
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում։ Անկախ ակադեմիական հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու մասնագիտական գիտելիքի և ակադեմիական մակարդակում։ Արդեն 25 հուշարձանի մասին տեղեկությունները հասանելի են ընթերցողներին։
Արցախի մշակութային ժառանգությունն ակադեմիական մակարդակով աշխարհին ներկայացնելու կարիք կա,- արվեստաբանության դոկտոր Աննա Լեյլոյանն ու հնագետ Համլետ Պետրոսյանը այս եզրահանգմանն են եկել 44–օրյա պատերազմից հետո։ Գաղափարը կյանքի կոչելու համար համախմբվել են հնագետ ու ճարտարապետ, մշակութաբան ու հայագետ, մեդիա և ինտերնետ մասնագետներ, թարգմանիչներ: Արդյունքում ստեղծվել է monumentwatch.org եռալեզու կայքը: Այստեղ կարելի է գտնելն Արցախի մշակութային ժառանգության գիտական ուսումնասիրություններ։ Համլետ Պետրոսյանն ասում է՝ ակադեմիական նյութերը կայքում ներկայացված են առանց պաթոսի, առանց ազգայնական երանգավորման.
«Դա զուտ գիտական հարթակ է, որը հնարավորություն պետք է դառնա այն հետազոտողների ու կազմակերպությունների համար, որոնք առաջին հերթին ուզում են ունենալ ճշգրիտ, աուտենտիկ ինֆորմացիա: Հենց նրանք պետք է օգտվեն կայքից»։
Մասնագիտական խումբը, արդեն երեք ամիս, հավաքագրում և ներբեռնում է անհրաժեշտ նյութերը: Կա հստակ առաքելություն՝ դիտարկել Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ, արձանագրել հուշարձաններն ավերելու, ձևափոխելու, քանդակների ու պատկերների գրությունները ջնջելու, նոր սիմվոլներ կիրառելու բոլոր դեպքերը: Հետո պետք է ներկայացվեն դրանց հայկականությունը փաստող ուսումնասիրություններ:
Հնագետը մանրամասնում է.

«Դա վերաբերում է այն հուշարձաններին, որոնք մենք մանրամասն ներկայացնում ենք, դա վերաբերում է Արցախի ամբողջ սահմանի երկարությամբ գտնվող մշտադիտարկմանը և դա վերաբերում է մեդիային, որտեղ համարյա ամեն օր որևէ մի նորություն, որևէ մի նոր լուր է հայտնվում հուշարձանների հետ կապված»։
Հայկական կողմի վերհասկողությունից դուրս մնացած հուշարձանների վիճակի մասին տեղեկություններ հավաքագրելու հիմնական աղբյուր սոցիալական կայքերում տեղադրվող տեսանյութերն են, հակառակորդի պետական ու պաշտոնական հայտարարությունները: Մասնագիտական խումբը համագործակցում է նաև միջազգային Caucasus heritage watch կազմակերպության հետ՝ տիեզերական արբանյակների նկարներով հետևելով իրավիճակին.
«Այսինքն, մեր հիմնական գործը նախևառաջ տեղում հավաքված նյութն ու ադրբեջանական մեդիան է: Մենք համագործակցում ենք այդ կազմակերպության հետ, միասին կազմում ենք տարբեր տիեզերական լուսանկարներով տեղի ունեցած փոփոխությունների կոնկրետ նկարագիրը և ներկայացնում ենք»,-ասում է Համլետ Պետրոսյանը։
Քանի՞ հայկական հուշարձան է ադրբեջանական կողմը վնասել կամ ավերել. հարցի պատասխանը դեռ չկա: Հարթակի հիմնադիրներից Աննա Լեյլոյանն ասում է, որ կայքում կան տեղեկություններ 9 հուշարձանների մասին, որոնց հայկականությունը թշնամին հերքում է: Ներկայացված է նաև ոչնչացված որոշ արժեքների վերաբերող ինֆորմացիա.
«Դուք կարող եք քարտեզի վրա ուղղակիորեն գտնել հուշարձանը, որը ձեզ հետաքրքրում է, և սեղմելով վրան՝ ծանոթանալ գիտական հետազոտության արդյունքներին»։
Աշխատանքներին մասնակցում է նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միասին կազմել են զավթված կամ չեզոք սահմանային գոտում գտնվող հուշարձանների ցանկը, հուշարձանների նախնական նկարագիրը։ Մինչև տարեվերջ հանրությանը հասանելի կլինեն գիտական ուսումնասիրություններ՝ 150-ից 200 հուշարձանների վերաբերյալ:




