ԿարևորՀասարակություն

Ամանորյա տոներին Արցախի առողջապահական համակարգն աշխատել է ուժեղացված ռեժիմով

ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) և կորոնավիրուսային հիվանդության (COVD-19)-ի նկատմամբ համաճարակաբանական և լաբորատոր հսկողություն:

Տոնական օրերին շտապ բժշկական օգնության ծառայության կողմից  սպասարկվել  է  765 կանչ,  որից 590-ը՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի, 171-ը՝ շրջանային բուժմիավորումների կողմից:

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է  1814 դեպք, որից մինչև 18 տարեկան` 1584  (87%) դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 142 անձ, որից մինչև 18 տարեկան`109-ը:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 124 անձ, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 488 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 121-ը: Կենտրոնում կատարվել է 19 անհետաձգելի վիրահատություն:

Տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել  է 50 երեխա,  որից  30-ը՝  իգական,  20-ը՝  արական սեռի: Կատարվել է 25 վիրահատություն, որից 22-ը` կեսարյան հատում, 3-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն:

«Արևիկ»  բուժմիավորումում կատարվել է 5 վիրահատություն:

 Կորոնավիրուսային հիվանդության (COVD-19)- հայտնաբերման նպատակով Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում իրականացվել է 321 քաղաքացու հետազոտություն, որից 27-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին բուժհաստատություններում գործել  են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները: Դեկտեմբերի 31-ից հունվարի 9-ը Արցախում կատարվել է 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 25 անձ, երկրորդ դեղաչափ` 297 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը) և 3 անձ՝ երրորդ դեղաչափ:

Կարդացեք նաև

Back to top button