Հասարակություն

Ավտոբուս բարձրանալն այլևս այսքան դժվար չի լինի

Հանրային տրանսպորտը պետք է ամբողջովին հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց․առաջարկն ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանինն է՝  ներկայացված օրենսդրական նախաձեռնության տեսքով։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Չնայած Երևանի քաղաքապետարանը դեռ 2019-ից ձեռք է բերում բացառապես հարմարեցված փոխադրամիջոցներ, սակայն կա նաև խնդրի մյուս կողմը՝ վարորդը կարող է առաջնորդվել իր հայեցողությամբ ու խոչընդոտել հաշմանդամություն ունեցողի երթևեկությանը։ Նոր օրենսդրական նախաձեռնությունը այս խնդրին ևս իրավական կարգավորում է տալիս, սակայն որքանո՞վ է հնարավոր այն գործնականում վերահսկել։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Այսուհետ ձեռք բերվող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանինն է։ Հեղինակը վստահ է՝ գործող կարգավորումը բոլոր մարդկանց չի տալիս իրենց տեղաշարժի իրավունքը իրացնելու հնարավորություն։

«Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին մասնակցող կազմակերպությունների առաջարկած տրանսպորտային միջոցների առնվազն 10%-ը պետք է լինեն մատչելի։ Այս պայմանը, սակայն, չի բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և 2021-ին ընդունված՝ «Հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջից», –ասում է պատգամավորը։

Բաթոյանի խոսքով՝ տարիներ շարունակ բարեփոխումների և ներդրումային ծրագրերի ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները անտեսվել են և ոչ ֆորմալ կերպով նրանց ասվել է՝ սպասեք, մինչև մեծամասնության խնդիրները կլուծենք և ձեր հերթը կհասնի։ Այնինչ Հայաստանում չկան առաջնային և երկրորդական քաղաքացիներ, և տրանսպորտային խնդրի լուծումը պետք է լինի բոլորի համար հավասար և համաժամանակ։

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն այլ  պահանջներ ևս ունի, օրինակ՝բոլոր փոխադրումնրերից օգտվելիս հաշմանդամություն ունեցող ուղևորն իրավունք ունի ծանրոցից և ուղեբեռից բացի իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ և/կամ դրանց մաս կազմող սարքավորումներ, ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին և այլն։

Այն, ինչ փոխվելու է

  • Ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
  • Ավտովարորդները պարտավոր են աջակցելու հաշմանդամություն ունեցող ուղևորներին (ներառյալ ֆիզիկական աջակցությունը և տեղեկատվության տրամադրումը)՝ օգտվելու ուղևորափոխադրման ընթացքում օրենքով սահմանված իրենց իրավունքներից:
  • Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին։
  • Բոլոր փոխադրումնրերից օգտվելիս հաշմանդամություն ունեցող ուղևորն իրավունք ունի ծանրոցից և ուղեբեռից բացի իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ և/կամ դրանց մաս կազմող սարքավորւմներ:
  • Սպասարկման իրավունքից կզրկվեն այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնք չեն ունենա
    • Երթուղին արտահայտող ցուցատախտակով,
    • երթուղու սխեմայով,
    • սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով,
    • ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին և ներքին կահավորում։

«Սա նաև կանխարգելում է շատ խնդիրներ երբ մարդն իմանա իր իրավունքները, իմանա, որ օրենքով պաշտպանված է, և իր իրավունքի իրացման համար այս կամ այն անձը, օրինակ, վարորդը պատասխանատու է, շատ ավելի համարձակ ու պահանջատեր կլինի։ Կլինի ոչ թե խնդրողի, կամ անհարմար զգացող մեկի դերում, ոչ թե կմտածի՝ խնդրի՞, թե՞ ոչ, տնից դուրս գա՞, թե՞ ոչ, այլ կիմանա, որ ինքը՝ իրավունք, վարորդը՝ պարտավորություն ունի, ուստի շատ ավելի ինքնավստահ և արժանապատաիվ կերպով կիրացնի իր տեղափոխման իրավունքը»,- ասում է Զարուհի Բաթոյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելով մի կարևոր խնդիր ևս հնարավոր է լուծել․ վարորդը վերջապես կիմանա, որ ինքը շատ կարևոր մարդ է հաշմանդամություն ունեցողի կյանքում։ Նրա շնորհիվ է անձն իր հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորություն ստանում՝ գնում կրթություն ստանալու, աշխատանքի, առողջապահական ծառայություններից օգտվելու կամ մշակութային կյանքին ներգրավվելու։

Վարորդը՝ որոշո՞ղ, թե՞ կատարող

Զարուհի Բաթոյանն իր առաջարկած նախագծում հատուկ կետ է ներառել, որով վարորդները պարտավոր են աջակցել հաշմանդամություն ունեցող ուղևորներին՝ օգտվելու ուղևորափոխադրման ընթացքում օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

«Նույնիսկ Երևանում, ուր ունենք որոշ քանակով մատչելի տրանսպորտ, հաճախ լսում ենք, որ վարորդները անբարեխիղճ են իրենց ծառայությունները մատուցելու ընթացքում, օրինակ՝ չեն բացում թեքահարթակները, չեն աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Վարորդներն, իհարկե, ունեն ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձնաց սպասարկելու պարտավորություն։ Բայց եթե խնդիրը կա, պետք է կարգավորվի նաև օրենքով»։

Բաթոյանի կարծիքով՝ վարորդների աշխատանքային պայմանագրերում պետք է հստակ ամրագրվեն հաշմանդամություն ունեցողներին սպասարկելիս ունեցած պարտավորությունները։ Հույս ունի, որ օրենքի պահանջը մշակութային, վարվեցողության ու վերաբերմունքի փոփոխություններ կբերի։

Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը վստահեցնում է՝ հաշմանդամություն ունեցողներին ոչ պատշաճ սպասարկող վարորդներն անպատիժ չեն մնա։

«Ես մի դեպք հիշեցի, երբ քաղաքացին բողոքել էր՝ հաշմանդամություն ունեցող երեխային փոխադրելու հետ կապված վարորդը խնդիր էր առաջացրել։ Այդ վարորդը շատ խիստ նկատողություն ստացավ։ Եթե հաշմանդամություն ունեցող անձի՝ տրանսպորտից օգտվելու համար պահանջվում է նույնիսկ 5 րոպե էլ ավել կանգնել, ուրեմն պետք է այդպես արվի։ Այդ դեպքից հետո դեռ բողոքներ չենք ստացել, բայց եթե կրկնվի, վարորդը կարող է ազատվել աշխատանքից»։

Երևանն օրենքից առաջ է ընկել

Քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ դեռ 2019-ից, երբ համայնքը սկսել է նոր ավտոբուսներ ձեռք բերել, հարմարության խնդիրը առաջնահերթությունների մեջ է եղել։ 2019-ից մինչև օրս քաղաքը 311 փոքր և միջին դասի ավտոբուս է ձեռք բերել։ Բոլորի համար առաջնային պայման է եղել հարմարեցված լինելը։ Նոր մրցույթներ, արդեն կնքված պայմանագրեր ևս կան․ ձեռք բերվող բոլոր փոխադրամիջոցները, այդ թվում՝ նոր 15 տրոլեյբուսները, մատչելի կլինեն։

«2019 թվականից ձեռք է բերվել 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս։ Այժմ կնքված է 87 հատ 12 մետրանոց բարձր դասի ավտոբուս ձեռք բերելու պայմանագիր, որոնք, եթե աշխարհում զարգացումները բարեհաջող ընթանան, կունենանք մինչև տարեվերջ։ Այս պահին նաև ևս 150 միջին դասի ավտոբուս ձեռք բերելու մրցույթ է հայտարարված։ Բոլորի տեխնիկական բնութագրում նշված է, որ պետք է մատչելի լինեն»,– ասում է Հայկ Սարգսյանը։

Մինչ նոր ավտոբուսներով համալրվելը Երևանի ավտոբուսի պարկում 249 շարժակազմ կար։ Դրանց 10 տոկոսը՝ 25-ը հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այժմ 249-ից որոշներն անսարքության պատճառով երթուղի դուրս չեն գալիս։ Հայտնի չէ՝ անսարք փոխադրամիջոցների մեջ կան արդյո՞ք մատչելիները, թե՞ ոչ, և եթե կան, ապա քանի՞սն են։ Սակայն միջինացված տվյալներով այսօր Երևանի ավտոբուսի պարկից երթուղի է դուրս գալիս 311-336 հարմարեցված ավտովբուս։

Ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունների մատչելի ավտոբուսների քանակը հստակ չէ։

Ժամկետանց տրանսպորտ․ որ քաղաքը կոլապսի չմատնվի

Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների անխափան իրականացմամբ պայմանավորված չզեկուցվող ընթացակարգով ընդունեց մի որոշում, որով շահագործման ժամկետը լրացած և պարտադիր փոխարինման ենթակա փոխադրամիջոցները ևս 3 տարի շահագործվելու թույլտվություն ստացան։

Որոշման հիմնավորման մեջ ասվում էր․

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումների համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022թ-ի հունիսի 1-ից արգելվում է, և դրանք ենթակա են պարտադիր փոխարինման:

Ըստ այդմ՝ նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված

  • 2011թ-ի թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ),
  • 2010-2011թթ-ի թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ),
  • 2005-2009թթ-ի թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ),
  • ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ-ի թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ-ի հունվարի 1-ից):

Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին:

Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ ոչ մատչելի փոխադրամիջոցների շահագործման ժամկետը 2025 թվականին լրանալու է։ Եվ քանի որ նոր փոխադրամիջոցները հարմարեցված են, ապա ենթադրվում է, որ 3 տարի անց Երևանում հաշմանդամություն ունեցողները տրանսպորտից օգտվելու խնդիր չեն ունենա։

Կարդացեք նաև

Back to top button