացրեց  իր ռազմական ծախսերը, երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծությունը այսքան մոտ իրար չի եղել։ Սա շատ կարևոր է, որպեսզի արձանագրենք, որ բյուջեն առկա անվտանգային մարտահրավերներին ամբողջությամբ արձագանքում է։ Մեզ համար խաղաղությունը կարևոր է, բայց մենք նաև պատրաստվում ենք այդ խաղաղությանը»։ 

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, սակայն,  բավարար չի համարում ոլորտի  հատկացումները՝ հաշվի առնելով այն զինտեխնիկայի կորուստը, որը Հայաստանն ունեցավ 44–օրյա պատերազմի ժամանակ։  

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այնտեղ, որտեղ դեռ երկու տարի առաջ խորը թիկունք էր, այժմ ռազմաճակատի գիժն է, որը պետք է պատշաճ կերպով բավարարել։ Համոզված ենք, որ բավարար չէ»։

2023 թվականի համար Հայաստանի կառավարությունը թիրախավորում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Ծախսերի մեջ առաջին տեղում սոցիալական ոլորտն է, երկրորդը պաշտպանությունը։

Ընդհանուր առմամբ՝ հաջորդ տարվա բյուջետային ծրագրերի առանցքում  անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումն է՝ խորհրդարանում հայտարարեց  ֆինանսների նախարարը։  Տիգրան Խաչատրյանի խոսքով՝  հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա ֆինանսական փաստաթուղթն է:

«Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում»։

Բյուջեի եկամուտները հաջորդ տարի  կազմելու են  2 տրիլիոն 300 մլրդ, ծախսերը 2 տրիլիոն  590 մլրդ դրամ։ Կառավարությունը որոշել է հաջորդ տարվա  ընթացքում 21․9 տոկոսով կրճատել ընթացիկ ծախսերը։ Փոխարենը կաճեն  կապիտալ ծախսերը։ Սա կարևորում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման. այն կկազմի շուրջ 49.7 տոկոս»։

Հաջորդ տարի  272 մլրդ դրամ  կամ  ծախսերի  10․5 տոկոսը կուղղվի արտաքին վարկի  տոկոսավճարներին։ Ֆինանսների նախարարը արձանագրում է՝  միջազգային ֆինանսական շուկաներում նույնպես  տոկոսադրույքները բարձրանում են։ Հայաստանի պարտքի 18 տոկոսը լողացող տոկոսադրույքով է, ուստի դրանց բարձրացումից ավելանում են նաև տոկոսների համար վճարվող գումարները։  Հաջորդ տարվա համար գործադիրը  4+-1․5 տոկոս գնաճ է կանխատեսում՝ արձանագրելով՝ գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս։ Տիգրան Խաչատրյանը կարևորում է ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման քաղաքականության շարունակականությունը։

«Նշված քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական հատվածին առաջարկվող  ֆինանսական ռեսուրսները, և դրանք հասանելի կմնան հատկապես այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել ավելացող ֆինանսական ծախսերը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռիսկեր է տեսնում բյուջեի կատարման հետ կապված․ խոսում  է լոգիստիկ խնդիրների մասին՝ մատնանշելով Լարսի անցակետում բեռնատարների կուտակումը։ Այստեղ, ըստ նրա, քաղաքական խնդիրներ չկան։ Այս պահին 1600 բեռնատար է սպասում՝ ասում է նախարարը, վստահեցնելով, որ ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը շահագրգռված չեն, որ բեռները տեղ չհասնեն։

«Անվտանգային ռիսկն է, մենք սեպտեմբերին տեսանք, թե մեր բարձր տնտեսական աճին ոնց խանգարեց։  Բարձր տնտեսական աճին  խոչընդոտող գլխավոր  ռիսկը   աշխատուժի պակասն  է բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն»։

Ու չնայած ռիսկերին ու աշխարհաքաղաքական զարգացումներին միջազգային որևէ  կազմակերպություն Հայաստանի  սուվերեն վարկանիշը չի իջեցրել՝ հիշեցնում է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խորհրդարանական այս քննարկումից հետո  հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կվերադառնա կառավարություն՝  պատգամավորների  առաջարկները քննարկելու համար։ Դրանից հետո միայն կքվեարկվի Ազգային ժողովում։ 

Կարդացեք նաև

Back to top button