
Աշխարհի 5 երկրի 9 քաղաք ու ավելի քան 300 հազար ուղևոր․ FLYONE ARMENIA-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ 2022-ի 10 ամիսների ընթացքում հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր՝ այդ թվում ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։ FLYONE ARMENIA ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասում է՝ առաջիկայում գերխնդիր է ուղևորների թիվը տարեկան հասցնել մինչև1 միլիոն։
«2003թ․–ից մինչև այսօր որևէ հայկական ավիաընկերություն չի կարողացել հաղթահարել մրցակցությունը և առաջատար դիրք զբաղեցնել։ Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ ուղևորները հենց մեզ են վստահում ու ճամփորդում են հայկական ավիաընկերության հետ»,– ասում է Արամ Անանյանը։
Սկզբում միայն Երևանից դեպի Լիոն, հետո արդեն դեպի Ռուսաստան, Մերձավոր Արևելք ու եվրոպական երկրներ։ FLYONE ARMENIA–ն այսօր օրական սպասարկում է շուրջ 2000 ուղևորի։ Ընկերության խորհրդի նախագահը հպարտությամբ արձանագրում է նաև, որ հայկական ավիաընկերությունների ցանկում FLYONE ARMENIA-ն նաև ամենախոշոր հարկատուն է։
«Չվերթեր ենք իրականացնում դեպի Քիշնև (շաբաթական 14 չվերթ), դեպի Թիբլիսի, Ստամբուլ։ Մոտ ապագայում հուսով ենք ընդլայնել մերձարևելյան աշխարհագրությունը` մեր քարտեզին միացնելով Թեհրանը, հետո վերսկսել նաև դեպի Բեյրութ չվերթերը, իսկ դեկտեմբերին արդեն, նախատեսվածի համաձայն, կմեկնարկենք դեպի Միլան չվերթերը: Մյուս նպատակը Հյուսիսային Կովկասի ուղղությունն է՝ Երևան – ՄինՎոդի – Երևան կանոնավոր չվերթերով»,– մանրամասնում է ընկերության տնօրենը։
Հայկական ազգային ավիափոխադրողը նաև Հայաստան է վերադարձրել ավիացիայի ոլորտի հայազգի մասնագետներին։ Արամ Անանյանն ասում է՝ այսօր արդեն թռիչքներն իրականացնում են հայազգի օդաչուները, ավիաընկերությունն էլ հայերենով ողջունում է ուղևորներին ու բարի թռիչք մաղթում։
«Այսօր մենք իսկապես կարիք ունենք բարձրորակ բորտուղեկցորդների, ավիացիոն մասնագետների և պարբերաբար համալրում ենք այդ հաստիքները։ Ավիացիոն կարողությունների մեր զարգացմանը զուգահեռ այդ պահանջարկը միայն ավելանալու է»։
Ընկերությունն այսօր չվերթերն իրականացնում է Airbus ընկերության 3 ինքնաթիռներով․ նոր ուղղությունների ավելացմանը զուգահեռ քննարկում են նաև նոր ինքնաթիռներ ձեռք բերելու հարցը։ Անանյանն ասում է՝ ընկերության նպատակը մատչելի ու հասանելի ծառայություններ մատուցելն ու հայ սպառողի համար հնարավորինս կայուն գնառաջարկ ստեղծելն է։
«Վերջերս ներկա աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ անսպասելի մեծ պահանջարկ ձևավորվեց ավիատոմսերի շուկայում, և գնային տատանումները անկանխատեսելիորեն մեծ էին։ Այս պահին կարծես թե իրավիճակը, նաև պահանջարկ–առաջարկ բալանսը կայունացել է, և գները վերադարձել են իրենց բնականոն ցուցանիշերին։ Մենք՝ որպես հայկական ավիաընկերություն, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի լրացուցիչ չվերթեր գործարկելով՝ կարողանանք դրականորեն ազդել գնագոյացման վրա»,– ասում է Արամ Անանյանը։
Մոսկվայի երկու օդանավակայան, Սանկտ Պետերբուրգ ու Սոչի․ հենց ռուսական ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն հոկտեմբերի 19-ից Ռուսաստանի 3 քաղաքներին կավելացնի նաև նոր՝ դեպի Եկատերինբուրգ ուղղությունը։







